Ավտովթար Չարենցի փողոցում. 3 զոհ, երկուսը ոստիկան են
Այսօր լուսադեմին՝ ժամը 04:15-ի սահմաններում, Չարենցի փողոցի 23 շենքի դիմաց «Ֆոլցվագեն-Պասսատ» մակնիշի 02 ՍՍ 256 համարանիշի ավտոմեքենան ընդհարվել է «Վոլվո-ՖՀ 13» մակնիշի 482 ԼՍ 68 համարանիշի բեռնատար ավտոմեքենային:
Ինչպես «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆոլցվագենը» վարել է 23-ամյա Գարիկ Հովհաննիսյանը, ով աշխատել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում՝ որպես հետաքննության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ է: Իսկ
բեռնատարը պատկանում է «Սպայկա» ՍՊԸ-ին, որը վարել է 30-ամյա Գեւորգ Մարկոսյանը:
Բախումից հետո «Ֆոլցվագենն» ընդհարվել է աջ մայթեզրին կայանված «Նիսսան X Թայլ» մակնիշի 616 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենային: Նշված ավտոմեքենան պատկանում է «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ին եւ ամրակցված է վարորդ, 36-ամյա Վահան Ստեփանյանին:
Այնուհետեւ «Ֆոլցվագենն» ընդհարվել է ծառին: Վթարի հետեւանքով «Ֆոլցվագենի» վարորդը եւ ուղեւորներ, 24-ամյա Հարություն Քարամյանը, որն աշխատել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում՝ որպես տեղամասային տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ, եւ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Սիմոնյանը տեղում մահացել են:
Իսկ «Վոլվոյի» վարորդը բուժօգնության է դիմել Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մահացածների մարմիններն ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի քաղաքի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները: Շուրջ 3 ժամ է պահանջվել նրանցից, որպեսզի
հատուկ տեխնիկայի միջոցով կարողանան դուրս բերել մահացածների մարմինները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանը՝ օպերատիվ խմբով: Եկել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում մոտ 4 ժամ դադարեցվել է երթեւեկությունը, որն ապահովել են Երեւանի ՃՈ աշխատակիցները՝ Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են ժամանել նաեւ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության ավտոտեխնիկական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ հավանաբար
նախապատրաստված նյութերը կուղարկվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել