Պատմության լավագույն վոկալիստները
2011թ. «New Musical Express» բրիտանական հեղինակավոր ամսագրի խմբագրության կողմից հարցում անցկացվեց, որի հիման վրա ամսագրի տասը միլիոն ընթերցողներ որոշեցին պատմության լավագույն երգչին կամ վոկալիստին: Նա փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնն էր:
Ջեքսոնը հաղթել էր ահռելի տարբերությամբ` 9,02 ցուցանիշով: Երկրորդ տեղում Ֆրեդի Մերկուրին է` 8,39: Երրորդ տեղը բաժին է հասել Էլվիս Փրեսլիին` 7,17: Առաջին հայացքից, առաջին տասնյակը աչքի անցկացնելիս` շատ երաժշտասերներ, հուսով եմ, անկեղծորեն կզարմանան անունների դիմաց ստացված ձայների թվերից` թեև առաջին եռյակն էլ արդեն դրա համար հող է նախապատրաստում, օրինակ, որ Ֆրեդի Մերկուրին Ջեքսոնից հետո է։ Իսկ ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ Արեթա Ֆրենքլինը 10-րդ տեղն է զբաղեցրել, Ռոբերտ Փլանթը` 7-րդ, իսկ ահա Ջոն Լենոնը՝ 5-րդ` ամենազորեղ վոկալիստներից առաջ:
«Deep purple» խմբի մենակատար Իեն Գիլանը, ում ձայնի հզորությունն ու նաև դրանով առանձնահատուկ լինելը բազմիցս է նշվել, ընդհանրապես առաջին գոնե 20 անուններում բացակայում է: Ուրեմն այսպես են հարմար գտել երաժշտասերները, ում ձեռքերում են այս անունների հարատևությունն ու հակառակը` մոռացումը:
Իրականում, նման հարցումները նպատակ ունեն վերանայել երաժիշտների հանդեպ հասարակության վերաբերմունքը ժամանակի ընթացքում և որոշ առումներով հիշեցնել ժամանակակից փոփ-խուճապային մթնոլորտում լավ երաժշտության չափանիշների մասին:
Ի դեպ՝ այս ամսագիրը հաճախ է նման առիթներ ստեղծում, իսկ հարցման ցանկն ընդգրկել էր արտիստների, ովքեր ամեն մեկն իր սահմանում, փոխել է ժամանակի երաժշտության ընթացքն ու իր ներդրումով պայմանավորել նրա հետագա դեմքն ու զարգացումը: Այսպիսով բոլոր ժամանակների 20 լավագույն երգիչների ցուցակը, ըստ «New Musical Express» ամսագրի տվյալների, ունի հետևյալ տեսքը՝
1. Մայքլ Ջեքսոն, 2. Ֆրեդի Մերկուրի, 3. Էլվիս Փրեսլի, 4. Էքսլ Ռոուզ, 5. Ջոն Լեննոն, 6. Դեւիդ Բոուի, 7. Ռոբերտ Փլանթ, 8. Փոլ ՄքՔարթնի, 9. Սթիվի Ուոնդեր, 10. Արետա Ֆրանկլին, 11. Մեթթյու Բելլամի, 12. Ռեյ Չառլզ, 13. Ջիմ Մորիսոն, 14. Բոբ Մառլի, 15. Էլթոն Ջոն, 16. Քուրթ Քոբեյն, 17. Սթիվեն Թայլեր, 18. Միք Ջագեր, 19. Մարվին Գեյ, 20. Թինա Թըրներ
«Ռետրո Ակումբի» շարքում այս խմբից հաջորդաբար կհիշենք մի քանի անունների, որոնք, կարծում ենք, երաժշտության պատմության մեջ իսկապես առանձնանում են վոկալի որակներով:
«Ես ռոմանտիկ եմ, բայց մշտապես պատ եմ կառուցել իմ շուրջը։ Այնպես որ, մարդկանց համար դժվար է ներս մտնել ու հասկանալ իմ իրական եսը»,- Ֆրեդի Մերկուրի:
Նրա իսկական անունն է Ֆարուխ Բուլսարա, բրիտանական լեգենդար «Queen» ռոք խմբի մենակատար, երգերի հեղինակ, ում կատարողական ոճն առանձնանում էր բեմական արտիստիկ խառնվածքով, և ով երաժշտության մեջ ակնհայտորեն հիշվում է լայն դիապազոն ընդգրկող ձայնի հզորությամբ` գերազանցելով չորս օկտավա բարձրությունը: Ֆրեդին է խմբի մի շարք հիթային երգերի հեղինակը` «Bohemian Rhapsody», «Killer Queen», «Somebody to Love», «Crazy Little Thing Called Love», «Don’t Stop Me Now», «We Are The Champions» և այլն: Նրան վստահորեն կարելի է համարել իր ժամանակի խորհրդանիշներից մեկը, համարձակ ու անկանխատեսելի անհատականություն, ում հաջողվում էր բեմում հասնել անկարելիին: Համերգների ժամանակ նույնիսկ խմբի անդամներն էին հանդիսատես դառնում, թե ինչպես էր նա կարողանում դուրս գալ նախապես ծրագրված շրջանակներից ու ենթարկել իրեն և բեմը, և դահլիճը, և երաժիշտներին:
«Բեմում ես ինձ այնքան ուժեղ եմ զգում, կարծես սեղծել եմ մի հսկայի… երբ ելույթ եմ ունենում, էքստրովերտ եմ, մինչդեռ ներքուստ բոլորովին այլ մարդ եմ»,- ասել է երգիչը հարցազրույցներից մեկում: Ժամանակակիցների մեկնաբանությամբ՝ բեմից դուրս նա ամաչկոտ ու շատ փակ անձնավորություն էր:
«Ֆրեդին այն բացառիկ քչերից էր, ով կարողանում էր ձեռքի մեջ պահել մի հսկա մարզադաշտ: Միլիոնավոր երկրպագուների հետ այսօր ես ամենաշատը կարոտում եմ նրա բացառիկ ելույթներն ու ադամանդե ձայնը»,- գրել է բրիտանացի երաժիշտ, «Status Quo» խմբի առաջնորդ Ֆրենսիս Ռոսսին:
1988թ. ֆրեդի Մերկուրին հանդես եկավ օպերային աստղ Մոնսերատ Կաբալիեյի հետ։ Այս համարձակ քայլը թեև զարմացրեց շատերին, բայց արդյունքը ևս մեկ անգամ հասատեց նրա տաղանդի բացառիկ շնորհը:
Բրիտանական «Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկի 18-րդ տեղում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել