Տեսանյութը Երևան քաղաքի բնակիչներին հուշում է, թե ինչպես պետք է նվաճել իրազեկ լինելու իրավունքը:
2013թ. հոկտեմբերին Երևանի բնակիչներից մեկը նկատեց, որ իրենց շենքում տեղադրվել են բազմաբնակարան շենքերի կառավարման մասին տեղեկատվական պաստառներ՝ հետևյալ հակիրճ տեղեկատվությամբ.
• ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն բնակիչները,
• ինչպես կարող են նրանք մասնակցել շենքի կառավարմանը և կառավարող մարմնի ստեղծմանը և որ յուրաքանչյուր բնակիչ կարող է մասնակցել շենքի կառավարմանը վերաբերող որոշումների կայացմանը,
• որոնք են շենքի համասեփականության ենթակա հատվածները և ինչպես են դրանք օգտագործվում,
• ինչ հաշվետվություն է պարտավոր ներկայացնել համատիրությունը բնակիչներից և այլ աղբյուրներից հավաքագրված գումարների և դրանց ծախսման մասին,
• ինչ գործունեություն է վարում համատիրությունը և ինչ հաճախակիությամբ, մասնավորապես՝ աղբահանության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանություն, կրծողների դեմ պայքար և ընդհանուր օգտագործման տարածքի պահպանություն և նորոգում:
Այս պաստառները տեսանելի էին ընդամենը մեկ-երկու օր, որից հետո վահանակում հայտնվեցին ապրանքային գովազդի բովանդակությամբ նոր պաստառներ:
Այս տեսանյութում դուք կտեսնեք, թե ինչպես են այդ պաստառները ծածկել բազմաբնակարան շենքի բնակիչների համար կարևորագույն տեղեկատվությունը՝ զրկելով նրանց իրազեկ լինելու և իրենց կեսնագործունեության համար կարևորագույն ոլորտի որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից:
Համատիրության աշխատակիցները վստահաբար տեսել են, որ տեղեկատվական թերթիկներն այլևս չկան և պարտավոր էին ճիշտ ժամանակին, այսինքն՝ դեռևս 5 ամիս առաջ հեռացնել ապրանքային գովազդները և փոխարինել դրանք պատշաճ ու իրենց նշանակությանը ծառայող տեղեկատվությամբ:
Եթե այս թերթիկները նորից պատվեն գովազդով կամ ոչնչացվեն, միակ հետևությունը կարող է լինել այն, որ համատիրությունը և գովազդատուները կոմերցիոն պայմանավորվածության մեջ են և միտումնավոր խոչընդոտում են տեղական ինքնակառավարման մակարդակում պասիվ ու ենթարկվող բնակչից՝ ակտիվ, իրազեկ, մասնակցող և հետևողական քաղաքացի դառնալու գործընթացին:
«Բնակչից դեպի քաղաքացի» նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել