Համայնքների խոշորացում կլինի նաեւ Շիրակի մարզում
Մարիամ Խալաթյան
Հայաստանի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը փուլ առ փուլ կյանքի է կոչվում: Այն ունենալու է երկու տարբերակ՝ ծրագրային եւ վարչական: Ծրագրայինը նախատեսում է համայնքների միավորում՝ ըստ բյուջետային արդյունավետության կառավարման եւ որեւէ ծրագրի շրջանակներում, իսկ վարչականը պարզ պայմանների առկայությամբ՝ համայնքների միջեւ հեռավորություն, բնակիչների համատեղելիություն եւ այլն:
Համայնքների խոշորացման ծրագրի համար հիմք է հանդիսացել այն, որ փոքր համայնքները չունենալով բավարար մարդկային եւ նյութական ռեսուրսներ, չեն կարողանում իրականացնել համայնքային զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրեր: Ըստ տարածքային կառավարման նախարարության` մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքներում տեղական եկամուտների հավաքագրումը ցածր է, ինչը հնարավորություն չի տալիս պահպանել եղած ենթակառուցվածքները՝ դպրոց, մանկապարտեզ եւ այլն: Հավաքված գումարներն ամբողջությամբ հատկացվում են վարչական ծախսերին: Մինչդեռ համայնքների խոշորացունը, ըստ հեղինակների, կնվազեցնի վարչական ծախսերը:
Որպես ծրագրի առավելություն նշվում է՝ խոշորացված համայնքներում ՏԻՄ-երին վերապահվելու են առավել մեծ լիազորություններ, փոքր համայնքները պարտադիր ունենալու են իրենց ներկայացուցիչը՝ ավագանու տեսքով: Խոշորացման դեպքում համայնքային կենտրոն է դառնում առավել մեծ թվով բնակչություն ունեցող, կենտրոնական դիրք ունեցող կամ տրանսպորտային հանգույց հանդիսացող բնակավայրը:
«Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի» կիրառումն սկսելու են Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերից: Խոշորացման ծրագիրը կկիրառվի նաեւ Շիրակի մարզում, որտեղ, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, բնակչության թվաքանակը շատ փոքր է: Օրինակ, Ամասիայի նախկին տարածաշրջանի 23 բնակավայրում ընդամենը 8000 բնակիչ կա: ՏԿ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը դժվարացավ նշել, թե կոնկերտ երբ է ծրագիրը մեկնարկելու Շիրակում, քանի որ դեռ ուսումնասիրություններ չկան, հաշվարկներ արված չեն:
«Շիրակում կարող ենք Ամասիայի եւ Աշոցքի նախկին տարածաշրջաններում որպես պիլոտային ծրագիր սկսել, սակայն կոնկրետ ժամկետ այս պահին չեմ կարող նշել»,- ասաց պրն Գիլոյանը: Խոշորացման արդյունքում չի տարբերակվելու քաղաքային կամ գյուղական կարգավիճակը, այլ լինելու է համայնք, որի մեջ կարող են մտնել ե'ւ քաղաքային, ե'ւ գյուղական բնակավայրեր: Որպես շրջանային մոդել Շիրակում կարող են առանձնանալ մի քանի համայնքներ: «Մարալիկը, մենք մտածում ենք կլինի Անիի շրջան, ինչպես նախկինում, Արթիկը՝ Արթիկի շրջան, եւ Ախուրյանը նույնպես, նախկին շրջանի կարգավիճակով՝ Ախուրյան կենտրոնով կարող են լինել խոշորացված համայնքներ»,- հայտնեց Աշոտ Գիլոյանը:
Այն հարցին, թե խոշորացման ծրագիրն, արդյոք, չի՞ բերի համայնքների վարչական աշխատակիցների կրճատման, ՏԻ վարչության պետը պատասխանեց. «Համայնքապետարանների կամ համայնքների խոշորացումը ենթադրում է ՏԻՄ-երի խոշորացում, կառավարման արդյունավետության բարձրացում, իրենից ենթադրում է, որ որոշակի համայնքների համայնքային ծառայողներ եւ համայնքապետեր այլեւս աշխատանք չեն ունենալու: Բայց խոշորացման արդյունքում կարող են նոր ծառայություններ առաջանալ տվյալ համայնքում, եւ այդ մարդիկ աշխատատեղ կունենան»:
Շիրակի մարզն ունի 119 համայնք, որից երեքը` քաղաքային, իսկ թե խոշորացումից հետո դրանք քանիսը կլինեն, պատասխանատուն հորդորում է սպասել:
Իրարից տարբեր, բայց աշխարհագրորեն իրար մոտ համայնքների միավորումը կբերի նաեւ ենթակառուցվածքների միավորում, այսպես ասած՝ օպտիմալացում, սակայն Ա. Գիլոյանը համակարծիք չէ այս տեսակետին: Միեւնույն ժամանակ չի ժխտում, եթե համայնքներից մեկն ունի 10 աշակերտ ու դրա համար դպրոց է պահում, ավելի լավ է այդ դպրոցի փոխարեն մեկ ավտոբուս պահել, որը երեխաներին կտեղափոխի մյուս համայնքի դպրոց:
Սակայն նմանատիպ հարցերի շուրջ որեւէ պաշտոնական մեկնաբանություն տալը պաշտոնյան վաղ է համարում, իսկ դժգոհությունները, քաշքշուկները համայնքների բնակիչների միջեւ, դեմ լինելը՝ անսպասելի չէ նրա համար: ՏԿ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետը տեղեկացրեց, որ հանրապետության բնակավայրերի մոտ կեսը՝ 48%-ն ունի 1000-ից պակաս բնակչություն, ինչը խոսում է այն մասին, որ տվյալ համայնքները ինքնուրույն զարգանալու հեռանկար չունեն:
Նախարարության ներկայացուցիչը նաեւ համաձայնեց, որ համայնքներում բնակիչների թվի նվազումը եւս դերակատարում ունի համայնքների խոշորացման անհրաժեշտության գործում, չնայած, մեր պետությունը միշտ էլ խնդիրներ է ունեցել սահմանամերձ բնակավայրերի բնակեցման հարցում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել