HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հայտարարություն

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ-ում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը ներկայացնում ենք ստորեւ. 

 «ՀՀ-ում խափանման միջոց կալանավորման կիրառման վերջին դեպքերը ևս մեկ անգամ վեր են հանում դատավորների կողմից խափանման միջոցների` մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտմամբ կիրառելու խնդիրը:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով (ՔԴՕ) սահմանվում է խափանման միջոցների, այդ թվում՝ կալանավորման կիրառման հիմքերն ու ընթացակարգը: Կալանավորումը կարող է կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, մասնավորապես՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով, կարող է կատարել օրենքով չթույլատրված քրեական արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց կամ խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը [1]: Խափանման միջոցը ընտրելիս պետք է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կասկածյալի կամ մեղադրյալի անձը, զբաղմունքի տեսակը, խնամակալների առկայությունը, բնակության մշտական վայրի առկայությունը [2]:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարբերաբար որոշում է կայացրել, որ ծանր հանցագործության մեղադրանքի առկայությունն ինքնին, բավարար չէ երկարատև կալանավորման մասին որոշումներ կայացնելու համար [3]: ՄԻԵԴ-ը միևնույն ժամանակ նշել է, որ կալանավորում կարող է կիրառվել, եթե ակնհայտ և լուրջ վտանգ կա, որ անձը կարող է փախուստի դիմել կամ նորից հանցագործություն կատարել [4]:

Կալանավորումը համարվում է ամենախիստ խափանման միջոցը և պետք է կիրառվի միայն որպես ծայրահեղ միջոց և այն դեպքերում, երբ առավել մեղմ խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և արդարադատության իրականացումը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ կալանավորումը պետք է ոչ միայն օրինական լինի, այլև՝ անհրաժեշտ և ողջամիտ տվյալ հանգամանքներում [5]:

Հայաստանում դատարանները շարունակաբար չեն անդրադառնում գործի փաստական հանգամանքներին` կալանավորման մասին իրենց որոշումները հիմնավորելիս: Դատարանի որոշումները սովորաբար պարունակում են թաքնվելու սպառնալիքի և/կամ քննության համար խոչընդոտներ ստեղծելու վտանգի վերաբերյալ վերացական ենթադրություններ, սակայն չի նշվում կոնկրետ փաստ կամ բացատրություն, թե ինչպես է օրենքը կիրառվում տվյալ անհատական հանգամանքների նկատմամբ: Այս խնդիրը ներկայացվում է մի քանի գործերով:

2013թ. հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի` 6 ուղևորով: 6 ուղևորներն էլ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանցից 2-ը մահացել են: Այս ավտովթարի հետևանքով Վարդան Պետրոսյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ և մնացել է հիվանդանոցում մինչև 2013թ. նոյեմբերի 3-ը, այնուհետև նա տեղափոխվել է տուն՝ բժշկական խորհուրդներով բուժումը տանը շարունակելու նպատակով: Երկու օր անց նրան ձերբակալել են իր տնից և 2013թ. նոյեմբերի 6-ից նա գտնվում է կալանքի տակ: Դատարանը պատճառաբանել է իր որոշումը հանցագործության ծանրությամբ, քանի որ 2 երիտասարդներ են զոհվել և «բարոյականությունից ելնելով», ինչը հակասում է վերը նշված ՄԻԵԴ-ի որոշումներին: Ավելին, դատարանը չի հիմնավորել իր որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով` հակասելով կալանավորման վերաբերյալ միջազգային չափանիշներին:

2013թ. նոյեմբերի 9-ին՝ կալանավորման մասին որոշում կայացնելուց հետո, Վարդան Պետրոսյանն առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 2014թ. ապրիլի 29-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: Բժշկական եզրակացության համաձայն՝ նրա առողջությունը բարելավվել է, և անհրաժեշտ է միայն ստացիոնար բուժում: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժանձնակազմի վերահսկողության տակ:

Պետրոսյանի փաստաբանը նշել է, որ չի կարող հաստատել՝ որքանով է այս բժշկական եզրակացությունը հիմնավորված, սակայն իր պաշտպանյալն ունի թոքերի հետ կապված լուրջ խնդիր, և փաստաբանը կարծում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմանները պատշաճ չեն Պետրոսյանին` իր առողջական խնդիրներով պահելու համար:

Մեկ այլ գործով, 2013թ. նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կողմից կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկը` Տիգրան Պետրոսյանը, ձերբակալվել է և կալանավորվել խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Տիգրան Պետրոսյանն իր հիվանդ հոր միակ խնամակալն է: Կալանավորման որոշումը նորից չի հիմնավորվել դատարանի կողմից:

Վարդան Պետրոսյանի և Տիգրան Պետրոսյանի գործերը գրավել են հասարակության ուշադրությունը: Սակայն կան նաև բազմաթիվ ոչ շատ հայտնի գործեր, երբ առանց հիմնավորման որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2013թ. մարտի 13-ին Ա. Մ-ի և երեք այլ անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 1-ին և 3.1. կետով և 34-185-րդ հոդվածի 2.1. և 2 կետով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ): Մեղադրանքի համաձայն՝ երիտասարդները փորձել են այրել խոտի դեզը՝ ծխահարելով մոտ 30 կապ խոտ, արդյունքում դեզի տերը կրել է 36 000 ՀՀ դրամի (մոտ 62 եվրո) նյութական վնաս: 2013թ. ապրիլի 17-ին կասկածյալները ձերբակալվել են և որոշում է կայացվել որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Ո՛չ քննություն իրականացնող մարմինը և ո՛չ էլ դատարանը փաստական և էական հանգամանքներ չեն ներկայացրել առ այն, որ մեղադրյալները կարող են փախուստի դիմել կամ խոչընդոտել քննությանը: 2013թ. մարտի 30-ից հետո, երբ մեղադրյալներին կանչել են ոստիկանություն բացատրություն տալու, վերջիններս կամավոր ներկայացել են: Ավելին, Մուղալյանի փաստաբանի պնդմամբ, դատարանում դատախազը նշել է, որ քիչ հավանականություն կա, որ Մուղալյանը փախուստի կդիմի, քանի որ նա Քեմբրիջի համալսարանում սովորելու համար ՀՀ-ից կրթաթոշակ է ստացել և պետության առջև հանձնառություն է ստանձնել: Միևնույն ժամանակ, դատախազը պնդել է, որ Մուղալյանին պետք է կալանավորել: 2013թ. հոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տղաներին մեղավոր ճանաչեց, սակայն համաներման որոշման հիման վրա ազատ արձակեց [6]:

Կալանավորման մասին տիպային որոշումների ընդունումը, ստանդարտ ձևակերպումների օգտագործմամբ և առանց հիմնավորելու տվյալ գործի փաստական հանգամանքներով, հանդիսանում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական նորմերով ամրագրված անձնական ազատության իրավունքի լուրջ սահմանափակում [7]:

ՀՀ-ում մարդու իրավունքների միջազգային չափանիշների համաձայն՝ ազատության իրավունքի պաշտպանության և համապատասխան երաշխիքների ապահովման նպատակով, ՔՀԻ-ն և FIDH-ը կոչ են անում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին`

-Պատճառաբանված դատական որոշումներ ընդունել, որոնք պարունակում են`

 ա. համապատասխան էական ապացույցներ և անհատական գործով փաստական հանգամանքներ, որոնք հանգեցրել են այն եզրակացությանը, որ առկա է կալանավորում կիրառելու որոշման անհրաժեշտություն,

 բ. բացատրություն, թե ինչու խափանման այլ միջոցները չեն կարող կիրառվել տվյալ անհատական հանգամանքներում:

-Պատշաճ կարգով, առանց հետաձգումների, քննել կալանավորման որոշումների բողոքարկումները,

-Կասկածյալի նկատմամբ շարունակվող ողջամիտ կասկածի առկայության ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ որոշում է ընդունվում կալանավորումը երկարացնելու վերաբերյալ: Կալանքի ժամկետների երկարացումը չի կարող հիմնավորվել այն նույն փաստարկներով, որոնք օգտագործվել են կալանքի նախորդ ժամկետը սահմանելու համար,

-Կիրառել կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոցները,

-Կալանավորման մասին որոշումներն ընդունել համաձայն ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի:

1. ՔԴՕ, հոդված 135

2. ՔԴՕ, հոդված 135.3

3. Ilijkov v. Bulgaria, ՄԻԵԴ վճիռ, 2001թ. հուլիսի 26, թիվ 33977/96, §81, Ječius v. Lithuania, թիվ 34578/97, § 94

4. Ilijkov v. Bulgaria, ՄԻԵԴ վճիռ, 2001թ հուլիսի 26, թիվ 33977/96, §§83-84,

5. «Կոմիտեն վերահաստատում է իր նախկին իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ կալանավորումը նախաքննության ընթացքում պետք է բացառություն լինի, և գրավը պետք է բավարարվի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է հավանականություն, որ մեղադրյալը կարող է փախչել կամ ոչնչացնել ապացույցները, ճնշել վկաներին կամ փախչել անդամ պետության տարածքից», Hill v. Spain, U.N. Doc. CCPR/C/59/D/526/1993, 1997 թ. ապրիլի 2, §12.3

6. Տե'ս գործի հանգամանքները – http://www.hra.am/en/tag/mughalyan#

7. Mansur v. Turkey, ՄԻԵԴ վճիռ, 1995 թ. հունիսի 8, թիվ 16026/90, §55

- See more at: http://hra.am/hy/position/2014/05/06/statement#sthash.ZpctNO4U.dpuf

Մեկնաբանություններ (1)

hasmik
իսկ այդ միջազգային կազմակերպությունները գիտեն, թե կալանավորներից ինչքան փող են աշխատում ՔԿՀ-ներում, ինչքան ուտելիք է մտնում, երբ բյուջեից բավարար գումար են ստանում սնունդը պահելու համար, հեռախոսի համար, մահճակալի համար, հանդիպման համար..., այս միլիոնավոր գումարներից ով կհրաժարվի, այնպես որ ինչքան շատ կալանավոր, այնքան լավ, սա պատճառը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter