HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մելիք-Ադամյան փողոցի պարտադրվող մղձավանջը

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ճիշտ էր, երբ հայտարարում էր, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից և այդ պաշտոնում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին նշանակելուց հետո Հայաստանում բոլորովին նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել:

Առաջին հայացքից թվում է, թե իշխանական կոալիցիայի փլուզումից և դրանից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո Հայաստանում հաստատվել է միակուսակցական իշխանական համակարգ: Իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Ձևավորվել է շատ ավելի լայն ձեւաչափի, ավելի բարդ կառուցվածք ունեցող և դասական քաղաքագիտական որևէ կանոնի չենթարկվող իշխանական նոր տիպի կոալիցիա: Վերջինիս գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մինչ այժմ եղած իշխանական բոլոր կոալիցիաների, ձևաչափերի ու կոնֆիգուրացիաների, երկշերտ համակարգ է: Առաջին` հրապարակային պլանում ՀՀԿ-ն է, ստանձնած քաղաքական ու վարչական անսահմանափակ լիազորություններով ու պատասխանատվությամբ, որն իրեն երկրորդ պլանում շրջապատել է իշխանության այսպես կոչված անտեսանելի, վիրտուալ դերակատարներով` ի դեմս ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի, որոնք իշխանության մեջ ունեն խիստ սահմանափակ, բայց շոշափելի մասնակցություն:

Իշխանության նոր, երկշերտ կառուցվածք ձեռք բերելու իրողությունը հստակ դրսևորվեց մի քանի հարթությունում: Առաջինը Ազգային ժողովի նախագահի ընտրությունն էր, որտեղ ԲՀԿ-ն, փակ գաղտնի ընտրության ժամանակ գրեթե ողջ կազմով կողմ քվեարկելով ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Գալուստ Սահակյանի թեկնածությանը, իրեն դրսևորեց իբրև անկեղծ կոալիցիոն գործընկեր:

Եթե նման ընտրությունը ԲՀԿ-ի ղեկավարի հրահանգի արդյունք էր, ապա դրանով ընդամենը մերկացվեց ԲՀԿ-ի այլընտրանքայնության կեղծիքը և նրա իրական բնույթն ու քաղաքական դերակատարության իմաստը: Իսկ եթե իսկապես պատգամավորների ազատ կամարտահայտման դրսևորում էր, որը Ծառուկյանի դիրքորոշման հետ կապ չուներ, ապա նշանակում է, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին, և որ ԲՀԿ-ի հիմնական կոնտինգենտի իրական տերը ոչ թե ինքն է, այլ Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած` իշխանության հիմնական կրողը` Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ին ենթարկելով գալուստսահակյանական ընտրության փորձությանը և մերկացնելով սնանկությունը, Ծառուկյանին ցույց տվեց, որ առավելագույնը, ինչին վերջինս տիրապետում է, ընդամենը իր գահն է, որին բազմում է` մտածելով, թե կուսակցություն ունի:

Երկրորդ հարթությունը, որտեղ դրսևորվեց ԲՀԿ-ի` երկշերտ իշխանության մասը լինելու հանգամանքը, քառյակի ձևաչափում նրա դերակատարության անթաքույց փոխակերպումն է նախաձեռնողից, ուղղորդողից դեպի այդ ձևաչափի տորպեդարահողը, ձևականացնողը: Նոր վարչապետի անվան հրապարակումից հետո քառյակը որևէ էական կոմպրոմիսային որոշում ընդունել չի կարողանում: Իսկ դռնփակ նիստերը, որոնք կազմակերպվում են չորս խորհրդարանական ուժերի մասնակցությամբ, հիմա արդեն ընդամենը այդ անկարողությունը քողարկելու դեր են կատարում: Քառյակը ԲՀԿ-ի դերակատարության փոփոխության հետևանքով ամբողջությամբ կորցրեց քաղաքական օրակարգ ձևավորելու և իշխանությանը թելադրելու մինչ այդ ստեղծած բոլոր նախադրյալները: Դրանով նա հիանալի ծառայություն մատուցեց իշխանությանը:

Եվ, վերջապես, ԲՀԿ-ի պարագայում իշխանության թաքնված մաս լինելու երրորդ և ամենակարևոր վկայությունը Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի անձնական հարաբերություններն են, որ բերելու են առնվազն փոխադարձ լոյալության, հանդուրժողականության, ինչպես նաև սպորտի, երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը կրկին ՀԱՕԿ-ին, այսինքն` Ծառուկյանին տրամադրելու հանգամանքը, որը չէր կարող տեղի ունենալ առանց Սարգսյան-Ծառուկյան փոխհամաձայնության: Սրանք գործոններ են, որոնք էականորեն սահմանափակում են Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործողությունների ազատությունը:     

ՕԵԿ-ի պարագայում կոալիցիայի թաքնված անդամ լինելու իրողությունն արտահայտվեց նոր ստեղծվող ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահի պաշտոնում կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նշանակմամբ: Այս ակադեմիան հերթապահ ԲՈՒՀ չէ. այն մարմնավորում է Հայաստանի ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականության էությունը: Իսկ այն ուղղված է դեպի բոլոր այն նախաձեռնությունները, որոնցում կա Ռուսաստանը, և որոնցում Հայաստանին իր ետևից քարշ է տալիս Ռուսաստանը: ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակումը, այս իմաստով, չէր կարող համաձանեցված չլինել Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների միջև: Հետևաբար, գոնե այսքանով Արթուր Բաղդասարյանը շարունակելու է մնալ իշխանական կոնյունկտուրայի մաս:

Հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք երկաստիճան իշխանական համակարգը և ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի նման անվստահելի թվացող արբանյակներ պահելը` առանց պատասխանատվությունը նրանց հետ կիսելու: Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի խնդիրը նոր կոնֆիգուրացիայում բոլորվին այլ է. նրանց պատասխանատվությունը տարածվում է այսպես կոչված մերձիշխանական տարածքի վրա: Նրանք ստանձնել են իշխանության շուրջը յուրատեսակ բուֆերային գոտի ստեղծելու և այդ գոտին պահպանելու պատասխանատվությունը:

Ընդ որում` այս երկու արբանյակները գործելու են որքան միևնույն դաշտում ու միևնույն նպատակի համար, այնքան էլ ի հեճուկս միմյանց և փաստացի միմյանց դեմ մրցակցելով: Երկուսն էլ, կամա թե ակամա, խաղում են նույն` «այլընտրանքային» կոչված դաշտում և փորձելու են միմյանցից խլել կառուցողական, չափավոր ընդդիմության կարգավիճակը:

Այս դիմակայությունը խոստանում է իրենով պայմանավորել ընդդիմադիր դաշտում տեղի ունենալիք բոլոր հնարավոր վերադասավորումները, տեղաշարժերը, զարգացումները, որը հնարավոր կլինի ապահովել ԲՀԿ-ին քառյակի շրջանակում ցանկացած գնով պահելու և ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», ՀՅԴ-ին ԲՀԿ-ի ձգողականությունից կախվածության մեջ պահելու միջոցով: Քաղաքական ուժերի միջև լիդերության համար դիրքային պայքարը, որն ըստ էության ընթանալու է մի կողմից` Արթուր Բաղդասարյանի նախագահական հավակնությունների, մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանի` իշխանությունը ԲՀԿ-ի օգնությամբ վերադարձնելու ձգտումների հողի վրա, հնարավոր ու անհնար բոլոր հարվածներից ձերբազատելու է ՀՀԿ-ական իշխանությանը: Մինչ ընդդիմադիր դաշտում տեղի ունենալիք փոփոխությունները կկլանեն հանրային ուշադրությունը, իշխանությունը կլուծի իր առջև դրված խնդիրները: Միևնույն ժամանակ, թե́ ՕԵԿ-ի և թե́ ԲՀԿ-ի` այս կամ այն չափով իշխանության ներսում թաքնված մասնակցությունը, ամբիցիաները Սերժ Սարգսյանի ձեռքին նրանց իր վերահսկողության տակ պահելու լիարժեք միջոց են:

Սա «բաժանիր, որ տիրես» սկզբունքի կամ այսպես կոչված կառավարվող քաոսի մեթոդաբանության դասական դրսևորում է, որին նախագահ Սարգսյանը տիրապետում է հիանալի: Այս քաղաքական ուղեգծի արդյունքում, որը, ի դեպ, տարբեր ձևեր ըդնունելով` շարունակվել է նրա պաշտոնավարման ողջ ընթացքում, քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ ամլացել է, մարգինալացել:

Եվ հենց այս իրողությունն է վստահություն ներշնչում Էդուարդ Շարմազանովին` հայտարարելու, թե ապագա տասը տարիներին քաղաքական դաշտի հիմնական թելադրողը լինելու է ՀՀԿ-ն, և քաղաքական մյուս բոլոր խաղացողները պետք է համակերպվեն այն իրողությանը, որ դեռ առնվազն այդքան ժամանակ ՀՀԿ-ն լինելու է իշխանության ղեկին, իսկ երկրի ղեկավարի դերին հավակնոողների միակ ուղին անցնում է Երևանի Մելիք-Ադամյան փողոցով, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը: Շարմազանովը ծիծաղում է բոլորի վրա` նրանց սադրելով փոխել իրերի այս դասավորությունը, եթե, իհարկե, կարող են: Ընդ որում` փոխեն ոչ թե վերամբարձ ու հավակնոտ հայտարարություններով կամ հոխորտանքներով, այլ կոնկրետ գործողություններով:

ՀՀԿ-ն ոչ թե չի թաքցնում քաղաքական դաշտում հաստատված նոր ստաստուս քվոյի հիման վրա վերարտադրվելու իր մտադրությունը, այլև ստիպում է համակերպվել այն փաստի հետ, որ դա է լինելու առաջիկա քաղաքական պրոցեսների միակ տրամաբանությունը:

Շարմազանովը չի կարող չիմանալ, որ երկրի ղեկավար դառնալու ճանապարհն անցնում է ոչ թե Մելիք-Ադամյան փողոցով, այլ Կենտրոնական և տեղամասային ընտրական հանձնաժողովներով: Բայց այդ ուղերձն անհրաժեշտ է հասցնել բոլորին, որպեսզի արդար ընտրությունների պատրանքները վերջնականապես փշրվեն և բոլորին հասկանալի դառնա, որ Հայաստանում հաստատվում է մի նոր տիպի բոլշևիկյան իշխանական համակարգ, որը տիրապետելու և տնօրինելու են Մելիք-Ադամյան փողոցից:

Սա, իհարկե, մղձավանջ է հասարակության համար: Սակայն նույքան մղձավանջ կարող է դառնալ նաև հանրապետականների համար: Շարմազանովը հալյուցինացիաների մեջ է, եթե կարծում է, թե իշխանությունն իրականում պատկանում է ՀՀԿ-ին` իբրև կուսակցություն: ՀՀԿ-ն ընդամենը կամուֆլյաժի դեր է կատարում իշխանական կոնյունկտուրայի համար, իսկ կամուֆլյաժը դեն են նետում այն ժամանակ, երբ մաշվում է, անպետքանում, և նորը գտնելու խնդիր է առաջանում: 

Ներկայիս կառավարության անդամները նույքան ՀՀԿ-ական են, որքան ՕԵԿ-ական էին հանուն պաշտոնները պահպանելու` այդ կուսակցության մանդատներից հրաժարված նախարարներ Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը, Սամվել Թադևոսյանը: Ներկայիս վարչապետի համար ի՞նչ նշանակություն ունի` ինքը հանրապետակա՞ն է, բհկակա՞ն, ազգայնակա՞ն, ֆաշիստակա՞ն, թե՞բոլշևիկյան: Նման կատեգորիաները, քաղաքական սկզբունքները, գաղափարականությունը խելքի, մտածողության բաներ են, իսկ հայրենի քաղաքական լանդշաֆտը, ինչպես հայտնի է, մտածողների, խելք ունեցողների համար չէ: Այդ կատեգորիաներն ընդամենը ոտքերը սրբելու լաթեր են միակ հիմնական ու անփոփոխ «արժեքի»` իշխանության մնալու խնդիրը ցանկացած ձևով լուծելու ճանապարհին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter