
ԱՄՆ քաղաքականության մտահոգություններն ու դեսպան Ուորլիքի ուղերձը
Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան
Մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում խոստացված ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Դեսպան Ուորլիքը իր «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» վերտառությամբ զեկույցում ներկայացրեց «ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը», որով իր երկիրն առաջնորդվում է «խաղաղության հասնելու հարցում կողմերին օգնություն ցուցաբերելու ներգրավվածության շրջանակում»: Խոսելով համանախագահների առաքելության մասին, ամերիկյան համանախագահը նշեց, թե իրենց «նպատակը պետք է լինի առաջընթացի պրագմատիկ ճանապարհ գտնելը, որը տեւական լուծում կապահովի»:
Ուորլիքի ուղերձը յուրօրինակ հաշվետվություն է սեպտեմբերից (երբ նա ստանձնեց Մինկսի խմբում ԱՄՆ համանախագահությունը) մինչեւ այժմ համանախագահների կատարած աշխատանքի, տարածաշրջան կատարած այցելությունների, հրադադարի ռեժիմի դիտարկումների, կողմերի հետ հանդիպումներից ունեցած տպավորությունների, հակամարտության դիմաց կողմերի վճարած գնի եւ այլ ասպեկտների մասին: Իհարկե, դժվար է «տեւական լուծում» անվանել նրա ուղերձում վերաշարադրված 6 կետերը, որոնք երկու տասնամյակ տարբեր մոդիֆիկացիաներով (փաթեթային, փուլային, Մադրիդյան առաջարկներ, Լ’Աքվիլայի ու Մուսկոկայի հայտարարություններ եւ այլն) քննարկվել ու այդպես էլ չեն արժանացել կողմերի լիակատար համաձայնությանը: Այդուհանդերձ, կարեւոր է հասկանալ, թե վիճահարույց այդ վեց կետերից ու ձեւակեպումներից անդին ի՞նչ գործընթացի հետ գործ ունենք այժմ, եւ ինչի՞ վրա է լույս սփռում դեսպան Ուորլիքի ուղերձը:
Թերեւս, մակերեսային են Հայաստանում նկատվող այն անդրադարձները, որոնք կենտրոնանում են բացառապես Ուորլիքի ելույթում առկա 6 կետերի կամ ադրբեջանահաճո թեզերի վրա՝ անգամ ուշադրություն չդարձնելով դրանց ձեւակերպմանն ու համատեքստին:
Դրանք, անշուշտ, մտածված են եւ հատուկ են օգտագործվում Երեւանին, Ստեփանակերտին ու Բաքվին ինչ-որ բան հասկացնելու, «դեղին» ու «կարմիր» քարտեր ցույց տալու, կողմերին սարսափեցնելու կամ խրախուսելու համար: Անշուշտ, դրանք ըմբռնելը նույնպես կարեւոր է: Սակայն առավել էական է ի նկատի ունենալ, որ դեսպան Ուորլիքը ուղերձ է հղում բավական բարդ աշխարհաքաղաքական համատեքստում, երբ ծավալվող դրամային զուգընթաց ուշագրավ ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում եւ Ադրբեջանում: Մասնավորապես.
1. Ուկրաինայի շուրջ ԱՄՆ/Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը ոչ միայն թուլանալու միտումներ ցույց չի տալիս Ղրիմի անջատումից եւ Ռուսաստանին միանալուց հետո (երբ ՄԱԿ-ում խնդրո առնչությամբ բանաձեւի ընդունումը կարող էր կոնֆլիկտը փոխակերպել քաղաքական հարթության մեջ տեւական դիրքային դիմակայության՝ նվազեցնել ռազմական առճակատման ռիսկերը, ինչպես վրացական հակամարտություններից հետո եղավ), այլեւ ավելի է սրվում Ուկրաինայի հարավ-արեւելքում լարվածության աճի պատճառով:
Դժվար թե ամերիկյան կողմը, որ ակտիվացնում է ղարաբաղյան խնդրով բանակցային գործընթացը, չգիտակցի, թե հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գերակայության իրավունքի ու դրա հաստատման (այն էլ` ոչ միջազգային իրավունքի շրջանակներում) վիճարկումը, որի դրսեւորումներից մեկը ուկրաինական ճգնաժամն է, էապես չի ազդի Մինսկի խմբում նրանց միջեւ համաձայնությունների ձեռքբերման վրա:
Վերջին հաշվով, Հարավային Կովկասը Կրեմլի կողմից գերկարեւորվող մեկ այլ առանցքային տիրույթ է այդ նույն տարածության մեջ, իսկ այնտեղ է՛լ ավելի ամրապնդվելու մասին անցած տարվա դեկտեմբերի 2-ին հենց Երեւանում հայտարարեց ՌԴ նախագահը: Այդ ամենը նշանակում է, որ ԱՄՆ-ը այնքան միամիտ չէ, որ նման հանգամանքներում ակնկալի Մինսկի խմբում Ռուսաստանի հետ նույնական դիրքորոշումներ ղարաբաղյան հակամարտության հարցում:
Հետեւաբար, դեսպան Ուորլիքի զեկույցը այս բարդ իրավիճակում ու նույնքան բարդ հակամարտության կարգավորման համար շուտափույթ լուծումներ գտնելու մասին չէ, իսկ 6 կետերի հիշատակումն ու մնացյալ ակնարկներն առաջին հերթին այլ նպատակներ են հետապնդում:
2. Մայիսի վերջին ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությունը խոստանում է էապես կարծրացնել Արեւմուտք-Ռուսաստան պատը, եւ որքան էլ մինչեւ մայիս տեղի չունեցավ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացումը, այդ կառույցների վերակազմակերպումից հետո Վ. Պուտինի ասած՝ ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակին Հայաստանի միանալու գործընթացը կարող է էապես նեղացնել, եթե չասենք՝ լրջորեն վտանգել Վաշինգտոն-Երեւան, ՆԱՏՕ-Հայաստան ռազմավարական համագործակցության հեռանկարը:
Այսինքն, Վաշինգտոնը կարող է Հարավային Կովկասում լուրջ գործընկեր կորցնել, որը, եթե ուրիշ բան չլինի, ապա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր կոնֆլիկտներով ժամանակ առ ժամանակ պետք է գալիս վերջիններիս անվերահսկելի վարքագծերի վրա ազդելու նպատակով: Թեպետ, այդ մարտավարական խնդրից զատ, Վաշինգտոնը Հայաստանի հետ կապված ավելի երկարաժամկետ ու ռազմավարական նպատակներ ունի, որոնց վրա կարող է անդառնալիորեն ազդել դեպի Եվրասիական միություն Հայաստանի անշրջելի ընթացքը:
Հետեւաբար, Ուորլիքի զեկույցում ներառելով Երեւանի ու Ստեփանակերտի համար անհաճո ձեւակերպումներ` ԱՄՆ-ը ավելի շատ նպատակ ունի նրանց ուղերձ հասցնել այն մասին, թե ի՞նչ կարժենա երկրի լիակատար եվրասիականացումը, եւ ի՞նչ գին կվճարեն երկուսով դրա դիմաց:
3. Ղրիմում ռազմական ներկայություն ունենալու եւ այդ պայմաններում թերակղզու անջատմանը հասնելուց հետո Կրեմլը ձեռնամուխ է եղել նոր հնարքների՝ նաեւ Ուկրաինայի հարավ-արեւելքում նմանատիպ ներկայության հասնելու համար: Մերձդնեստրում վերջին զարգացումները (ապրիլի կեսերին Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորները դիմեցին ՌԴ-ին, ԵԱՀԿ-ին ու ՄԱԿ-ին` ինքնահռչակ հանրապետությունը ճանաչելու խնդրանքով, որն առայժմ դրամատիկ ընթացք չի ստացել Կրեմլի որոշմամբ), Լեռնային Ղարաբաղ-Ղրիմ «զուգահեռների» տեսանելի քաղաքականությունը, դրան պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի ուղղակի եւ անուղղակի համակրանքն ու հավանությունը չեն կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին:
Այդ գործընթացների խորանալու դեպքում ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ ԵԱՀԿ-ը կարող են կորցնել վերահսկողությունը ղարաբաղյան խնդրի, ասել է թե` Հայաստանի ու Ադրբեջանի, նաեւ՝ Հարավային Կովկասի նկատմամբ, եթե վաղօրոք չկանխեն նման հեռանկարը՝ Ադրբեջանին ավելի շատ գայթակղելով, իսկ Հայաստանին ու ԼՂ-ին՝ ավելի շատ նախազգուշացնելով: Հետեւաբար, Ուորլիքի ուղերձի ասելիքը կապ ունի նաեւ ԱՄՆ-ի այս մի մտահոգության հետ: ԱՄՆ-ը չի կարող չնկատել հետխորհդային տարածքում հակամարտության գոտիների ռուսամետ ակտիվացումը, նաեւ չի կարող անտարբեր մնալ «անտեսանելի ձեռքով համակարգված ու սինխրոնացված» նույնաձեռագիր գործողությունների հանդեպ:
Եթե Մերձդնեստրի դեպքում դիպաշարը տեսանելի է, ապա Լեռնային Ղարաբաղի դեպքում այն կարող է ընդունել տարբեր զարգացումներ. կա’մ Կրեմլը կարող է առաջինը Ադրբեջանին դրդել ռազմական արկածախնդրության՝ Երեւանին ու Ստեփանակերտին կանգնեցնելով ավելի մեծ վտանգների առջեւ, որոնք ստիպված կհայցեն ռուսական ռազմական ներկայություն ու միջամտություն, կա’մ Կրեմլը ավելի ու ավելի կգայթակղի Երեւանին եւ Ստեփանակերտին Ղրիմի նախադեպով՝ հանգեցնելով Ադրբեջանի նախահարձակ ռազմական հակազդեցությանը:
Այսինքն, ԱՄՆ-ը չի կարող չնկատել սողացող պատերազմի այդ վտանգը եւ չմտածել դրան հակազդելու կամ անցանկալի զարգացումների դեպքում Արեւմուտքի միջամտության ու ներկայության ապահովման մասին:
4. Ուորլիքի ուղերձը կապ ունի նաեւ վերջին տարիներին ու ամիսներին լարվածության աճ արձանագրող Վաշնգտոն-Բաքու, Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների հետ: Իսկ դրա գլխավոր պատճառներն այն են, որ Անկարա-Բաքու դաշինքը իր փոխպայմանավորված ու փոխհամաձայնեցված խաղով տարիներ շարունակ խոչընդոտում է ԱՄՆ/Արեւմուտքի քաղաքականությանը ոչ միայն Եվրասիական տարածաշրջանում, այլեւ Մերձավոր Արեւելքում:
Ավելին, այդ փոխպայմանավորված քաղաքականությունն ավելի է ամրապնդում Ռուսաստանի դիրքերը, թեպետ Բաքվի ու Անկարայի շահերն էլ երբեմն հայտնվում են Կրեմլի քաղաքականության կողմից կլանման վտանգի տակ: Եւ այս իրադրության մեջ պատահական չէ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի շուրթերով մերթ Թուրքիային, մերթ Բաքվին անուղղակի նախազգուշացումները ցեղասպանության կամ ղարաբաղյան խնդրով:
ԱՄՆ-ը տեսանելիորեն գիտակցում է, որ ռազմավարական առումով ախոյան ու մարտավարական առումով գործընկեր ռուսական ու թուրքական սալերը միմյանց մերձենալու/բախվելու դեպքում առաջին հերթին կվտանգեն հենց իր շահերը: Իսկ այդպիսի նշաններ նույնպես կան:
5. Վերջապես, Ուորլիքի ուղերձը կապ ունի Ադրբեջանում ու Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խորքային պրոցեսների հետ, որոնք շատ առումներով ամբողջությամբ չգիտակցված են մնում անգամ այդ երկրների ներքին դերակատարների կողմից: Իսկ դրանք իրենց մեջ տեսանելի եւ վտանգավոր հակաարեւմտականություն կամ դրա ներուժ են պարունակում:
Վերջին հաշվով, վերը թվարկված բոլոր խնդիրների ուղղությամբ այդ երկրների վարած քաղաքականության հակադրությունը ամերիկյան շահերին ուղղակիորեն արդյունք է Երեւանում ու Բաքվում առաջնորդների ընդունած որոշումների, ինչի պատճառով էլ Ուորլիքի զեկույցը մասամբ ձեռնոց է դառնում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին եւ կարող է լուրջ ազդեցություն թողնել հետագա ներքաղաքական զարգացումների վրա:
Երբ հանգամանորեն ուսումնասիրում ենք վերջին տարիներին ու/կամ ամիսներին (կախված նրանից, թե որի մասին է խոսքը) նշված խնդիրներով զարգացումների դինամիկան, Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների եւ վարած քաղաքականության համադրությունն ու հակադրությունը ամերիկյան քաղաքականությանը, հասկանալի է դառնում Ուորլիքի զեկույցի կառուցվածքը, ուղերձները, տողատակերը եւ, վերջապես, թիրախները:
Տարաշածրջանի մի ողջ դինամիկա անուղղակի արտացոլված է դրանում: Ուստի սպասելի էր, որ ԱՄՆ-ը պետք այժմ է՛լ ավելի շտապի՝ թույլ չտալու համար անցանկալի դիպաշարեր նաեւ Հարավային Կովկասում, կամ ինքն էլ նախապատրաստվի դրանց: 2013թ. սեպտեմբերից ստանձնելով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությունը եւ հռչակելով բանակցություններում առաջընթաց գրանցելու` իր երկրի վճռականությունն ու հաստատակամությունը` ԱՄՆ համանախագահ Ուորլիքը մարտի վերջին բավական դժվարությամբ Հաագայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներից նախ «սկզբունքային համաձայնություն» կորզեց առաջիկայում նախագահների մակարդակով ղարաբաղյան գագաթաժողով հրավիրելու մասին:
Իսկ ապրիլի 4-ին էլ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներով «հավաստեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման ուղղությամբ աշխատելու իրենց նվիրվածությունը» եւ քննարկեցին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ «մոտ ապագայում հնարավոր հանդիպումը»:
Այդ հանդիպման առանցքային ուղերձը, թերեւս, այն էր, որ նրանք նշել էին «հիմնական հարցերում հետագա առաջընթացի անհետաձգելիությունը» եւ վերստին ընդգծել «տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարելու եւ խաղաղ գործընթացը առաջ մղելու անհրաժեշտությունը»:
Որքան էլ նախկին հրապարակումներում անդրադարձել ենք վերը թվարկված 5 խնդիրներով տեղի ունեցած զարգացումների տարբեր ասպեկտներին (Ղարաբաղյան գագաթաժողովը եւ Արեւմուտքի թափանցիկ ակնարկը Երեւանին-1, Ղրիմի խնդիրը, Ղարաբաղյան գագաթաժողովը եւ Արեւմուտքի թափանցիկ ակնարկը Երեւանին-2, Ղարաբաղյան գագաթաժողովը եւ Արևմուտքի թափանցիկ ակնարկը Երեւանին-3 , ինչպես նաեւ՝ Մաքսային միությանը Հայաստանի չմիանալուն վերաբերող վերլուծական շարքը), այդուհանդերձ, 5 կետերի ներքո թվարկված ԱՄՆ մտահոգությունները հաստատող անհերքելի փաստերին եւ Ուորլիքի զեկույցին փոխկապակցված կանդրադառնանք ավելի հանգամանորեն: Արդ՝ առարկայորեն ի՞նչ է ակնարկում դեսպան Ուորլիքի զեկույցը եւ ինչու՞:
Լուսանկարը` amerikayidzayn.com-ի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել