HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը պատրաստ չէ իրականացնել հստակ ռազմավարություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Հարցազրույց էլ-կառավարման ռազմավարության փորձագետ Ալվարդ Գասպարյանի հետ

- Որպես էլ-կառավարման ռազմավարության տեղական փորձագետ վերջերս աշխատել եք Եվրամիության աջակցությամբ իրականացվող «eGOV.Am» նախագծում, որի նպատակն էր մշակել եւ Հայաստանի կառավարությանը ներկայացնել էլ-կառավարման ազգային ռազմավարություն։ Որքանո՞վ նպատակահարմար կամ հրատապ է նման ռազմավարության գոյությունը։

- Ավելի քան տասը տարի է, ինչ աշխարհի շատ պետություններ իրականացնում են որոշակի ռազմավարություններ` նպատակ ունենալով խթանել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) արդյունավետ ներդրումը հասարակական եւ տնտեսական տարբեր ոլորտներում։

Այս ոգեւորությունը նախ եւ առաջ պայմանավորված է այն վստահությամբ, որ այս տեխնոլոգիաները ստեղծում են սովորելու, աշխատելու, բուժվելու, բիզնեսը կազմակերպելու, հաղորդակցվելու եւ տեղեկատվություն ստանալու նոր ու շահավետ հնարավորություններ։ Իսկ կառավարման ոլորտում հայտնի է, որ պատշաճորեն մտածված ՏՀՏ կիրառությունները, կառավարության շահագրգիռ մասնակցության առկայությամբ հանդերձ, կարող են մեծապես բարեփոխել ինչպես ներկառավարական շատ գործառույթներ, այնպես էլ կառավարություն-քաղաքացի եւ կառավարություն-մասնավոր հատված փոխհարաբերությունների դաշտը։

Առավել որակյալ եւ հասանելի կդառնան կառավարության կողմից քաղաքացիներին եւ գործարարներին տրամադրվող ծառայությունները, կառավարության գործունեությունը կդառնա ավելի արդյունավետ շնորհիվ թափանցիկության, հաշվետվության, համագործակցության եւ հաղորդակցության նոր եւ գործուն մեխանիզմների, որոնք կստեղծվեն էլ-կառավարման ներդրման արդյունքում։ Կառավարությունը կդառնա առավել միասնական եւ ինտեգրված կառույց, որն անմիջականորեն կանդրադառնա նրա կողմից ծառայությունների տրամադրման արագության եւ որակի վրա։

Բոլորին է հայտնի, որ Հայաստանի պետական կառավարման ոլորտում գոյություն ունեցող կոռուպցիան մեծապես դանդաղեցնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացները։ Իսկ էլ-կառավարումը մեծապես կնվազեցնի կոռուպցիոն գործելակերպի հնարավորությունները, հատկապես, երբ դրանք առնչվում են քաղաքացիներին տեղեկատվության, արտոնագրերի եւ այլ բնույթի ծառայությունների տրամադրմանը։ Ընձեռելով քաղաքացուն կամ հասարակական կազմակերպություններին կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին հետեւելու գործուն միջոցներ` կառավարությունը նաեւ պատեհություն կունենա բարելավելու իր նկատմամբ հասարակության վստահությունը։

- Կարո՞ղ ենք ասել, որ էլ-կառավարումն ավելի շուտ կառավարությունը բարեփոխելու գործընթաց է։

- Այո, բայց ոչ միայն։ Կառավարությանը ներկայացված ռազմավարության տեքստում ընդգծվում է, որ էլ-կառավարման ներդրման ջանքերը պետք է ներդաշնակ լինեն եւ ինտեգրվեն կառավարության համընդհանուր բարեփոխումների գործընթացին։ Սրանով հանդերձ` շեշտված է, որ անհնար է պատկերացնել արդյունավետ էլ-կառավարում առանց ունենալու որոշակի ենթակառույցներ, որոնք տարածված են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում եւ պատշաճորեն շաղկապված որոշակի սոցիալ-տնտեսական կարիքների հետ։ Հաշվի առնելով ֆինանսական ու մասնագիտական ռեսուրսների սղությունը` վճռական է, որ կառավարությունը սահմանի էլ-կառավարման զարգացման նախապատվությունները` հենվելով հասարակական քննարկումների եւ մասնագիտական ուսումնասիրությունների վրա։

Այն նախագիծը, որում ես եմ ներգրավված եղել, մանրակրկիտ ուսումնասիրության հնարավորություն չի ենթադրել, սակայն հասարակական եւ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին ուղղված հարցումները հուշում են որոշակի ուղղություններ, որոնք, կարծում եմ, պետք է ներառվեն էլ-կառավարման զարգացման աշխատանքներում։ Դրանց թվում են գյուղական եւ հեռավոր համայնքներում պետության ծառայությունների մատչելիության եւ հաղորդակցության ժամանակակից կապուղիների ներդրումը, պետռեգիստրի տեղեկատվական ծառայությունների առցանց տրամադրումը, նախարարությունների, քաղաքապետարանների եւ պետական կառավարման մյուս կառույցների բոլոր որոշումների առցանց մատչելիությունը (օրինակ` շրջակա միջավայրի աղտոտման, հողահատկացման, կառուցապատման վերաբերյալ ակտեր, որոշումներ եւ այլն), դատարանների որոշումների առցանց մատչելիությունը, պետական գնումների էլ-համակարգի ներդրումը։

Էլ-ծառայությունների թվում պետք է ներառվեն նաեւ հարկային հաշվետվությունների եւ մաքսային հայտարարագրերի ներկայացումը, տարատեսակ տեղեկանքների տրամադրումը, ներառյալ՝ ք աղաքացիական կացության, անշարժ գույքի կարգավիճակի, բնակության վայրի, դատվածության բացակայության մասին տեղեկանքներ եւ այլն։

Անհրաժեշտ են շտապ քայլեր, որոնք հանրությանը առցանց մատչելի կդարձնեն կառավարության գործունեությանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես դա նախատեսված է օրենսդրությամբ: Եւ առաջին քայլերից մեկը պետք է լինի պահանջել, որ բոլոր նախարարություններն ունենան պաշտոնական վեբ կայքեր եւ դրանք բավարարեն տեղեկատվության ծավալի, թարմության, մատչելիության եւ ինտերակտիվության որոշակի չափանիշների։ Այսօր շատ երկրներում քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալու կառավարության ծառայությունները «Մեկ պատուհանից»։ Նման լուծումն , իրոք , նշանակալի փոփոխություն կստեղծեր մեր կյանքում եւ կվերացներ շատ անհարմարություններ։

- Վերջին տարիներին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ վարչապետն ու Նախագահը , հաճախ են խոսում ՏՀՏ կարեւորության, Հայաստանում «Տեղեկատվական հասարակություն» կառուցելու մասին։ Գիտենք նաեւ, որ 2000թ. - ից ի վեր կառավարությունն ընդունել է ոլորտին առնչվող որոշակի փաստաթղթեր։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենի գործնական նշանակությունը, ինչպիսի՞ն է եղել կառավարության դերակատարումը տեղեկատվական հասարակության ձեւավորման խնդրում։

- Այո, եղել են տարբեր որոշումներ, սակայն ոչ հետեւողական ջանքեր, որոնք կփորձեին մշակել եւ իրականացնել համապարփակ քաղաքականություն եւ ռազմավարություններ այս ասպարեզում։ Կառավարության ուշադրությունը հատկապես սեւեռված է եղել ՏՏ մասնավոր հատվածի զարգացմանը, սակայն անգամ չեմ կարող ասել, որ այս ուշադրությունից շահել են տեղական ՏՏ արտադրողները։ Մի կողմից, շարունակում է խիստ սահմանափակ մնալ ՏՏ ծառայությունների տեղական պահանջարկը։

Թեեւ կառավարությունը վերջին տարիներին էապես մեծացրել է համակարգչային տեխնոլոգիաների, ծրագրերի եւ ծառայությունների պետգնումների ծավալը, սակայն այս ոլորտում գործող ընկերությունների հետ ունեցած շփումս վկայում է, որ այս գործընթացը, ընդհանուր առմամբ, բավականին կողմնակալ է եւ չի խրախուսում արդար մրցակցություն այս ոլորտում։Մեկ այլ խնդիր է այստեղ գործող օտարերկրյա կայացած ընկերությունների հետ մրցակցելը, հատկապես, երբ խոսքը որակյալ մասնագետներին գրավելուն է վերաբերում ։

Ամփոփելով, կարելի է ասել, որ ինչպես հինգ տարի առաջ, այժմ էլ միջազգային դոնոր կազմակերպությունները շարունակում են ունենալ վճռական դերակատարում հասարակության մեջ ՏՀՏ ներդրմանն ուղղված աշխատանքներում։ Եւ չնայած շատ նախագծեր որոշակի դրական տեղաշարժ են ապահովել, ինչպես միջազգային փորձագետներն են նշում, ընդհանուր առմամբ, դրանց արդյունավետությունը սահմանափակ է, քանի որ չկա որոշակի պետական քաղաքականություն, որը կուղղորդեր եւ կհամակարգեր այս ջանքերը։

Ես կարող եմ անգամ ավելացնել, որ վերջին հինգ տարիների ընթացքում մեր հասարակության մեջ սոցիալ-տնտեսական տարբերությունների էլ ավելի խորացումը եւ աշխատանքի ու այլ պատեհությունների մատչելիության անհավասարությունը նաեւ պայմանավորված է ՏՀՏ ոլորտում տեղ գտած զարգացումների բնույթով։ Ցավոք, «թվանշային բաժանման» մասին մտահոգությունը, որն արտահայտել է երկրի Նախագահը 2003թ. Ժնեւում կայացած Տեղեկատվական Հասարակությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովում, իր արտացոլումն առանձնապես չգտավ հետագայում այս ասպարեզում իրականացվող ծրագրերում։

Այստեղ տեղին է հիշատակել 2005թ. Միացյալ Ազգերի կողմից մշակված էլ-կառավարման պատրաստվածության մասին գլոբալ հաշվետվությունը, վերնագրված՝ «Էլ-կառավարումից դեպի էլ-ներառում»։ Այն ուսումնասիրել եւ համեմատել է, թե ինչպես են ՄԱԿ-ի անդամ 191 երկրները օգտագործում տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ընդլայնելու մատչելիությունը եւ ժողովրդի ներգրավվածությունը։ Հաշվի առնելով վեբ կայքերի զարգացման առանձնահատկությունները, ենթակառուցվածքների եւ կրթության մակարդակը, այս ուսումնասիրությունը Հայաստանը դասել է 106-րդ տեղում՝ 23 կետով ավելի ցածր, քան եղել է մեկ տարի առաջ։ Վրաստանն ու Ադրբեջանը առավել բարձր դիրքեր են զբաղեցնում այս ցուցակում։

- Կարելի՞ է ենթադրել, որ այն ռազմավարությունը, որը մշակվել է eGov.am նախագծի շրջանակում, կարող է վերցնել համակարգելու, ուղղորդելու այդ առաքելությունը։

- Ճիշտ է, որ էլ-կառավարման ռազմավարությունը կարող է որոշակի համախմբող եւ խթանող դերակատարում ունենալ ողջ հասարակությունում ՏՀՏ արդյունավետ կիրառությունների ներդրման գործընթացում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ էլ-կառավարման զարգացումը, ինչպես վերեւում նշվեց, պետք է զուգորդվի հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում համապատասխան ենթակառույցների ձեւավորման հետ։

Սակայն նման ռազմավարություն նախ եւ առաջ պետք է ընդունել։ Իսկ սա նշանակում է, որ կառավարությունը նախ պետք է դրսեւորի կամք՝ կատարելու հիմնավոր փոփոխություններ առաջին հերթին իր իսկ գործունեության մեջ, հետեւողականորեն առաջնորդվելով այն գիտակցությամբ, որ ժամանակակից պահանջներին ու չափանիշներին համապատասխան կառավարում իրականացնելու, քաղաքացիներին ավելի լավ ծառայելու եւ, վերջապես, մրցունակ տնտեսություն եւ բարեկեցիկ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է լայնորեն եւ արդյունավետորեն օգտագործել արդի տեղեկատվական տեխնոլոգիաները։

- Եթե փորձենք ամփոփել, ի՞նչն է այսօր խոչընդոտում կառավարությանը որդեգրելու եւ իրականացնելու էլ-կառավարման ռազմավարություն։

- Եթե մի քանի տարի առաջ ՏՀՏ-ը մտնում էին կառավարություն գլխավորապես միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերի միջոցով, ապա պատկերն այսօր փոխվում է. կառավարությունն օրըստօրե ավելի շատ պետական գումարներ է ծախսում այս ուղղությամբ։ Սա լավ միտում է։ Սակայն ասել, թե այս գործընթացը ինքնաբերաբար կտանի դեպի էլ-կառավարում, կամ անգամ` առավել թափանցիկ եւ արդյունավետ կդարձնի կառավարության գործունեությունը, սխալ կլինի։ Համակարգելու, եղած սահմանափակ ռեսուրսներն ի մի բերելու, ուղղորդելու խնդիր կա։ Անհրաժեշտ են հետեւողական ջանքեր, որոնք կառավարության ներսում կապահովեն էլ-կառավարման վերաբերյալ լայնածավալ իրազեկում, կպատրաստեն, այսպես կոչված, «էլ-լիդերներ» եւ կձեւավորեն շահագրգիռ պետական բարձրաստիճան պաշտոնյաների որոշակի կրիտիկական զանգված, որն առաջ կմղի, կերաշխավորի այս գործընթացի շարունակականությունը։

Նաեւ հատուկ ջանքեր են պետք, որոնք կխթանեն դոնոր կազմակերպությունների ներդրումը էլ-կառավարման ռազմավարությամբ սահմանված գործողություններն իրականացնելու համար։ Պետք է սահմանվեն պետություն-մասնավոր հատված գործընկերության նոր ձեւեր, որոնք կգրավեն ու կխրախուսեն մասնավոր հատվածի մասնակցությունը` ներգրավելով այնտեղ առկա մասնագիտական, տեխնիկական ու մյուս ռեսուրսները, որոնց կարիքը կառավարությունը ունի։ Եւ վերջապես, պետք է սահմանել այս ողջ գործընթացը կառավարելու գործուն մեխանիզմ։ Այստեղ տարբեր նախարարություններ եւ անձինք ունեն որոշակի հավակնություններ, եւ վախենամ` սա որոշ դժվարություններ հարուցի ...

Ռազմավարությունը հանձնվել է կառավարությանը 2006թ. սեպտեմբերին։ Այս աշխատանքը, կամ գոնե իմ բաժինը ներկայացնելու, հիմնավորելու հնարավորություն չի ընձեռվել եւ տեղյակ չեմ, թե այս աշխատանքը որեւէ գործնական հունի մեջ մտե՞լ է արդյոք։ Մոտ երկու ամիս առաջ էր, երբ զանգահարեցի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արամ Բադալյանին եւ հարցրեցի, թե ինչ ընթացք է ստացել ներկայացված փաստաթուղթը։ Սկզբում նա պատասխանեց, թե տեղյակ չէ, պետք է վարչապետի ՏՏ գծով օգնականին հարցնել, ապա ասաց, թե ... «ի՞նչ ընթացք, նախ գումարներ են չէ պետք այս ամենի համար ... »:

- Այդպես չէ՞։ Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, էլ-կառավարումը «մեր գրպանի» բանը չէ ...

- Հապա ինչի՞ համար է ռազմավարությունը՝ այն նաեւ միջոցները համախմբելու, ներդրումներ գրավելու խնդիր է հետապնդում։ Ընդգծեմ, որ ֆինանսական միջոցների սղությունը, կարեւոր լինելով, այնուամենայնիվ հաճախ վճռական գործոնը չէ։ Սեփական դիտարկումներս թույլ են տալիս ասել, որ նախարարությունում անգամ մեկ շահագրգիռ պաշտոնյան մեծապես կարող է փոխել ժամանակակից տեխնոլոգիաների դերակատարումը իր կազմակերպության աշխատանքում։ Նշանակալի առավելություն ունեն եւ այն կազմակերպությունները, որտեղ առկա է ներքին սահմանափակ ռեսուրսները արդյունավետորեն կազմակերպելու եւ օգտագործելու որոշակի կարողություններ։

Այս պատասխանն ինձ համար գոնե կրկին հաստատում է, որ քաղաքականություն, ռազմավարություն ու նման հասկացությունները դեռեւս որոշակի վերացական իմաստ ունեն Հայաստանի կառավարության շատ պաշտոնյաների համար։ Այն հաճախ դիտվում է որպես հրահանգների մի փաստաթուղթ, որը գրվել է մի գրասենյակի ներսում:

Այնինչ, ռազմավարությունը ենթադրում է լայն քննարկումների եւ մասնակցության քաղաքական մի գործընթաց։ Եւ եթե հաշվի առնենք, որ դրա իրականացման մեջ այս կամ այն ձեւով ակտիվորեն ներգրավված է հասարակությունը, որն իրեն ընձեռված տարբեր մեխանիզմների միջոցով (օրինակ` նախագծերի ընթացքը եւ արդյունքները գնահատելու ծրագրային բաղադրիչի օգնությամբ) շարունակաբար ազդանշաններ է ուղարկում կառավարությանը եւ ստիպում շտկումներ մտցնել եւ անընդհատ բարելավել ռազմավարությունը, ապա կարելի է ասել, որ ռազմավարությունը կամ քաղաքականությունը ավելի շատ գործընթաց է, քան զուտ փաստաթուղթ։

Իհարկե, սա հիմնականում զարգացած, ժողովրդավարական հասարակություններին բնորոշ երեւույթ է։ Սակայն պետք է գոնե ձգտենք գնալ այս ճանապարհով, եթե որեւէ ոլորտում միջոցները արդյունավետորեն կազմակերպելու, որոշակի նպատակի հասնելու խնդիր ունենք։ Եւ նախագծի թիմի ցանկությունն էր, որ կառավարությունը լայն քննարկման ներկայացնի այս ռազմավարությունը` խրախուսելով բոլոր շահախնդիր կողմերի ակտիվ մասնակցությունը, որպեսզի այն իրապես բարեփոխի կառավարություն-հասարակություն փոխհարաբերությունների դաշտը։ Հույս ունեմ, որ կառավարությունը հավատարիմ կմնա էլ-կառավարման ռազմավարություն որդեգրելու իր սկզբնական դիրքորոշմանը (որը հնարավոր էր դարձրել սույն նախագծի մեկնարկը) եւ կկարողանա դրսեւորել անհրաժեշտ վճռականություն` իրականացնելու նման ռազմավարություն, հաղթահարելով ամեն տեսակի դիմադրություն նրանց կողմից, ում վախեցնում է թափանցիկությունը եւ պատասխանատվությունը:

Ամփոփելով, հարկ եմ համարում ընդգծել, որ պետական կառավարման ոլորտում իրականացվող ՏՀՏ ներդրմանն ուղղված նախագծերը, եթե չառաջնորդվեն արդյունավետ, բաց եւ մասնակցային ձեւով մշակված եւ իրականացվող ռազմավարությամբ, շարունակելու են ունենալ խիստ սահմանափակ օգտակարություն, առանձնապես չփոխելով քաղաքացու իրականությունը, այն հրատապ խնդիրների կարգավիճակը, որոնց այսօր բախվում է անհատը, հասարակական կազմակերպությունը, գործարարը, երբ առնչվում է կառավարության ծառայությունների հետ։ Սա նաեւ նշանակում է, որ կվատնվեն ռեսուրսներ, այդ թվում, հսկայական գումարներ, որոնք այսօր վարկերի, գրանտների ու պետական բյուջեի միջոցներով ուղղվում են այս ծրագրերի իրականացմանը։

Հարցազրույցը` Գարիկ Կարապետյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter