HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիայի նախագահը կժամանի տարածաշրջան եւ կքննարկի սառեցված կոնֆլիկտների հարցը

Մայիսի 12-ին կովկասյան տարածաշրջանային այցի շրջանակներում պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա նախ կլինի Բաքվում, ապա` Երեւանում, որտեղից կմեկնի Թբիլիսի: Այցի նպատակների մասին լրագրողներին տեղեկացնելու եւ նրանց հարցերին պատասխանելու համար այսօր Փարիզում բրիֆինգ էր հրավիրել Ֆրանսիայի նախագահի` Ռուսաստանի, Բալկանյան երկրների, նախկին ԱՊՀ երկրների եւ ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ֆաբիեն Պենոնը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայ ֆրանսախոս լրագրողների համար հնարավորություն ստեղծեց հեռախոսային կապի միջոցով մասնակցել բրիֆինգին եւ հարցեր ուղղել պրն Պենոնին:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների քննարկելիք հարցերի շրջանակն առնչվելու է ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հայաստան-ԵՄ մերձեցման ապագա հնարավորություններին` նկատի ունենալով աշխարհաքաղաքական ներկայիս վիճակը եւ ուկրաինական ճգնաժամը: «Մենք հասկանում ենք, որ Հայաստանը պատմականորեն սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բայց նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների կամքը`շարունակել հարաբերությունների զարգացումը ԵՄ հետ»,- ասաց խորհրդականը:

Հայաստանյան այցի շրջանակներում նախատեսվում է հայ-ֆրանսիական տնտեսական ֆորում, որի նպատակը երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն է: Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Ֆրանսուա Օլանդն ընդգծել էր, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները քաղաքական եւ հումանիտար ոլորտներում գերազանց, բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական հարաբերությունները զիջում են: Ուստի, դրանք զարգացնելու անհրաժեշտություն կա: Այդ ուղղությամբ կատարվող քայլ կլինի այս տարի «Կարֆուրի» մուտքը Հայաստան: Նախագահ Օլանդը կայցելի այն վայրը, որտեղ նախատեսված է «Կարֆուրի» առաջին խանութը, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում կգործի «Կարֆուրի» 11 խանութ:

Ֆաբիեն Պենոնի տեղեկացմամբ` Օլանդի այցի նպատակը նաեւ տարածաշրջանի սառեցված կոնֆլիկտների հարցի քննարկումն է երեք երկրների նախագահների հետ: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ խորհրդականը հայտնեց Ֆրանսիայի դիրքորոշումը, որը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ֆրանսիացի լրագրողներից մեկը հարց ուղղեց` արդյոք նախագահ Օլանդը նույն դիրքորոշումը կարտահայտի նաեւ Ադրբեջանում` ղարաբաղյան կոնֆլիկտի առնչությամբ: Ի պատասխան` Ֆաբիեն Պենոնը հիշեցրեց, որ  ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք հաշվի են առնում ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման սկզբունքը: «Ֆրանսիան շարունակելու է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության միջոցներ գտնելու ուղղությամբ եւ կոչ է անում չդադարեցնել բանակցությունները»,- ասաց խորհրդականը:

Կովկասյան տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցության վերաբերյալ հարցին Օլանդի խորհրդականը պատասխանեց. «Դա կհակասեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կոնֆլիկտի լուծումը գտնելու մեր առաքելությանը»:

Ֆրանսահայ լրագրողներից մեկը հարց ուղղեց դերասան Վարդան Պետրոսյանի, որը նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, դատավարության վերաբերյալ: Ֆաբիեն Պենոնը նկատեց, որ դա ոչ թե քաղաքական, այլ ընդհանուր իրավունքի հարց է` կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետ:

Հայաստանյան այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի համերգին, որն արդեն երկրորդ անգամ կազմակերպում են Հայաստանի իշխանությունները (Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այցի ժամանակ նույնպես Շառ Ազնավուրը համերգ ունեցավ Երեւանում): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter