
Ռուսական թրթուրավոր տանկերը չեն մտնի Գյումրի
Մարիամ Խալաթյան
Մայիսի 9-ին Գյումրիում կանցկացվի մեծ զորահանդես` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակին:
Նախատեսված է հայ-ռուսական զորքերի համատեղ շքերթ` մասնակցությամբ Գյումրիում տեղակայված հայկական զորամասերի և ռուսական 102-րդ ռազմաբազայի: Միջոցառումները մեկնարկելու են առավոտյան 09:30-ից: ՀՀ պաշտպանության նախարարությունից եւ կառավարությունից ներկայացուցիչներ եւս մասնակցելու են այդ զորահանդեսին:
Գյումրու Վարդանանց հրապարակը նոր տեսքի է բերվել, թարմացվել են գծանշումները, տեղադրվել են ՀՀ և ՌԴ պետական դրոշներ, քարե գորգի վրա շարքերով դասավորված են նստարաններ, տեղադրված է նաև հրամանատարական բեմը: Թե ինչով է պայմանավորված Գյումրիում ռուսական զինտեխնիկայի ցուցադրությունը, նման մեծ շքերթի անցկացումը, հատկապես, երբ նշվող տարեթիվն էլ հոբելյանական չէ, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը դրանում արտառոց ոչինչ չի տեսնում: Դա Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և պաշտպանության նախարարության համատեղ որոշումն է. «Սա կհաշվենք փորձ` 70-ամյակից առաջ, և կլոր տարեթվին ավելի մեծ շքերթ կանենք», - «Հետքին» փոխանցեց Ռուբեն Սանոյանը:
Հրապարակով անցնելու են հայ և ռուս զինվորականները` քայլերթով, ինչպես նաև ռազմական ծանր տեխնիկա, բայց ոչ թրթուրավոր:
«Քանի որ ասֆալտի հետ կապված խնդիրներ կառաջանան, դրա համար քաղաքապետարանը չթույլատրեց թրթուրավոր տեխնիկա ցուցադրել: Հազիվ կարգի ենք բերել քաղաքը, հրապարակը, նոր ենք բարեկարգել, իսկ թրթուրավորներ բերելու դեպքում, բավական խնդիրներ կունենայինք», - ասում է փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
![]() |
![]() |
Ռուբեն Սանոյան | Մարատ Սարիբեկյան |
Ի սկզբանե, շքերթը նախատեսած էր «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, քանի որ հրապարակում ծանր տեխնիկա անցկացնելը վտանգավոր է, այստեղով անցնում է Գյումրի գետակը, սակայն համատեղ քննարկումների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ զորահանդեսը մեկ ուղղություն է ունենալու: Այսինքն՝ հրապարակով պտույտ են կատարում միայն զինվորականները, իսկ տեխնիկան հրապարակ է մտնում Շահումյան փողոցից, անցնում քաղաքապետարանի դիմացով ու դուրս գալիս Սերգո Համբարձումյան փողոցով դեպի Հաղթանակի պողոտա:
Թրթուրավոր տեխնիկան Գյումրու հրապարակ չի մտնելու, սակայն անիվավորներն էլ պակաս ծանրություն չունեն, և, հաշվի առնելով հրապարակի տակով անցնող գետակի առկայությունը, «Հետքը» Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանից ճշտեց` ինչպիսի ռիսկեր կպարունակի նման զորհանդեսի անցկացումը Գյումրու հրապարակում:
«Երբ նպատակադրվեց, որ պետք է զորահանդես անցկացնել Վարդանանց հրապարակում, ես գիտենալով այդ հանգամանքը, ինքս դեմ կանգնեցի: Ամեն դեպքում իմ մեջ վախ կար, և առաջարկեցի, որ այդ ծանր տեխնիկան այդ կողմով չանցնի»,-ասում է Մարատ Սարիբեկյանը: Քաղաքապետարանի, մարզպետարանի և ՊՆ ներկայացուցիչների հետ որոշել են` տեխնիկան պետք է անցնի քաղաքապետարնի դիմացի մասով՝ քարե գորգից մի քանի մետր հեռու: «Գետակի մի մասը գորգի տակն է մնում, մի մասն էլ՝ գորգից դուրս, դրա համար տեխնիկան անցկացնելու ենք մի 15-20 մետր ավելի հեռվից, որպեսզի վիբրացիան անգամ չվնասի», - ասում է Մարատ Սարիբեկյանը:
Իսկ հարցին, թե այդ ծանր տեխնիկան քաղաքի մի քանի փողոցներով է անցնելու, դա չի վնասի մեր փողոցներին, փրկարարական վարչության պետն ասում է: «Մենք բացարձակապես թույլ չենք տա, որ որևէ փողոց քանդվի: Գիտե՞ք քաղաքապետն ինչ կանի դրա համար` ի վերջո մարդն այդքան աշխատանքներ տարավ, և դա ջուրը թափել ոչ ոք թույլ չի տա: Հիմնականում անվավոր տեխնիկա է անցնելու, որն ասֆալտին վնաս չի տա»:
Մինչև հաղթանակի օրը Գյումրու Վարդանանց հրապարակը և հարակից փողոցները երեկոյան ժամերին 2 ժամով փակվում են՝ նախապատրաստական շքերթի անցկացման համար: Զորահանդեսը անցկացվելու է երկու լեզվով` հայերեն և ռուսերեն:
Միջոցառման ժամանակ հրապարակի մուտքն ազատ է լինելու, իսկ ովքեր կունենան հրավիրատոմսեր, նրանք զորահանդեսին կհետևեն քաղաքապետարանի դիմաց տեղադրված կառավարական ամբիոնից: Շքերթից հետո ծաղկեպսակ կդրվի «Մայր Հայաստան» հուշահամալիրում` անմար կրակի մոտ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել