
Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցները. Հակոբ Պողոսյանի լուսանկարչական ցուցահանդեսը
«2013թ. փետրվարից նկարում եմ մեր վետերաններին, այցելել եմ պատերազմի մոտ 700 մասնակցի: Երբ ՀՀ «Վետերանների միության» նախագահ Լեւոն Եսայանն ինձ տրամադրեց Հայրենական պատերազմի մասնակիցների ցուցակը, նրանք 1920-նն էին: Ցավալի է, բայց այսօր նրանցից ողջ է միայն 1300-ը: Երեւի հենց այն փաստի գիտակցումը, որ նրանց շարքերը գնալով նոսրանում են, ստիպեց ինձ ցուցադրել լուսանկարներս: Մինչ այդ նրանց լուսանկարները հրապարակել էի ֆոտոշարքով Hetq.am կայքում»,- պատմում է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը:
Մայիսի 12-ին, ժամը 14.00-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում, նույն կենտրոնի աջակցությամբ, կկայանա Հակոբ Պողոսյանի «Թանկագին ծերեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարելիցին: Կցուցադրվի 100 լուսանկար: Ցուցահանդեսին կմասնակցի նաեւ Հայրենական պատերազմի 100 մասնակից:
47-ամյա Հակոբ Պողոսյանը նաեւ ղարաբաղյան շարժման եւ արցախյան պատերազմի վավերագրողներից է: 1990-1994 թթ. մասնակցել է արցախյան պատերազմին, պատերազմի դաշտում նրա անցած ուղին բավականին երկար է. Երասխավան, Նոյեմբերյան, Իջեւան, Գորիս, Գետաշեն, Հադրութ, Ղարադաղլու, Կրկժան, Մալիբեյլի, Խոջալու, Աղդամ, Շուշի... Այս ուղին նա անցել է Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած Շուշիի առանձնակի գումարտակի, Ռոմիկի, Բորիսի, իրանահայ Արմիկի, Շահեն Մեղրյանի, Սասուն Միքայելյանի, Վիտյա Այվազյանի «Խալդ», Հակոբ Հակոբյանի «Մալաթիա», «Արաբո» ջոկատների հետ` ֆոտոխցիկով ու տեսախցիկով վավերացնելով հիշարժան պահերը, այդ թվում` մարտական գործողությունները: Այժմ Հ. Պողոսյանի արխիվում ավելի քան 1000 լուսանկար ու 90 ժամ ընդհանուր տեւողությամբ 25 հատ տեսաժապավեն կա:
![]() |
![]() |
Լուսանկարիչը 1984-2003 թթ. աշխատել է Պետական (այնուհետ` Ազգային, Հանրային) հեռուստատեսությունում: Հիմա լուսանկարչատուն ունի, հիմնականում զբաղվում է լուսանկարչությամբ: Տեսանյութերով օգնել է «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ստեղծմանը, հիմա էլ շարունակում է կադրեր տրամադրել տարբեր հաղորդաշարերի: Բայց ամենակարեւորը արխիվի պահպանումն է, ինչը մեծ ֆինանսներ է պահանջում:
Հ. Պողոսյանի նկարներից մի քանիսը ցուցադրվում են «Մայր Հայաստան» թանգարանում եւ Ռազմական ինստիտուտում, մի քանի նկար էլ գտնվում է Ստեփանակերտի թանգարանում:
Մեկնաբանել