HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Այսօր Մրգաշատում խմել են 700 լիտր մաճառ

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում այսօր գրեթե բոլորը գինովցած էին: Դրա համար կար երկու պատճառ, նախ՝ վերանորոգումից հետո վերաբացվեց գյուղի ս. Աստվածածին եղեղեցին, բացի այդ՝ գյուղում նշում էին «մաճառի տոնը»: Մրգաշատի կենտրոնում սեղաններ էին գցված, եւ հնչում էր ուրախ երաժշտություն:

Մարզային իշխանություններից բացի հյուրեր էին եկել նաեւ Երեւանից, ներկա էր ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը: Գյուղում բոլորը սպասում էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն նա այդպես էլ չժամանեց: Իհարկե, դրանից տոնական տրամադրությունը չփչացավ: Գյուղացիները ջանում էին ներկաներին գոհացնել եւ հյուրասիրելուց հետո միայն ճանապարհել Մրգաշատից:

Գոհար Թովմասյանը պատմեց, որ մաճառի տոնը գյուղում նշում են արդեն 9 տարի: 2002թ. տոնի նախաձեռնողը եղել է համայնքապետ Գեւորգ Դանիելյանը: Գ. Թովմասյանը պատմում էր, որ տոնը կոչել են մաճառի, քանի որ գինին մաճառից է դառնում գինի: Ըստ տիկնոջ՝ տոնի առանձնահատկությունը հյուրասիրության եւ մաճառ պատրաստման հին ավանդույթները ցուցադրելու մեջ է:

Մինչ գյուղի ավագ սերունդը մասնակցում էր եկեղեցու սյուների օրհնությանը, երիտասարդները տարբեր չափի տարաները ձեռքերին հերթ էին կանգնել մաճառի տարաների մոտ: Երեխաները նույնիսկ տակառների պատվանդանի տակ էին մտել, որ րոպե առաջ տուն տանեն մաճառը:

Քաղցրահամ խմիչքի պակաս չկար, իսկ գյուղապետն ասաց, որ հատուկ տոնի համար 700 լիտր մաճառ մոտ 15 օր առաջ են պատրաստել: Ամբողջ մաճառը բաժանվեց գյուղացիներին, որին ավելացավ նաեւ մատաղն ու 20 կաթսայից ավել հարիսան:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ այսօրվա տոնակատարությունը մարզի գյուղատնտեսական տարվա լավագույն դրսեւորումն է, ինչը գնահատում է բավարար:

Ինչ վերաբերում է վերանորոգված եղեկեցուն, ապա այդ նվիրական գործին մասնակցել են համայնքի գրեթե բոլոր բնակիչները: Ներդրման չափը սկսվել է 20.000 դրամից: Եկեղեցու տանիքը վերանորոգվել է Արմավիրի քաղաքապետի եղբոր՝ Սարգիս Խլղաթյանի տրամադրած միջոցների հաշվին: Պատգամավոր Նահապետ Գեւորգյանը նույնպես ֆինանսական օգնություն է ցուցաբերել: Մրգաշատի ավագանին հենց նրանց էլ այսօր շնորհեց Մրգաշատի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ Արմավիրի մարզպետը համայնքապետ Գևորգ Դանիելյանին հանձնեց պատվոգիր:

Այսօր մրգաշատցիները հարեւան համայնքների «նախանձը շարժելու» եւս մեկ առիթ ունեին, ցուցադրում էին իրենց բնորոշմամբ, «սպիտակ ոսկին»՝ բամբակը: Մրգաշատում առաջին անգամ 18 հա բամբակ են մշակել: Գյուղապետը վերցրել է գյուղացիների անմշակ հողերն ու անձամբ բամբակի մշակություն սկսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter