Բավրայում շահագործման հանձնվեց նորակառույց համայնքային կենտրոնը
Յուլիա Գրիգորյան
Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում մայիսի 6-ին տեղի ունեցավ արգենտինահայ բարերար Նշան Դեվեճիէանի ֆինանսավորմամբ կառուցված համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Բավրայի նորակառույց համայնքային կենտրոնում կգործեն համայնքապետարանը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակը եւ հանդիսությունների սրահը: Նշենք, որ տարեսկզբին Դեվեճիէան ընտանիքի ֆինանսավորմամբ հիմնովին կահավորվել եւ համակարգչային տեխնիկայով է համալրվել Բավրայի դպրոցը:
Արարողությանը ներկա էին վերջերս Հայաստան ժամանած արգենտինահայ բարերարների պատվիրակությունը` Հայաստան համահայկական հիմնադրամի՚ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւ հարակից համայնքների բնակիչները:
Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, շեշտելով, որ ծրագիրը կենսագործվել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցով, շնորհակալություն հայտնեց Դեվեճիէանների ընտանիքին Շիրակի մարզի հեռավոր գյուղում նման լավ նախաձեռնություն իրականացնելու համար: «Հայաստան» հիմնադրամը հետերկրաշարժյան տարիներին մշտապես ուշադրության կենտրոնում է պահել աղետի հետեւանքով ավերված քաղաղաքներն ու գյուղերը: Հիմնադրամը Շիրակի մարզում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, միայն դպրոցաշինության ոլորտում նրանց աջակցությամբ կառուցվել է 6 դպրոց, էլ չեմ ասում հիմնադրամի կառուցած, վերանորոգած հիվանդանոցային եւ սպորտային համալիրների մասին: Այժմ նույն հիմնադրամի միջոցներով Աշոցքում կառուցվում է ժամանակակից լավագույն դպրոց»:
Մարզպետն ուշադրության արժանացրեց այն փաստը, որ Բավրայում 1956թ·-ից սկսած նոր շինություն չէր կառուցվել: Ֆելիքս Ցոլակյանը սահմանամերձ համայնքների համար որպես դրական տեղաշարժ նշեց, որ նրանք առաջիկայում կգազիֆիկացվեն, այդ թվում եւ Բավրան: «Շիրակի մարզում բավական շատ չլուծված խնդիրներ կան: Ես կուզենայի, որ ամեն մի գյուղում նոր շինարարական օբյեկտի կառուցման արդյունքում մարդու մոտ ամրապնդվեր հավատն իր գյուղի, հողի ու ջրի նկատմամբ, երիտասարդը փորձեր հասկանալ այդ եւ մնար իր հողի հետ: Շատ կարեւոր է, որ ստեղծվեն անհրաժեշտ կենսապայմաններ, որպեսզի գյուղացին իր հանապազօրյա հացը գտնի իր հայրենի գյուղում, ոչ թե օտար երկրում»- ասաց նա:
Դեվեճիէան ընտանիքի համաֆինանսավորմամբ Արցախի Քարին Տակ գյուղում եւս կառուցվում է համայնքային կենտրոն եւ սպորտդահլիճ: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Հայաստանի հեռավոր համայնքներում տարբեր ծրագրեր իրականացնելու համար բարերարներ Քիրքոր Շիմշիրօղլուն, Բոգոս Էքզերճիէանին եւ Նշան Դեվեճիէանին պարգեւատրեց հուշամեդալներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել