«Բազմաբեւեռ աշխարհակարգի» քարոզը
Էդգար Վարդանյան
Պուտինյան ռեժիմը պնդում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհը դարձել է միաբեւեռ։ Նշվում է, որ այսօր, ի դեմս ԱՄՆ-ի, կա մեկ բեւեռ, որը ցանկանում է տիրել ամբողջ աշխարհը եւ որ պետք է անել հնարավորինս որպեսզի դա տեղի չունենա։ Պուտինիստները ակնարկում են, որ աշխարհը կարող է փրկել Ռուսաստանը, որը, կրկին վերածվելով գերկայսրության աշխարհը կդարձնի բազմաբեւեռ։ Ըստ էության եվրասիական ինտեգրացիոն ծրագիրը կոչված է ծառայելու Ռուսաստանը գերկայսրություն դարձնելու նպատակին։
Հաճախ նշվում է, որ բազմաբեւեռ աշխարհի կոնցեպցիայի առավելությունն այն է, որ երբ այն կյանքի է կոչվում աշխարհում հաստատվում է զսպումների եւ հակակշիռների համակարգ, ինչը նպաստում է նրան, որ միջազգային մակարդակով կայացվող որոշումները եւ դրանց հիման վրա ծավալվող գործընթացները լինեն ավելի հավասարակշռված, հնարավորինս հաշվի առնվեն տարբեր պետությունների շահերը, ապահովվեն երկրների զարգացումը եւ խաղաղ գոյատեւումը։ Սակայն, երբ վերլուծում ես այս թեզը մանրամասնողների մտքերը պարզվում է, որ բազմաբեւեռ աշխարհի քարոզիչների մի զգալի մասը, իրականում, միաբեւեռ, ավտորիտար, մեկ կամ մի քանի անձերի կողմից կառավարվող աշխարհի կողմնակիցներ են եւ/կամ մանր կեղծարարներ։
Սկսենք վերջինից՝ հայտարարվում է, որ այսօրվա աշխարհում չկա զարգացում եւ գրեթե բոլոր առումներով վերջինս դեգրադացվում է եւ որ դրա մեղավորը Միացյալ Նահանգներն են։ Բայց փաստերը լրիվ այլ բանի մասին են խոսում։ Այսպես կոչված «առաջին աշխարհի» երկրները, չնայած տարատեսակ ֆինանսա-տնտեսական ճգնաժամերի, պահպանում են կյանքի բարձր մակարդակը, իսկ որոշները, օրինակ, Գերմանիան, կայուն աճ են ապահովում։
Վերջին շրջանում, Չինաստանի զարգացման տեմպերը հասել են ապշեցուցիչ մակարդակի եւ արդեն իսկ ասվում է, որ մոտ ապագայում այդ երկիրը կարող է դառնալ թիվ մեկ տնտեսապես զարգացած պետությունը։ Սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքում միջազգային ասպարեզում լուրջ խաղացողներ են դառնում երբեմն երրորդ աշխարհի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը, Բրազիլիան, Ինդոնեզիան եւ այլն։
Տարբեր վիճակագրական տվյալները, միջազգային զանազան կազմակերպությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ տարբեր ցուցանիշներով, օրինակ՝ հիվանդությունների տարածվածության, գրագիտության մակարդակով, տնտեսական զարգացման, տեխնոլոգիաների հասանելիության եւ այլն, աշխարհը այսօր անհամեմատ ավելի լավ վիճակում է գտնվում քան սառը պատերազմի տարիներին։ Ինտերնետի դարում այս ամենը շատ հեշտ է ստուգել, սակայն պուտինյան ռեժիմը, օգտվելով այն հանգամանքից, որ վերոնշյալ տեղակտվությունը մատչելի կերպով չի ներկայացվում հանրությանը եւ որ մարդկանց մեծամասնությունը դեռեւս տեղեկատվությունը ստանում է իշխանությունների կողմից վերահսկվող հեռուստատեսությունից, կարողանում է իր քարոզչամեքենայի միջոցով «լվանալ ուղեղները»:
«Բազմաբեւեռ աշխարհի» ռուսաստանյան քարոզիչերից շատերը նշում են, որ այսօրվա գերիշխող բեւեռի կողմից քարոզվող արժեքային համակարգն ունի կործանիչ բնույթ։ Եթե այդպես է, ուրեմն ստացվում է, որ ձեւավորվելիք «հակակշռող բեւեռը» պետք է մերժի եւ չհանդուրժի այդ համակարգը, այսինքն պետք է փորձի չեզոքացնել այդ բեւեռը։ Եվ պատահական չեն հայտարարությունները, թե անհրաժեշտ է չեզոքացնել պետությունից անկախ գործող հասարակական կազմակերպություններին։
Պուտինյան ռեժիմի պահապանները գտնում են, որ ազատ միությունները ու, ընդհանրապես, մարդու իրավունքների, ժողովրդավարության ջատագովները իրենց իսկ բնույթով ուժեղացնում են այդ միակ բեւեռը, որն, իր հերթին, ենթակա է չեզոքացման։ Այսինքն, պուտինիստները, իրականում, բազմաբեւեռ աշխարհի կողմնակիցներ չեն, նրանք միաբեւեռ աշխարհի կողմնակից են, ուղղակի նրանք ցանկանում են, որ այդ միակ բեւեռը հենց իրենք լինեն։
Բայց որո՞նք են այդ կործանիչ, արեւմտյան արժեքները, որոնց մասին այդքան հաճախ խոսում են պուտինիստները։ Պարզվում է, որ դրանք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ՄԱԿ-ի կանոնադրությունում եւ այլ նման փաստաթղթերում եւ դեմոկրատական սահմանադրություններում ամրագրված սկզբունքներն են։ Հենց այդպես։ Չե՞ք հավատում, ուսումնասիրեք, օրինակ, եվրասիականության պրոպագանդիստ Ա.Դուգինի, Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ, ՌԴ պատգամավոր Ե. Ֆյոդորովի մտքերը։
Իսկ որո՞նք են «եվրասիական բեւեռի» այլընտրանքային արժեքները։ Դատելով այդ բեւեռի կողմնակիցների մեծամասնության ելույթներից, հոդվածներից, գործողություններից կարելի է ասել, որ վերջիններիս արժեքային համակարգի հիմնական մեխը դա հնազանդությունն է։ Վերոնշյալ արժեքային համակարգում գերիշխում են հետեւյալ բայերը՝ արգելել, սահմանափակել, ճնշել, իշխել, մերժել, հնազանդեցնել եւ այլն։ «Եվրազիստները» գտնում են, որ առանձին մարդիկ, ի վերուստ, ունեն իշխելու իրավունք, որ կան ընտրյալներ, իսկ մնացած մարդիկ թերզարգացած են, ուստի ընտրյալները պետք է որոշեն, թե ինչպես պետք է ապրեն այդ մնացածները։ Սա ավտորիտար, բռնապետական պետություններին բնորոշ էլիտիստական, ռեակցիոն գաղափարախոսություն է, պուտինիստները չեն փայլում օրիգինալությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել