Կյանքը պատերազմից հետո
Կիմա Խաչատրյան
1943 թվականն էր: Տասնութ տարին չբոլորած պատանին ստիպված մեկնեց ծառայության: Զինկոմիսարիատում վիճեց աշխատակցի հետ` ասելով, թե ինչո՞ւ պետք է զորակոչվի, եթե տասնութ տարին դեռ չի լրացել: Սակայն այսօր նա այդ ամենը վերհիշելով` շնորհակալություն է հայտնում իր ծառայակիցներից:
«Մեզ խմբերի բաժանեցին: Նստեցինք ավտոբուսներն ու ճամփա ընկանք: Գնում էինք ու գնում: Ոչ ոք չգիտեր՝ ուր են տանում: Արթնացանք ու հայտնվեցինք Ուկրաինայում »,- հիշում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մնաց Գիրգորյանը:
89-ամյան Մնաց պապին օրերը տաքանալու պես միշտ իր այգում է: Ես էլ երբեմն միանում եմ նրան եւ միասին մշակում ենք Երեւանի Վարշավյան փողոցի սկզբնամասում գտնվող փոքրիկ այգին:
«Ո՛չ ես եմ ջահել, ո՛չ էլ` այգիս: Ես որ տիրություն չանեմ, ոչ մեկի պետքը չի լինի: Հո մենակ ինձ համար չեմ խնամում էս ծառերը: Թթվածին է վերջիվերջո »,- ասում է Մնաց պապը:
Ես որոշել էի հոդված գրել Մնաց պապի մասին եւ երբ այդ մասին նրան ասացի, հրավիրեց տուն` թեյի սեղանի շուրջ զրուցելու: Նա երկար ապրելու իր բանաձևն է մշակել. քիչ ուտել, չխմել, չծխել, զբաղվել գիր-գրականությամբ, շատ չդիտել հեռուստացույց՝ նյարդերը հանգիստ պահելու համար: Հետևում է քաղաքի անցուդարձին, սակայն չի կարողանում համակերպվել երկրում առկա երևույթների հետ:
«Երեսուն հատ մեդալ ունեմ: Վետերանների խորհրդի նախագահ եմ: Վեց լեզու գիտեմ (զրույցի ընթացքում անգլերեն, չեխերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներով մեջբերումներ էր անում-հեղ.): Աշխարհը ոտքի տակ տված մարդ եմ: Շատ զբաղված մարդ եմ: Ժամանակ չունեմ հարևանների հետ շփվելու: Ողջ օրս անցնում է տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենալով: Հաճախ կոնֆերանս-ժողովներ ենք կազմակերպում, հարցեր ենք քննարկում, բանավիճում ենք ու տուն գալիս: Եկել ենք մի պարզ եզրահանգման , այն է՝ եթե մի կառավարություն չի կարողանում հասարակ տրանսպորտի հարց կարգավորել, ուրեմն հույսը կտրել է պետք մյուս բոլոր հարցերի պատասխանը ստանալուց »,- հանդիսավոր առիթների համար նախատեսված կոստյումը կարգի բերելով` պատմում է պապը:
Մնաց պապի կյանքը հեշտ չի անցել: Չորս երեխաների հայրը ինը տարի խնամել է անկողնում գամված հիվանդ կնոջը: Քսանչորս թոռներից ու ծոռներից քչերն են մնացել Հայաստանում: Երկիրը ոտքի կանգնեցնելու իր ծրագիրն է մշակել: Իր խոսքով` իրեն ոչ ոք չի հասկանում` բացի մի քանի մարտական ընկերներից, որոնք արդեն հարյուր տարեկան են:
«Ես կվերացնեի բանտերը: Կախաղաններ կտեղադրեի քաղաքի կենտրոնում: Ով ինչ հանցանք կգործեր, այդ նույն պահին կախաղան կհանեի: Մեկ տարի հետո երկրում կարգ ու կանոն կլիներ: Աշխարհում մի գիտակից մարդ չկա: Աշխարհում իշխում են թալանն ու կոռուպցիան: Ինչու պետք է Ազգային ժողովում հարյուր երեսունմեկ պատգամավոր լինի, ու բոլորն ախրանիկներ ունենան: Բանվոր-դասակարգ հասկացություն չկա այլևս: Իսկ ահա սովետական շրջանում ամեն ինչ իր տեղում էր» ,- ասում է Մնաց Գրիրգորյանը:
Վերջին շրջանում նա սկսել է հատուկ գրականություն ուսումնասիրել: Այս անգամ ուսումնասիրության առարկան տիեզերքն է: Հետաքրքրված է նաև դեղաբույսերով: Խստորեն հետևում է իր առողջությանը: Պատերազմի ժամանակ գլխից վիրավորվել է: Դրանից հետո լսողության խնդիրներ են առաջացել: Կցանկանար բուժվել, սակայն, իր խոսքով, անհնար է:
«Սովետական Միության ժամանակ բուժումն անվճար էր: Նույնիսկ մի տաք ճաշ էին անվճար տալիս: Իսկ հիմա, եթե ես գնամ պառկեմ մի քանի օր հիվանդանոցում, ինձ տաք ճաշ բերողն ո՞վ է լինելու: Բացի այդ, հիսունվեց հազար դրամ թոշակս չի բավականացնի »,- նշեց Մնաց պապը:
Հայրենական պատերազմի մասնակից Մնաց Գիրգորյանի երազանքն է` չորս զավակների, քսանչորս թոռների ու ծոռների հետ սեղան նստել: Մի նպատակ էլ ունի (ասաց, որ գաղտնիք է, բայց ինձ կասի, գուցե այլևս հնարավորություն չունենա խոսելու իր երազանքների մասին)` պայքարում է վաթսուն տարի կանգուն մնացած, բազում սերունդներ տեսած` Վարշավյան փողոցում գտնվող պատմական շենքը վերակառուցելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել