HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հույսի շող» կարի ֆաբրիկան աշխատանքով կապահովի 12 կանանց

Լուսինե Փարսադանյան

Լոռու մարզի Թումանյան քաղաքն այս պահին 2200 բնակիչ ունի, որից 700-ը, Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանի տեղեկացմամբ, գործազուրկ է:

Նրանց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես տղամարդիկ: Թումանյանի քաղաքապետը նշում է, որ գործազրկությունը քաղաքը լքելու պատճառ չի դառնում: «Քաղաքում միայն 90-ականներին է արտագաղթ եղել, վերջին տարիներին արտագաղթ չի նկատվում: Վերջին մի քանի տարիներին աշխատատեղեր էլ են բացվել՝ հէկ է կառուցվել, գազալցակայան, քարի արտադրամաս, այժմ նաեւ՝ կարի արտադրամաս: Այս բոլորի օգնությամբ 40-ից ավելի մարդ կայուն աշխատանք ունի»:

Նշված չորս աշխատատեղերից վերջին՝ «Հույսի շող» կարի նորաբաց արտադրամասում 12 կին է աշխատանքով ապահովվել: Նրանց մի մասը ոչ միայն կրթություն, այլեւ աշխատանքային փորձ ունի այս բնագավառում: Արտադրամասն արդեն մի քանի պատվեր ունի Թումանյանից եւ այլ քաղաքներից: «Պատվերներ ունենք Սպիտակ, Վանաձոր քաղաքներից, Թումանյանի մանկապարտեզից: Կան նաեւ անհատական պատվերներ»,- ասում է «Հույսի շող» ՍՊԸ-ի տնօրեն Հրանուշ Աղամյանը: Վերջինիս խոսքով՝ իրենք առաջիկայում պատրաստվում են հագուստներ կարել: «Առաջիկայում կկարենք նաեւ տաբատներ, վերարկուներ: Պետք է աշխատենք տեսականին պարբերաբար նորացնել»,- ասում է Հրանուշ Աղամյանը:

Թումանյան քաղաքում նախկինում կարի արտադրամաս եղել է, որը 1993 թվականից, սակայն, դադարել է աշխատել: Գոհար Վահրամյանը նույնպես աշխատել է այդ արտադրամասում: Փակվելուց հետո այդ գործով տանն է զբաղվել: Ասում է՝ գոհ է, որ կայուն աշխատանք կունենա եւ իր ունեցած գիտելիքները սիրով կփոխանցի սկսնակ աշխատակիցներին: «Շուրջ քսան տարի է չեմ աշխատում,  ուրախ եմ, որ քաղաքում կարի արտադրամաս է բացվել»,- ասաց Գոհարը: «Հույսի շող» նորաբաց կարի արտադրամասի բացմումը տեղի կունենա հունիս ամսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter