
Վրաստանի արդարադատության նախարարը չի շտապում ստորագրել Սուքիասյանի արտահանձման որոշումը
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին չի շտապում ստորագրել գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձնման որոշում: «Հետքի» հետ զրույցում Վրաստանի արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիան Մսխիլաձեն հայտնեց, որ նախարարը դեռևս ժամանակ ունի, և դեռ չի լրացել այն ժամկետը, որի ընթացքում նախարարը պետք է ստորագրի Աշոտ Սուքիասյանի արտահանձման որոշումը:
«Նախարարն ասաց, որ ինքը դեռևս ժամանակ ունի և չի շտապում, և ոչ ոք այդ գործընթացը չի արագացնում»,- ասաց մամլո խոսնակը և նշեց, որ հայտնի չէ, թե երբ կստորագրվի կամ կստորագրվի նախարարը այդ որոշումը, թե ոչ:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թուրքիայից Թբիլիսիի ժամանելիս:
Ապրիլի 15-ին Թբիլիսիի կենտրոնական դատարանը Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու որոշում էր կայացրել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել