HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասում էին դուրս գայինք, որ կրակեին ու պրծնեին մեզանից

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Սկիզբը

Ի՞նչ կաներ Ձեզանից յուրաքանչյուրը՝ լինելով իմ տեղում, լինելով դատական սխալի զոհ (իհարկե, Աստված չանի): Կարծում եմ՝ անընդհատ կմտածեիք այստեղից դուրս գալու, ելքեր փնտրել-գտնելու մասին: Մեր ձայնն այս պատերից դուրս չէր գալիս: 2004 թ-նն էր՝ մահապատիժը նոր էր փոխարինվել ցմահ ազատազրկմամբ: Վե՛րջ, մեզ փակել էին քարե դագաղի մեջ: Գործերի վերանայման ոչ մի հույս, սխալ դատավճռի բեկանման և ոչ մի փորձ: Ազատության իրավունքը խլել են ինձնից, իսկ ազատության ձգտելու իրավունքը ոչ մի օրենքով չի սահմանափակվում: Ազատության ձգտումն այնքան բնական է, որքան թթվածին շնչելը:

18 տարի ինձ պահում են 4 պատի մեջ մի հանցանքի համար, որ ես չեմ կատարել: Եվ բնական է, որ փակ տարածությունից դուրս գալու միջոցներ եմ փորձում գտնել: Արդեն պատմել եմ խցակցիս՝ Արցախյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի մոտ եկած պաշտոնյայի մասին: Դրանից հետո Սողոմոնն ասաց, որ այլևս սպասելու բան չկա, որ չի հավատում ոչնչի ու ոչ մեկի: Անցանք գործի:

…Ուշադիր նայում էի դռան վերևի՝ ժամանակին օդափոխության համար բացված անցքին, որը փակված էր աղյուսներով ու ճաղավանդակով. մտածեցի` կարո՞ղ է մարդու մարմինը անցնել այդ անցքով: Եթե ամեն ինչ ստացվեր, դա միայն խցից դուրս գալու հնարավորություն կտար, իսկ առջևում դեռ շատ արգելքներ կային, որոնք պետք էր հաղթահարել` իհարկե, առանց ընդհարվելու բանտի աշխատակիցների հետ:

Մի քանի օր անց ճաղավանդակը հաջողվեց պոկել, լուծեցինք նաև աղյուսների հարցը. անցքը քողարկեցինք, ճաղավանդակն էլ ամրացրեցինք տեղում, սպասում էինք մութն ընկնելուն, որ խցից դուրս գայինք: Երբ զբոսանքից վերադարձանք, օրվա սմենի պետը մտավ խուց, աջ ու ձախ նայեց.

-Հը՞, էսօ՞ր եք փախնելու:

«Ա՛յ քեզ բան, նրանք ամեն ինչ գիտեն, թո՛ւ»,-մտածեցի ես, բայց փորձեցի շփոթությունս ցույց չտալ, ժպտալով պատասխանեցի.

-Չէ՛, էսօր կարդալու բան կա, գիրքը վերջացնեմ, մի քանի օրից նոր կփախնենք:

Սողոմո՛նն էլ, ե՛ս էլ, աշխատողնե՛րն էլ ծիծաղեցինք, իրար հաջողություն ասացինք, խցի դուռը փակվեց: Երբ ոտքերի ձայները հեռացան, մոտեցա Սողոմոնին.

-Վե՛րջ, ամեն ինչ գիտեն:

- Ոչ մի բան էլ չգիտեն… մի քանի ժամից դուրս կգանք,- ինչպես միշտ՝ շատ հանգիստ  ասաց Սողոմոնը (իրար հետ մենք ռուսերենով էինք խոսում, նա հայերեն լավ չգիտի՝ ծնված ու մեծացած լինելով Բաքվում, հետո էին ընտանիքով տեղափոխվել Գորիս ապրելու, սկսվել էր պատերազմը):

-Չե՞ս հասկանում` սպասում են դուրս գանք, որ կրակեն ու պրծնեն մեզանից,- նայում եմ Սողոմոնի աչքերին ու մտածում՝ միգուցե պայմանավորվածությո՞ւն ունի հետները…

- Մհե՛ր, եթե ուզում են մեզ սպանեն, ուրեմն ինչի՞ սմենի պետը նախազգուշացում արեց: Հումոր արեց, համընկավ իրավիճակի հետ, էդքան բան,-վերջապես, ծանր լռությունից հետո խոսեց Սողոմոնը:

Երբ մութն ընկավ, լուսամուտից տեսանք, որ ի տարբերություն մյուս օրերի` երկու հսկիչի փոխարեն` հինգ աշխատակից կա, մի քիչ էլ՝ քեֆները լավ: Նրանք եկան առաջին հարկ: Մենք էլ պիտի իջնեինք առաջին հարկ և այնտեղից դուրս գայինք արգելագոտի:

- Ի՞նչ կասես, Սողոմոն, սա էլ ուղղակի համընկա՞վ:

- Խնդիր չի, ոչ ոք մեզ չի նկատի, հանգիստ եղիր:

Սողոմոնի  տարօրինակ անտարբերությունը այս զուգադիպություններին լուրջ անհանգստացրեց ինձ: Արագ որոշեցի.

- Էսօր մենք դուրս չենք գա, վե՛րջ, կընտրենք այլ եղանակ, օրն էլ ես կորոշեմ:

Սողոմոնն ակնհայտ դժգոհ էր իմ որոշումից:                                                                       

Հիշում եք՝ այն մրջյուններին, որոնց հավաքել էի զբոսախցից ու շաքարաջրի շնորհիվ բազմացրել էի Գորիսի բանտի մեր խցի պատի մեջ: Ահա մրջյուններն էլ ճանապարհ էին բացել մեզ համար՝ փխրացնելով հաստ պատը: Գիշերն անցավ, առավոտյան, ամենօրյա ստուգումից հետո, ձեռքի տակ եղած ինքնաշեն գործիքներով սկսեցինք քանդել արդեն փուխր պատը:

Իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, որի մասին կպատմեմ հաջորդ անգամ: 

Մեկնաբանություններ (4)

ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Տղերք ջան, էդ ժամանակ ՛՛Փախուստ Շաուշենկից,, ֆիլմը արդեն տեսել էի՞ք։
Karen
Շատ երկրներում, եթե կալանավորը փախչելիս որևէ ֆիզիակական վնաս չի պատճառում բանտի անձնակազմին, արարքը քրեորեն հետապնդելի չի համարվում: Մյուս անգամ, որ փախչեք, անցեք Վրաստան:
Լևոն Բաղդասարյան
Մհեր,վաղը,մյուս օրը դուրս կգաս ու ժպիտով ու հումորով ես հիշելու բանտային օրերդ,պինդ մնա:Հատուկ շնորհակալություն ՀԵՏՔԻՆ՝դատապարտյալների թեման հրապարակայնացնելու համար:www.levgroup.am
ԱՆԻ
Մհեր ջան, ես հավատում եմ, որ Դուք անմեղ եք և վաղ, թե ուշ դուրս եք գալու այդտեղից: Ձեր մասին հրապարակումները միշտ կարդում եմ ու զարմանում, թե ինչ կամքի ուժ ունեք, որ անցնում եք այս ճանապարհը: Աստված համբերություն, առողջություն թող տա Ձեզ: Երբ տխրեք, հիշեք, որ կան մարդիկ, ովքեր հավատում են Ձեզ ու աղոթում քնելիս...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter