HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար, այլապես Հայաստանը կարող է զրկվել «Հազարամյակի մարտահրավերներից»

Էնթոնի Գոդֆրի. «Ես զգուշավոր լավատես եմ»

Եթե 2007թ. մայիսի խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրությունները չլինեն ազատ եւ արդար, ապա Հայաստանը կարող է զրկվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված ամերիկյան կառավարական օժանդակությունից, որը առաջիկա հինգ տարիների համար կազմում է 236 միլիոն ամերիկյան դոլար:

Բացի ընտրություններից, կարեւոր է նաեւ կոռուպցիայի վիճակը: Հայաստանում Մ. Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին հունվարի 24-ին «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց նաեւ, որ այդ առումով «զգուշավոր լավատես» է:

Հավատարմատարն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու նպատակով Մ. Նահանգները 6 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է իրականացնում: Այդ գումարներն ուղղվում են ոչ միայն հասարակական կազմակերպություններին, այլեւ կառավարական կառույցներին: «Մենք աշխատում ենք ոստիկանության եւ ՕՎԻՐ-ի հետ՝ բարելավելու ընտրացուցակները: Մենք աշխատում ենք ԿԸՀ-ի հետ եւ ուսուցման ծրագրեր իրականացնում տարածքային եւ տեղական բոլոր հանձնաժողովների անդամների հետ: Միայն ամերիկյան կառավարությունը չէ, որն օժանդակում է Հայաստանին ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում, այլեւ Եվրախորհուրդը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԵԱՀԿ-ն, միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ: Մենք հավատում ենք, որ (Հայաստանի) կառավարության լեգիտիմությունը գալիս է նրանից, թե ինչքանով են կառավարությանը սատարում: Եվ ինչքան լեգիտիմ լինի կառավարությունը, այնքան լավ գործընկեր կարող է լինել Մ. Նահանգների համար»,- ասաց Գոդֆրին:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Վաշինգտոնը, եթե խորհրդարանական ընտրությունները չհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Այս հարցին ի պատասխան՝ հավատարմատարն ասաց, որ անտարբեր չեն մնա եւ սպասում են ընտրություններին. «Մենք կիսում ենք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու նպատակը եւ պատրաստ ենք օգնել Հայաստանին` հասնելու դրան»:

Ընդհանուր առմամբ, Գոդֆրին հայ-ամերիկյան հարաբերությունները բնորոշեց «ամուր գործընկերություն» ձեւակերպմամբ, որոնք ընդգրկում են մի շարք ասպարեզներ` ահաբեկչության դեմ պայքարից մինչեւ առեւտրային, տնտեսական կապեր: Հայաստանի անկախությունից ի վեր ամերիկյան օգնությունը կազմել է 1.6 միլիարդ դոլար: «Եթե սկզբնական շրջանում օժանդակությունն ուղղվում էր մարդասիրական ծրագրերին, ապա այսօր այն ընդգրկում է այլ ոլորտներ եւս, ինչպես Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության զարգացումը, կայուն տնտեսական աճը, որը հասանելի կլինի բոլոր հայաստանցիներին` անկախ նրանից՝ նրանք Երեւանու՞մ են բնակվում, թե՞ գյուղական վայրերում»,- ասաց հավատարմատարը:

Ասուլիսի ընթացքում Գոդֆրիին հարցեր ուղղվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ծրագրում են կառուցել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին, որը շրջանցում եւ ավելի է խորացնում Հայաստանի մեկուսացումը: Վերջերս Մ. Նահանգների պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան ասել էր, որ Վաշինգտոնը կցանկանար, որպեսզի Թուրքիայից դեպի Ադրբեջան երկաթուղին անցներ Հայաստանի տարածքով՝ մյուս կողմից նկատելով, որ եթե Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը իրենց միջոցներով ցանկանում են կառուցել նոր երկաթուղի, ապա Վաշինգտոնը չի խոչընդոտի այդ ծրագրի իրագործմանը:

«Մենք խրախուսում ենք Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրումը: Առեւտրային արգելքների վերացումը կբարելավի տարածաշրջանային ինտեգրումը, կնպաստի տնտեսական համագործակցությանը եւ զարգացմանը: Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային ինտեգրացիան պետք է ընդգրկի տարածաշրջանի բոլոր երկրները: Չնայած` եթե Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը ցանկանում են կառուցել երկաթուղի եւ չեն ստանում ամերիկյան ֆինանսավորում, դա արդեն նրանց գործն է, մենք չենք կարող ընդդիմանալ»,- ասաց Գոդֆրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter