
Ուսուցչուհին ահազանգում է դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի մասին
Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին
Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի գերմաներեն լեզվի ուսուցչուհի եմ և ահազանգում եմ դպրոցում տիրող հակամանկավարժական իրավիճակի մասին: Ամենաթողության, վախի, տգիտության, սպառնալիքի մթնոլորտ է: Տնօրինությունը իրեն առնվազն անվայելուչ ու անհարգալից է պահում ուսուցչական կազմի հանդեպ, խանգարում աշխատանքային պրոցեսին, խոչընդոտում դասավանդման նորագույն մեթոդների ներմուծմանը, ուսուցիչներին հասցնում հոգեբանական և նյարդային գերլարված վիճակի, ապա, աշխատանքից հեռացման սպառնալիքով, շարունակում անառողջ և ոչ մասնագիտական մթնոլորտում նրանց հանդեպ բարոյահոգեբանական բռնությունները:
Չէի դիմի ձեզ, եթե գործը չհասներ ամենաանթույլատրելիին. տնօրենն իր սադրանքներին մասնակից է դարձնում նաև աշակերտներին՝ խրախուսելով նրանց կողմից զրպարտանքն ուսուցչի հանդեպ, ամբարտավանությունն ու անթույլատրելի անհարգալից վարքագիծը: Դեռևս չձևավորված անհատականություններին ապադաստիարակելը հանցանքից էլ վատ եմ համարում և պատժելի: Ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը: Դպրոցում աշխատում եմ երեսունյոթ տարի՝ գիտելիքներս ու փորձս ծառայեցնելով մատաղ սերնդի դաստիարակության կարևորագույն գործին: Բոլոր տնօրենների հետ աշխատել ենք խաղաղ մթնոլորտում, մշտապես եղել եմ սիրված ու հարգված աշակերտների կողմից: Դպրոցական բազմաթիվ միջոցառումների հեղինակ եմ: Դպրոց եմ բերել Գերմանական դպրոցների հետ բարեկամության ծրագիր, որն ակներև արդյունքներով ղեկավարում եմ արդեն վեց տարի՝ Սևանի դպրոցականներին տանելով Գերմանիա և հյուրընկալելով գերմանացի դպրոցականներին՝ փոխադարձաբար ծանոթացնելով նրանց երկու ազգերի մշակութային և ազգային առանձնահատկություններին:
Իմ հրավերով մեր դպրոցում են եղել Գերմանիայի լիազոր դեսպանը և փոխդեսպանը՝ նվիրատվություն անելով մեծ քանակությամբ գեղարվեստական և ուսումնական գրականություն: Ինքս բազմիցս վերապատրաստվել եմ Գերմանիայում (Դյուսելդորֆ, Մայնի ֆրանկֆուրտ, Մակդեբուրգ): Հայաստանում բազմիցս մասնակցել եմ Գյոթե ինստիտուտի կազմակերպած տարբեր վերապատրաստման ծրագրերի: Հայաստանից մրցույթով ընտրված միակ ուսուցիչն եմ, որ Վրաստանում մասնակցել է տարածաաշրջանի երեք պետությունների համար Գյոթե ինստիտուտի կազմակերպած վերապատրաստման ծրագրին՝ «Դպրոցների վերափոխումը» թեմայով (2013թ.): 2008-ին պարգևատրվել եմ Գեղարքունիքի մարզի «Լավագույն ուսուցչուհի» պատվոգրով, 2009թ. արժանացել եմ կրթության նախարարի շնորհակալագրին, բարձր արդյունքներով ստացել եմ տնօրենների իրավունքի հավաստագիր:
Բազմամյա և բեղուն մանկավարժական փորձս ուզում եմ և պարտավոր եմ ծառայեցնել ապագա քաղաքացու դաստիարակմանը, այնինչ այսօր փաստի առաջ եմ: Տնօրենը և փոխտնօրենը ամեն տեսակ նորամուծությունից սարսափում են, խանգարում են երեխաների հետ աշխատել՝ որդեգրելով միջնադարյան խավարամտության մթնոլորտում ճիզվիտական մեթոդաբանությունը: Չեմ խոսում ներսում տեղի ունեցող անարդարությունների, խտրականությունների և անհաշտության մասին: Անձնական համակրանքից ելնելով, և ոչ` մասնագիտական, դասաժամերից և մյուս հնարավորություններից ուսուցչին զրկելու քաղաքականություն է վարվում: Ուսուցիչների հետ տնօրենի շփման միակ ձևը, այն էլ` երեխաների ներկայությամբ, բղավելն է՝ ինչպես արևելյան շուկայում:
Ի՞նչ ենք սովորեցնում աշակերտներին: Ձեր արդարամտությանն ու խոհեմությանն եմ դիմում: Խնդրում եմ, վերջ դրեք այս ամենին: Պատրաստ եմ անկախ մասնագիտական հանձնաժողովի առաջ քննություն հանձնել՝ ապավինելով մասնագիտական բարձրակարգ կարողություններիս: Բոլորին քաջ հայտնի է, որ Լիանա Մկրտչյանը հայտնվել է դպրոցի տնօրենի պաշտոնում ապօրինաբար՝ չունենալով նույնիսկ պահանջվող նվազագույն՝ հինգ տարվա մանկավարժական ստաժ:
Այսօր բոլորս վայելում ենք կառավարական հանգստյան տան տնտեսուհու տնօրեն դառնալու արդյունքները: Խնդրում եմ, հորդորում եմ՝ վերանայել այս թյուրիմացությունը: Նոր մրցույթ հայտարարել, միակ ավագ դպրոցի և տարածաշրջանում երբեմնի բարձր վարկանիշ վայելող դպրոցի հեղինակությունը վերականգնել: Ահազանգում եմ` երեխաների՝ իբրև մեր երկրին հարիր քաղաքացիների ձևավորումը վտանգված է: Ինքս չորս զավակների մայր եմ: Նրանք բժիշկներ են, մտավորականներ, և ես հպարտ եմ, որ ճիշտ դաստիարակության և բարձրակարգ կրթության շնորհիվ նրանք այսօր դարձել են ազգին ու պետությանը պիտանի քաղաքացիներ: Ես իմ սեփական երեխաների պես սրտացավ եմ նաև այս դժբախտ սերնդի համար, ովքեր խամաճիկներ են դարձել տգետ ու խավարամիտ տնօրինության ձեռքին:
Հարգանքով՝ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի գերմաներեն լեզվի ուսուցչուհի
Անահիտ Կարապետյան
Հետք - Ուսուցչուհին երեկ նամակը հանձնել է նախարարություն, որտեղ նրան խոստացել են ընթացք տալ: Հիշեցնենք, որ տարիներ առաջ մամուլն անդրադարձել էր այս դպրոցի տնօրինուհուն` նշելով, որ վերջինս ոչ միայն մանկավարժական փորձ չունի, այլև եղել է «Կապուտակ Սևան» կառավարական հանգստյան տան տնտեսուհին: Մեզ նաև հաղորդել են, որ վերջին երկու օրերին տնօրինուհին փորձում է կոծկել դպրոցում տիրող ապօրինությունները` այդպիսով փորձելով «մաքուր» երևալ նախարարության հնարավոր ստուգումների ժամանակ:
Մեկնաբանություններ (53)
Մեկնաբանել