Ջրատարներում ինչքան ուզես` ջուր կա, բայց այն հոսում է Թուրքիա
Արարատի մարզի Հովտաշատ գյուղը մոտ 1040 հա գյուղնշանակության հողատարածք ունի: Սեփականաշնորհված հողերից ոռոգելի է 140 հա-ը, սակայն դրանցից ընդամենը 1 հա-ի վրա են բանջարաբոստանային մշակաբույսեր ցանվել: Հողերի մնացած մասը գյուղացիները չեն մշակում եւ իրենց անասունների համար դարձրել են արոտավայր: Հովտաշատցիները բավարարվում են միայն իրենց տնամերձ հողամասերը մշակելով՝ անտեսելով սեփականաշնորհվածները: Հողի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լեւա Հովհաննիսյանը պայմանավորեց հողի ոչ եկամտաբեր լինելու, ոռոգման ջրի, վարուցանքի թանկության, բերքի իրացման խնդիրներով:
Հավանաբար դա է պատճառը, որ 2013թ. հուլիսի 9-ին աճուրդի ներկայացված 18 լոտ հողատարածքներից 4-ի համար ոչ մի հայտ չի ներկայացվել, իսկ մեկ հողակտորի համար հայտ ներկայացրածները փոխել են մտադրությունը եւ չեն ներկայացել աճուրդին:
«Ես էլ եմ այս գյուղի բնակիչ, հողն ինձ հետաքրքիր չի, ինչի՞ս է պետք: Սեփականաշնորհումը երբ ընթանում էր, այն ժամանակ հետաքրքրություն կար, մարդիկ մտել էին դաշտերը՝ հող, հող, հող ունենամ, շատ ունենամ: Մինչեւ 1998թ. իմ 1հա 1500քմ սեփականաշնորհված հողում բանջարաբոստանային կուլտուրաներ էի մշակում, բայց հետո տեսա, որ ջուր չկա, եկամուտ չի ապահովում, ծախսերը շատ են, էլ իմ ինչի՞ն էր պետք հող մշակելը: Արդեն 10 տարուց ավել է, ինչ իմ հողը չի ջրվել: Այսօր սեփականաշնորհված հողերում ընդամենը մեկ հեկտար բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակում: Մարդիկ հիմնականում իրենց տնամերձ հողերով են զբաղված»,- ասում է Լեւա Հովհաննիսյանը:
Աշխատակազմի քարտուղարը պատմեց, որ Հովտաշատի հողերի մի մասը ոռոգվում է Այղր լճից սկիզբ առնող Սեւջուր գետի ջրերով, սակայն վերջին տարիներին լճի ջուրը պակասել է, իսկ գետին սպառնում է ցամաքելու վտանգը, ինչը եւս աննպատակահարմար է դարձնում հող մշակելը:
«Հիմա մեր գյուղի տարածքով մեծ ջրատարներ են անցնում, երեւի այդքան ջրատար ոչ մի գյուղում չլինի: Այդ ջրերը գնում-թափվում են Թուրքիա, բայց հենց կպնում ենք ջրին, անմիջապես գալիս են, թե` դրա համար վճարեք: Եթե ես պիտի ծախսեր անեմ, խողովակներ անցկացնեմ, պոմպակայանով ջուր վերցնեմ ու մի 70 մետր տանեմ, որ հողս ոռոգեմ եւ դրանից հետո իմ վրա ջրի խորանարդ մետրը 11 դրամ հաշվեն, էլ ես հող կմշակե՞մ: Ջուր ինչքան ուզես` ջրատարներում կա, բայց որ հաշվում եմ իմ ծախսերը, այդ ջուրը ոչ թե 11 դրամ, այլ մի քանի անգամ ավելի թանկ է նստում ինձ վրա»,- ասում է Լեւա Հովհաննիսյանը:
Քանի որ հողն իրենց չի կերակրում, Հովտաշատի տղամարդկանց մի մասը մեկնում է արտագնա աշխատանքի: Այս տարի արդեն 50 հոգի մեկնել է, իսկ վերջին 1,5 տարվա ընթացքում 3 հովտաշատցի ընտանիք լքել է Հայաստանը:
Չնայած այս ամենին, համայնքապետարանը կարողանում է հավաքագրել սեփական եկամուտները: 2013թ· բյուջեի կատարողականը եղել է 101,7%: Մասնավորապես, հողի հարկի գծով հավաքագրումները կազմել են 100.04%, փոխադրամիջոցների եւ շենք-շինությունների գծով գույքահարկը` համապատասխանաբար 174.9% եւ 96.5%, տեղական տուրքերը՝ 169% եւ այլն:
Վերադառնալով աճուրդների թեմային` Լ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի իրենց համայնքում 2 աճուրդ է հայտարարվել, օտարվել է 16 կտոր հողատարածք՝ 19 մլն 590 հազար դրամ ընդհանուր արժեքով: Որպես կանոն` աճուրդի մասնակիցների եւ մեկնարկային գնին ավելացվող քայլերի թիվը երկուսից չի անցնում: Մասնակիցների թվի պակասը եւ երկու քայլից հետո մասնակցի «հանձնվելը» աշխատակազմի քարտուղարը դարձյալ բացատրեց հողի նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ: Ըստ նրա՝ մարդիկ հողերը ոչ թե բանջարաբոստանային կուլտուրաներ մշակելու համար են գնում, այլ որպես արոտավայր՝ իրենց անասունները պահելու համար:
Համայնքապետարանի քարտուղարը տեղեկացրեց, որ աճուրդներից ստացված գումարը ծախսվել է «լավ նպատակներով». լուծվել են գյուղի երկու փողոցների լուսավորության, մեկ փողոցի ասֆալտապատման, համայնքապետարանի շենքի վերանորոգման խնդիրները: Այս տարվա ընթացքում եւս աճուրդներ են լինելու, օտարվելու են տնամերձ հողեր: Դրանցից ակնկալվող եկամուտներն այս անգամ ուղղվելու են գյուղում հացատուն կառուցելուն, մանկապարտեզի շենքը լոկալ ջեռուցման համակարգով ապահովելուն, ամբուլատորիայի շենքը վերանորոգելուն:

Մինչ օրս գյուղը գլխավոր հատակագիծ չունի, այս տարի որոշել են նաեւ այս հարցը լուծել: «10 տարուց ավելի մանկապարտեզի շենքի մի մասն օգտագործվում է որպես հացատուն: Հանգուցյալների հոգեհացն այդտեղ են տալիս: Այն ժամանակ երեխաների թիվը պակաս էր, այսօր արդեն ավելացել է՝ 115 երեխա է հաճախում մանկապարտեզ, եւ տարածքը չի հերիքում: Բացի այդ, ընդհանրապես հարմար չէ մանկապարտեզի շենքում հացատան գոյությունը, մի մասում երեխաներ են, մյուսում՝ հոգեհացի համար հավաքված հանգուցյալի հարազատները»,- նշում է Լեւա Հովհաննիսյանը: Նա հույս ունի, որ այս տարի եւս կկարողանան իրագործել նախատեսված ծրագրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել