
Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողջության վրա
Վերջին տասնամյակում Հայաստանում գրանցվում է հիվանդացությունների աճ: Հիվանդացությունների ռեկորդային մակարդակ է գրանցվել 2010 թ.:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տարեգրքին՝ առաջին անգամ բացահայտված ախտորոշումով 2010 թ. գրանցվել է 911 հազ. հիվանդացության դեպք, իսկ 2011-12 թ.թ.՝ մոտ 904 հազ.: Համեմատության համար՝ 1995 թ. նման դեպքերը 744 հազ. էին, 2000 թ.՝ 594 հազ., 2005 թ.՝ 637 հազ.:
Այսինքն՝ հիվանդացությունների մակարդակը վերջին տասնամյակում ավելացել է առնվազն 50%-ով: Արդեն այն հանգամանքը, որ երկու տարի անընդմեջ հիվանդացությունների մակարդակը հանրապետությունում կայուն գերազանցում է 900 հազարը՝ մտահոգվելու լուրջ առիթ է տալիս:
Հիվանդացությունների աճի պատճառները բազմաթիվ կարող են լինել: Հնարավոր է՝ ներկայում մադիկ ավելի շատ են դիմում բժիշկներին, կամ հիվանդանոցներն ավելի պարտաճանաչ են գրանցում հիվանդներին: Սույն հոդվածի նպատակը չէ առողջապահական հետազոտություն իրականացնել՝ պարզելու հիվանդությունների աճի պատճառները: Սակայն ակնհայտ է, որ շրջակա միջավայրի աղտոտվածության աճը նպաստում է նաև հիվանդությունների տարածմանը: Կարծում ենք՝ որևէ բժշկական հետազոտություն սա ժխտել չի կարող: Կան հիվանդություններ, որոնց տարածումը ուղղակի պայմանավորված է շրջակա միջավայրի աղտոտվածությամբ՝ բրոնխիալ ասթմա, ալերգիաների բազմաթիվ տեսակներ, չարորակ նորագոյացություններ: Իսկ հիվանդությունների մի մասն էլ զարգանում է որպես հետևանք շրջակա միջավայրի բացասական ազդեցության՝ օրգանիզմ ներթափանցած վնասակար նյութերի երկարամյա ազդեցության շնորհիվ: Կամ՝ այնպիսի երևույթ, ինչիսին աղմուկն է, բացասաբար է անդրադառնում մարդկանց նյարդային համակարգի վրա, ինչն էլ իր հերթին թուլացնում է մարդու դիմադրողականությունը:
Հայաստանում հիվանդացությունների մոտ 40-45%-ը բաժին է ընկնում շնչառական օրգաններին: Այս համամասնությունը բնորոշ է նաև այլ երկրների՝ մոտավորապես նույն պատկերն է ԱՊՀ այլ երկրներում: Սակայն պետք է ընդգծել, որ Հայաստանում օդի աղտոտվածության նորմերը մեծամասամբ գերազանցում են թույլատրելի սահմանաքանակները:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվությանը՝ տարեցտարի մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակն ավելանում է: 2011 թ. մթնոլորտ է արտանետվել մոտ 270 հազ. տոննա վնասակար նյութ՝ 2009 թ. 235 հազ. տոննայի համեմատ:
2012-13 թ.թ. արտանետումների քանակը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 270 հազ. տոննան; Ընդ որում՝ վնասակար արտանետումների կեսից ավելին բաժին է ընկնում ավտոտրանսպորտին: Հարկ է նշել, որ ծանր մետաղները օդից տեղափոխվելով մարդկային օրգանիզմ՝ կարող են առաջացնել նաև այլ հիվանդություններ՝ սիրտանոթային, նյարդային համակարգի կամ այլ:
Վտանգավոր ծավալներ են ընդունում նաև նորագոյացություններին առնչվող հիվանդացությունները: 2012 թ. գրանցվել է նման 10.1 հազ. դեպք՝ 2001 թ. 6 հազ. դեպքի համեմատ: Բժշկությունը բավարար ապացուցված է համարում, որ շրջակա միջավայր նետվող քրոմը, նիկելը, ասբեստը, բազմաթիվ թունաքիմիկատներ քաղցկեղածին են:
Հատկանշական է, որ Հայաստանում վնասակար արտանետումների նորմայից շեղումներ են արձանագրվում ոչ միայն արդյունաբերական քաղաքներում (Երևան, Կապան, Ալավերդի, Արարատ և այլն), այլև անգամ առողջարանային գոտիներում: Ըստ «Հայ էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Ծաղկաձորի Սարալանջի փողոցում տեղակայված մոնիտորինգի կայանի սարքերը 2012 թ. օգոստոսին արձանագրել են ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցետրացիայի թույլատրելի նորմայից 1,3 անգամ գերազանցում: Իակ այս տարվա փետրվարին գրանցվել է փոշոու նորմայի 1.5 անգամյա գերազանցում;
ՀՀ առողջապահության նախարարությունը 2012 թ. կատարել է վերլուծություն ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերում հանքարդյունաբերության գործունեությամբ պայմանավորված բնակչության հիվանդացության վերաբերյալ:
Ուսումնասիրվել են կրծքագեղձի, ստամոքսի, թոքի չարորակ նորագոյացություններով և լեյկեմիաներով հիվանդացությունը՝ 2009 և 2010 թվականներին:
Պարզվել է, որ չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը Սյունիքի մարզում համեմատաբար ցածր է միջին հանրապետական ցուցանիշից և վերջին տարիներին նվազելու միտում է ունեցել։ Ցուցանիշներն ավելի բարձր են Երևանում, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում:
2009 և 2010 թվականներին վերլուծություն է կատարվել նաև ըստ առանձին քաղաքների. Կապան, Քաջարան, Ալավերդի (որպես հանքարդյունաբերության ազդեցությանը ենթարկվող բնակավայրեր) և Եղեգնաձոր, Վայք (որպես էկոլոգիապես մաքուր քաղաքներ): Ուսումնասիրվել են թոքի, կրծքագեղձի, ստամոքսի չարորակ նորագոյացություններով, լեյկեմիաներով հիվանդացությունը և մեռելածնությունը: Վերլուծության արդյունքում հանքարդյունաբերության և դրա ազդեցության հետ կապված հիվանդացության (այդ թվում` չարորակ նորագոյացություններով) միջև պատճառահետևանքային կապ չի արձանագրվել:
Հնարավոր է՝ Սյունիքի համեմատաբար խոնավ կլիման ու անտառների առատությունը մասամբ չեզոքացնում է հանքարդյունաբերական գործունեության բացասական ազդեցությունը: Սակայն հանրապետության առավել չորային շրջաններում շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունն ավելի քան ուժեղ է դրսևորվում:
Մեկնաբանել