HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հին գիրքն էլ է եկեղեցի

Անահիտ Փիլոսյան

Փափուլ պապին շատերն են ճանաչում ոչ միայն իրենց գյուղում` Արենիում, այլ նաեւ հարեւան գյուղերում: Ասում է` կյանքում մի քանի անգամ անունը փոխել է, եւ համագյուղացիներից շատերն անգամ չգիտեն, որ անձնագրում իր անունը գրված է Փափաք ձեւով, ծննդյան վկայականում Պահլավունի է եղել, իսկ Փափուլն ընդամենը մականուն է:

«Քանի անուն ունեմ, սաղ էլ շումարա (անպիտան) բաներ են»,- դժգոհում է 71-ամյա արենցին:

Բայց Փափուլ պապին գյուղում հայտնի են դարձրել ոչ թե իր մի քանի անունները, այլ դարերի պատմություն ունեցող նրա գիրքը: Նա դժվարանում է պատասխանել, թե այս գիրքը, որը հայտնի է Կարմիր Ավետարան անվամբ, ստույգ երբ է գրվել, բայց այն, որ գիրքը հարյուր տարուց ավելի է իրենց տանն է, դա հաստատ է: Փափուլ պապի հաշվարկներով` գիրքը 3-4 դարի պատմություն ունի:

Հաշվարկները նրան հեռու են տանում, հասցնում միջնադար: Նա պնդում է, որ գիրքը մշակված մագաղաթի վրա է նկարազարդված: Այստեղ առասպելն ու իրականությունը իրար են միահյուսվում, եւ արդեն դժվար է դառնում գրքի տարիքը ճշգրիտ որոշելը: Բայց էականն արդեն գրքի ձեռք բերած արժեքն է:

«Էս գիրքը Նորավանքինն ա եղել, Նորավանքը 1373թ.-ին ա կառուցվել: Բայց թե ո՞ր թվին ա գրվել ու ո՞նց ա հասել իմ պապերին, կարալ չեմ հաստատ ասեմ, ամենաքիչը 16-17 դարերի կլինի»,- հաշվարկում է զրուցակիցս:

Փափաք Ղազարյանը հիշում է, որ գիրքն առաջին անգամ իր Մարան տատի մոտ է տեսել: Մինչեւ 1950-ական թթ. գիրքը Ղազարյանները գաղտնի են պահել այլախոհ չպիտակավորվելու վախից:

«Տատս սրբի պես ա պահել էս գիրքը, ըսկի չէր թողնում ձեռք տանք»,- հպարտանում է Փափաք պապը:

Գիրքը հիմա էլ են սրբի պես պահում: Տան անկյուններից մեկը դարձել է Կարմիր Ավետարանի «նստավայրը», ու այդ անկյունը վաղուց արդեն դարձել է յուրօրինակ մի աղոթատեղի: Մարդիկ հավատում են հին գրքի զորությանը: Այստեղ գալիս են մատաղ անելու կամ պարզապես մոմ վառելու: Սուսան տատին` Փափուլ պապի կինը, հիշում է, որ առաջին ուխտավորը 1980-ականն թթ. սկզբներին աբովյանցի մի ընտանիք էր:

«Գիդըմ չեմ ոնց էին լսել, եկան ասին` հիվանդ րեխա ունենք, Ավետարանի մոտ կարմիր որձակ պտի մորթենք»,- պատմում է նա:

Փափուլ պապն ասում է, որ գիրքը երբեք տնից դուրս չի հանել: Ովքեր ցանկանում են կարդալ կամ ծանոթանալ գրքին, նա սիրով իր տուն է առաջնորդում, բայց գրքին «հյուր» գնալ չի թողնում:

«Տատս մեռնելիս ասել ա` էս գիրքը էս տան ղսմաթն ա: Կարող ա տամ, բան չլի, համա կարող ա վատ բան ստացվի»,- բացատրում է զրուցակիցս: Նա նշում է, որ իրեն շատ անգամ են առաջարկել գիրքը վաճառել, բայց ինքը հրաժարվել է:

«Շտար (ինչքան) էլ ուզում են տան, ինչի՞ տամ: Էս տան քեթուկն ա»,- կարծում է Փափուլ պապը:

Նա հիշում է, որ տարիներ առաջ գրքի ետեւից Մատենադարանի փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանն է եկել: Բայց նա գիրքը ոչ միայն չի տարել, այլեւ իր մակագրությամբ մի գիրք է նվեր թողել: Փափուլ պապը հպարտությամբ է ցույց տալիս նաեւ հին ձեռագրերի մասնագետի մակագրած «Ձեռագրերի հետքերով» գիրքը: Ի դեպ, Բաբկեն Չուգասզյանը միակ մարդն է, ով մինչեւ վերջ կարողացել է կարդալ գիրքը:

Ինքը` գրքի տերը, ասում է, որ շատ գրքեր է կարդացել, բայց խոստովանում է, որ այս գիրքը ամբողջությամբ չի ընթերցել: Բայց նա համոզված է, որ գրքի արժեքը դրանով չի որոշվում: Հին գիրքը սրբություն է ու գերդաստանի մասունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter