HY RU EN

Քաղաքապետը վանքի հենապատին հարող տարածքում 7 բնակչի հող է հատկացրել

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի որոշմամբ  ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցուցակում ընդգրկված Սանահինի վանքային համալիրի  հյուսիսային մասն ամբողջությամբ դարձնել է առևտրի հրապարակ:  Հիշեցնենք, որ Հաղպատի ու Սանահինի վանքային համալիրները` իբրև մեկ կոթող, ընդգրկված  են ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվավոր Համաշխարհային ժառանգության ցուցակում: 

Քաղաքապետը վանքի հենապատին հարող տարածքում 7 բնակչի 10 տարի ժամկետով, տարեկան 4320 դրամ արժեքով յուրաքանչյուրին 3,6 քմ մակերեսով  հողամաս է տրամադրել` առևտրի տաղավարներ տեղադրելու համար: Ըստ Ա. Վարոսյանի՝  տաղավարները տեղադրվում են, որպեսզի բնակիչները «քաղաքակիրթ առևտրով» զբաղվելով, զբոսաշրջության պտուղներից օգտվեն: «Բա մարդիկ բիզնեսով չզբաղվե՞ն», -մեր հարցերից մեկին պատասխանելով՝ ասաց Արտավազդ Վարոսյանը: Տաղավարների մի մասի կառուցումը ընթացքի մեջ է:  Քաղաքապետի որոշմամբ ընդլայնվել է նաև վանքի մուտքի մոտ  գտնվող, խորհրդային տարիներից ժառանգություն մնացած խանութը:

«Իհարկե, Սանահինի վանքի մուտքի տարածքն առևտրական հրապարակ  դարձնելու հետ մենք համաձայն չենք եղել: Բայց դա Ալավերդու քաղաքապետարանի տարածքն է, և մեզ չի հաջողվել կանխել քաղաքապետի որոշումը: Այդ առևտրականներն այնտեղ վաճառում են նաև մոմեր և եկեղեցական պատկերներ»,- ասաց Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը:   

Օրերս ավագանու նիստում քննարկվել է նաեւ այս կառույցների հարցը: «Խոսքը առևտրի կազմակերպման մասին է, որպեսզի բնակիչները զբոսաշրջության պտուղներից կարողանան օգտվել և քաղաքակիրթ առևտուր կարողանան կազմակերպել»,-ասաց քաղքապետ Արտավազդ Վարոսյանը: Վերջինս նաև ավագանուն բացատրեց, որ վանքին հարող պատի երկարությամբ տաղավարների տեղը տրամադրել է վանք գնացող աստիճաններից և  դարպասների մոտից առևտրականներին իջեցնելու  համար: Իր որոշումներով Արտավազդ Վարոսյանը առևտրական տաղավար տեղադրելու 3,6 քմ  հողակտոր է  հատկացրել նաև Սանահին գյուղի  թաղապետ Արծրուն Երիցյանին և նախկին ավտոտեսուչ Սեյրան Ռամազյանին: Հատկացված որոշումներով Սանահինի վանքային համալիր իրենց ավտոմեքենայով այցելողները զրկվել են  կայանատեղից: 

Վանքի բակում է գտնվում  նաև Սանահին գյուղի բնակիչների արարողությունների շինությունը: Այն կառուցվել է 1901թ.  երբևէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, գտնվում է խիստ վթարային վիճակում և կարող  է փոքր ցնցման դեպքում փլվել:  

Շենքը այդ վիճակում օգտագործվում է գյուղացիների կողմից. «Մենք տեղյակ ենք  շինության  վիճակին: Ես անձամբ նկարել եմ շինության հիմքերի վիճակը,  և նկարն ուղարկել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության մասնագետները  ուսումնասիրել են շենքի տեխնիկական վիճակը և արձանագրել են, որ այն խիստ վթարային վիճակում է և կարող է հանկարծակի փլվել: Մենք այդ մասին զգուշացրել ենք Սանահինի բնակչությանը, նույնիսկ հայտարարություններ ենք կպցրել շենքի վրա, սակայն սանահնեցիները անդրդվելի են և  շարունակում են այտնեղ արարողություններ կատարել: Շենքը նստած է Ալավերդու քաղաքապետարանի հաշվեկշռում: Վերջինս նույնպես պետք է հետևողական լինի այնտեղ արարողությունները արգելելու համար»,- ասում է Տեր Միքայել քահանա Շաղոյանը:

Ըստ Տեր Միքայելի, Մայր  Աթոռը գրավոր դիմել է Ալավերդու քաղաքապետարանին վանքի տարածքում գտնվող վթարային շինությունը  Գուգարաց թեմին հանձնելու խնդրանքով. «Սանահինի գյուղացիները չեն համաձայնում,  նրանք պահանջում են իրենց համար արարողությունների նոր շենք կառուցել, ապա դրանից հետո վերցնել վթարային շինությունը: Դրա հնարավորությունը մենք չունենք»,- հայտնեց Ալավերդու հոգևոր հովիվը: