HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանիքների նորոգմանը ֆինանսական ներդրումով կմասնակցեն բնակիչները

Լուսինե Փարսադանյան

Տեղացող անձրեւները կրկին սկսել են անհանգստացնել բազմաբնակարան շենքերի վերջին հարկերում բնակվողներին: Ալավերդու Ջրավազան թաղամասի 60-րդ շենքի բնակչուհի Վարդիթեր Ծատինյանը անձրեւներից վնասված տան պատերը վերջերս է վերանորոգել, տանիքում էլ մասնակի վերանորոգում են կատարել բնակշահագործման տեղամասի աշխատակիցները, սակայն, պատերը նորից խոնավացել են: «Չգիտես ինչու, մուտքի ներքեւի հարկում ապրող բնակիչներին այս հարցը չի հուզում: Գումար հավաքելուց նրանք միանշանակ հրաժարվում են: Շքամուտքում կաթոցներ միշտ էլ լինում են ու շուտով խոնավությունը նորից տան պատերին կհասնի, բայց ես բնակարանս կրկին վերանորոգելու հնարավորություն չունեմ»,- ասում է Վարդիթեր Ծատինյանը:

Վերջինս այս շենքում բնակվում է շենքի շահագործելու առաջին օրից` 1962 թ.-ից: Նա ասում է, որ տանիքները վերանորոգելիս հաշվի չի առնվում շենքի հնությունը:

Տանիքների անբարեկարգ վիճակից բողոքում է նաեւ Ալավերդու մեկ այլ` Սանահին-Սարահարթ թաղամասի առաջին զանգվածի 17-րդ շենքի 5-րդ հարկի բնակչուհի Սաթենիկ Սոխակյանը, ով 10 տարի բացակայել է քաղաքից: Հիմա, երբ վերադարձել է, բնակարանն ամբողջությամբ խոնավացած ու անբարեկարգ է գտել: «Անձրեւաջրերի հետեւանքով բնակարանի հատակն էլ է փտել: Խոնավացել են տանը եղած բոլոր հագուսները»,- ասում է նա:

Ալավերդի քաղաքում 180 բազմաբնակարան շենք կա: Կառավարության Հրատապ ծրագրերի շրջանակներում 30 շենքի տանիք արդեն հիմնանորոգվել է: Այս տարի եւս, քաղաքապետարանը նույն գումարներով պատրաստվում է տանիքների հիմնանորոգման ծրագիր իրականացնել: Դիմումները բազմաթիվ են, սակայն, ընտրությունը կկատարվի ըստ առաջնահերթության՝ ծրագրում կընդգրկվեն ամենաանբարեկարգ ու ամենաշատ բնակեցված շենքերը:  Քաղաքապետարանում աշխատում են նաեւ նույն փուլում ընդգրկել տարբեր թաղամասերի շենքեր:

Այս պահին դեռեւս հստակեցված չէ, թե այս տարվա ծրագրում Ալավերդու ո՞ր շենքերի տանիքներն  են հիմնանորոգվելու: Կգործի նաեւ նախորդ տարիների կանոնը. այն է՝  յուրաքանչյուր ընտանիք պետք է  որոշակի  գումար ներդնի: Դա,  իհարկե,  հանվում է բնակարանների սպասարկման վարձերից: «Այս ձեւով մենք փորձում ենք բնակիչների մոտ սեփականատիրոջ զգացում արթնացնել: Հետագայում դա կբերի ավելի պարտաճանաչ վարքագծի ու հոգատար վերաբերմունքի»,- նշում է քաղաքապետը: Այս ծրագրի համար, թե որքան գումար կտրամադրվի` դեռեւս պարզ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter