HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզում գործազուրկների թիվը տարեցտարի նվազում է

Մարիամ Խալաթյան

Պետությունը խրախուսում է աշխատելու ցանկություն ունեցող գործազուրկներին

Վերջին հինգ տարիների ցուցանիշերով Շիրակի մարզում գործազուրկների թիվը տարեցտարի նվազել է: Պատասխանատուները պատճառներից մեկը համարում են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի, եթե վեց ամսից ավել գործազուրկը չի ներկայանում զբաղվածության տարածքային կենտրոն, ապա մեխանիկորեն դուրս է մնում հաշվառումից: Զբաղվածության պետական ծառայութուն գործակալության Շիրակի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը գործազուրկների թվի նվազումը կապում է նաեւ նրանց աշխատանքի տեղավորման ցուցանիշի աճի հետ: Շիրակի մարզում ներկայում հաշվառված է 22,7 հազար գործազուրկ, նրանցից մինչեւ 18 տարեկան՝ 17 մարդ է հաշվառված, իսկ ամենամեծ թիվը 35-54 տարեկաններն են՝ 29%: Գործազուրկների 67%-ը կանայք են:

Հունվարի 1-ից գործածությունից դուրս եկավ գործազրկության նպաստների համակարգը: «Նպատակը մեկն էր՝ միջոցները ծախսել այն գործազուրկների համար, ովքեր ավելի են միտված աշխատելու,- բացատրում է Ամալյա Ադամյանը: Նրա ասելով նպաստը որոշ խնդիրներ լուծում էր, բայց ավելի ճիշտ քաղաքականություն է, եթե դրա փոխարեն կարող են մարդուն ավելի լուրջ ծրագրեր տրամադրել:

Փորձագետների ուսումնասիրությունները պարզել են, որ 3 գործազուրկներից 2-ը պոտենցիալ աղքատ են: Շիրակի մարզը հանրապետությունում աղքատության ցուցանիշով զբաղեցնում է վերին հորիզոնականները՝ 46%:

2013թ.-ին 168 մարդու համար Գյումրիում իրականացվել է մասնագիտական ուսուցման ծրագիր, որպեսզի մարդը կարողանա աշխատել այլ ոլորտում՝ անկախ իր ստացած մասնագիտական բարձրագույն կրթությունից:

«Զբաղվածության ծառայությունը, եթե մարդուն անմրցունակ է ճանաչում, որոշակի ծրագրերում ունենում է արտոնություններ: Չափանիշն այն է, որ ունենա հաշմանդամության խումբ, երկար ժամանակ մնացած լինի գործազուրկի կարգավիճակում, ունենա անչափահաս երեխաներ եւ այլն: Նրանք աշխատաշուկայում անմրցունակ են, եւ դրա համար պետությունն ավելի շատ է աշխատանքի տեղավորման աջակցություն տրամադրում նրանց»,- ներկայացնում է Ամալյա Ադամյանը:

Ներկայում Գյումրիում 35 գործատու 151 թափուր աշխատատեղ ունի: Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ պետությունը ծառայության միջոցով, ամեն կերպ աջակցում է աշխատանք փնտրողներին: Այլ բնակավայր աշխատանքի տեղավորվելու դեպքում պետությունն աջակցում է մարդուն՝ երկու տարի վճարելով նրա կեցության ծախսը մոտ 45.000 դրամ: Անցյալ տարի այս ծրագրից Գյումրիում օգտվել է 7 մարդ, որից երեքը մեկնել են այլ վայր, չորսը եկել են Գյումրի: Ոլորտի աշխատակիցները սա համարում են լավ քայլ՝ ներքին միգրացիան կարգավորելու համար:

Հունվարի 1-ից պետությունը մինչեւ 500.000 դրամ է տրամադրում հաշմանդամի համար աշխատավայրի պայմանների հարմարեցման նպատակով: Ինչպես նաեւ գործատուին փոխանցվում է 250 հազար դրամ, եթե նա հաշմանդամին վերցնում է աշխատանքի: Լուծվում է նաեւ գործատուների այն պահանջը, որ աշխատողը պետք է լինի շատ երիտասարդ, բայց ունենա աշխատանքային փորձ: Ուստի, պետությունը տալիս է աշխատողի աշխատավարձը նվազագույնի չափով, տրամադրում է եկամտային վճարը, փոխարենը աշխատակիցը երեք ամիս աշխատանքային պրակտիկա է անցնում գործատուի մոտ, ստանում աշխատավարձ, իսկ գործատուն դրա համար գումար չի ծախսում: Ինչպես նաեւ պետությունը 20% հավելավճար է վճարում այն մարդուն, ով իր փորձը փոխանցում է պրակտիկանտին: Շարունակվում է նաեւ գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրը:

«Նախկինում մենք գործազուրկներին կամ հաշմանդամներին, ովքեր ուզում էին ձեռնարկատիրությամբ զբաղվել, փոխհատուցում էինք միայն պետական գրանցման գումարը՝ մոտ 3000 դրամ: Գումարները ծախսվում էին եւ այնքան էլ արդյունավետ չէր: Հիմա պետությունն զգաց, որ գործազուրկին լուրջ աջակցություն է պետք»,- ասում է Ամալյա Ադամյանը: Հունվարի 1-ից այս ծրագիրը նորովի է ներդրվել, պետությունը փոխհատուցում է գործազուրկին մինչեւ 1 մլն դրամ, ով որոշում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Գործազուրկը բիզնես վերապատրաստում է անցնելու ՓՄՁ/ԶԱԿ-ում, որից հետո ներկայացնելու է բիզնես-ծրագիր, որը հավանության արժանանալու դեպքում պետությունը տրամադրելու է նրա վերցրած մեկ աշխատուժի աշխատավարձի մասնիկ՝ 25% եւ իր հիմնական միջոցների 50%-ը»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նման ծրագրերը կարեւոր է համարում ու նշում.  «2009թ. ճգնաժամից հետո ամենամեծ խնդիրը դարձավ գործազրկությունը: Կապիտալիզմն ասում է՝ գործազրկության որոշակի մակարդակն անհրաժեշտություն է, որպեսզի մրցակցություն լինի, որակի բարձրացում եւ այլն: Իսկ սոցիալիզմը հակառակն էր ասում՝ գործազուրկ մարդը հակահասարակական երեւույթ է: Մարդը, եթե չէր աշխատում, ուրեմն՝ ուրիշի հաշվին էր ապրում: Կապիտալիզմի գաղափարախոսության  մեջ էլ՝ եթե մարդը չի աշխատում, ստիպում է, որ աշխատողն ավելի արդյունավետ աշխատի: Հենց այս վերջին գաղափարի զարգացումն է, որ պետությունն օգնում է մարդուն աշխատանքի հարցում»:

Սակայն առաջարկվող ծրագրերով հանդերձ շարունակվում է պահպանվել երիտասարդության զբաղվածության ցածր մակարդակը գյուղերում: Գյուղական բնակչության թերզբաղվածությունը Ամալյա Ադամյանը լուրջ խնդիր է համարում ու նշում, որ սա հենց արտագաղթի պատճաներից մեկն է:

Նրա փոխանցմամբ` պետությունն այս ուղղությամբ էլ է քայլեր կատարում: «Շատ հետաքրքիր ծրագիր է հիմա ներդրվում սեզոնային զբաղվածության համար՝ հատկապես գյուղատնտեսական հողօգտագործողների շրջանում: Հողօգտագործողը, առավելաապես սոցիալապես անապահով ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամները, եթե հաշվառվում են զբաղվածության ծառայությունում, ծրագիր է կազմվում նրանց հողօգտագործման վերաբերյալ եւ մեկ անձի համար տրամադրում ենք օրական 4000 դրամ գումար, ինչպես նաեւ լրացուցիչ, եթե ծրագրում ընդգրկվում են այլ վարձու աշխատողներ»,- ասում է Զբաղվածության Շիրակի կենտրոնի տնօրենը: Այսինքն, պետությունը նրանց ֆինանսական աջակցություն է տալիս մինչեւ 300.000 դրամի չափով: Այս դեպքում ընտանիքը պետք է հաշվառված լինի Ընտանեկան նպաստի համակարգում, ունենա 2 եւ ավել անչափահաս երեխա: Սա կոչվում է սեզոնային զբաղվածության ծրագիր, որը ներդրվել է այս տարվանից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter