Վարչապետն արձագանքել է «Հետքի»՝ Գառնու տաճարի վերաբերյալ հրապարակմանը
Այսօր կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը արձագանքել է «Հետքի»՝ Գառնու տաճարում սրճարան կառուցելու վերաբերյալ հրապարակմանը, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ծանոթանալով մայիսի 6-ին hetq.am կայքում հրապարակված «Մշակույթի նախարարությունը չի հրաժարվել Գառնիի տաճարում սրճարան կառուցելու մտքից» հոդվածում նշված փաստերին, հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանն ուսումնասիրել ներկայացված խնդիրը:
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության աշխատակիցներն այցելել են Գառնիի պատմամշակույթային արգելոց-թանգարանի տարածք, որտեղ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի և արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ կատարել են համապատասխան դիտարկումներ:
Պարզվել է, որ 2014թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից մարտ-ապրիլ ամիսներին, արքունական բաղնիքի հետնամասում (հնագետների նախկին բազայի հարևանությամբ) իրականացվել են հենապատի ամրակայման և բարեկարգման աշխատանքներ: Հենապատի երկայնքով տեղադրվելիք ինը նստարանների ոտնակները գետնին ամրացնելու նպատակով՝ ՊՈԱԿ-ի կողմից ապրիլի 26-ին կատարվել են բետոնե հիմքերի նախապատրաստման և կանաչապատման (չիմապատման) աշխատանքներ: Ապրիլի 26-ից հետո արգելոցի տարածքում աշխատանքներ չեն իրականացվել: 05.05.2014թ-ին արգելոց-թանգարանի տարածք են բերվել և պահեստավորվել տեղադրման համար նախատեսված 9 նստարաններից 6-ը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արքունի բաղնիքի խճանկարի ներկայիս վիճակը մտահոգիչ է: Ըստ արգելոցի աշխատակիցների պարզաբանման` դա ջրահեռացում չիրականացնելու հետևանք է. ջուրը ներծծվում է խճանկարի տակ և ցուրտ եղանակների սառելով քայքայում է այն:
Պարզվել է նաև, որ արգելոցի տարածքի մուտքից դեպի տաճար տանող սալահատակն իրոք գտնվում է անմխիթար վիճակում և անհարմար է հաշմանդամություն ունեցող ու տարեց անձանց համար:
Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի պարզաբանման, Արքունիքի բաղնիքի խճանկարի, ինչպես նաև արգելոցի տարածքի մուտքից դեպի տաճար տանող սալահատակի հարցը քննարկվել է, օրակարգային է: 2014թ. պետբյուջեով գումար նախատեսված չէ, սակայն, սալահատակը վերաշարելու նպատակով աշխատանքներ են տարվում ՊՈԱԿ-ի միջոցներով, իրավաբանական և ֆիզիկական անձանց ու այլ կազմակերպությունների և անհատների աջակցությամբ:
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը վստահեցվել է, որ հենապատի ամրակայման ու բարեկարգման աշխատանքները կապված չեն բացօթյա սեզոնային սրճարանի տեղադրման հարցի հետ»:
Լուս.՝ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել