HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Միջազգային մեկուսացման նեոբոլշևիկյան հայկական ընտրությունը

Անցած շաբաթավերջին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա` մասկացելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական խորհրդաժողովին:

Դատելով այն ուղերձներից, որոնք խորհրդաժողովի շրջանակում հնչեցին Մոսկվայից` այդ հավաքի հիմնական նպատակը բոլորովին էլ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների քննարկումը չէր: Պուտինը կազամկերպության անդամ երկրներին կանչել էր Մոսկվա` քննարկելու Արևմուտքի կողմից Ռուսասատանի նկատմամբ կիրառվող տնտեսական ու քաղաքական սանկցիաների ազդեցությունն ու հետևանքները համատեղ չեզոքացնելու հնարավորության հարցը: Պուտինը փորձում էր հասկանալ` որքանով են ՀԱՊԿ անդամ, հետխորհդրային երկրները հավատարիմ իրեն, որքանով են պատրաստ տրամադրելու իրենց ռեսուսրները` տնտեսական սանկցիաների ազդեցությունը նվազեցնելու համար, այսինքն որքանով են պատրաստ իրենց վրա վերցնելու Ռուսաստանի մեջքին բաձվող բեռի մի մասը:

Որ հատկապես այդ նպատակով էին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կանչվել Մոսկվա, հաստատվեց երկու իրողությամբ: Նախ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկը ոչ միայն պատրաստ է, այլև պարտավոր է լինել Ռուսաստանի կողքին, քանի որ այլընտրանք ուղղակի չունեն:

«Ես բացարձակապես համոզված եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այդ պատժամիջոցները: Վախենալու ոչինչ չկա: Պարզապես հարկավոր Է այս իրադրության մեջ գործի դնել երկրների ներքին ներուժը, իսկ այն փոխլրացվող է»,-ասել է Բելառուսի նախագահը: Երկրորդ` մոսկովյան խորհրդաժողովին մասնակցելուց հրաժարվել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Եթե խնդիրը վերաբերեր զուտ ՀԱՊԿ-ին, ապա Նազարբաևը Մոսկվա ժամանելուց հրաժարվելու որևէ պատճառ չպետք է ունենար: Հետևաբար պետք է կարծել, որ այդ չժամանելու համար նա շատ ավելի ծանրակշիռ պատճառներ է ունեցել:

Լուկաշենկոյի համար ամեն ինչ ավելի քան միանշանակ է. նույնպիսի սանկցիաներ կիրառվում են նաև Մինսկի նկատմամբ, և ներքին ռեսուրսների համատեղումը լավագույն ելքն է նաև նրա համար: Առավելևս, որ Ռուսաստանի համար ստեղծված պատային դրությունը հնարավորություն է տալիս Լուկաշենկոյին Մոսկվային արվելիք իր «լավության», օժանդակության դիմաց լրջագույն տնտեսական դիվիդենտներ կորզել նրանից: Օրինակ մոտ 10 օր առաջ Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` բարձր մակարդակով գագաթաժողովում նա ուղղակի սպառնաց տապալել Եվրասիական տնտեսական միության ստեղծման` մայիսին նախատեսված` պայմանագրի ստորագրումը, եթե Ռուսաստանը չհամաձայնի վերանայել իր հետ նավթամթերքների առուվաճառքի համար նախատեսված մաքսատուրքերը:

Ղազախստանը նման խնդիր չունի: Այն վարում է արտաքին բաց, հավասարակշռված քաղաքականություն և որևէ պետության, այդ թվում նաև Ռուսաստանի տնտեսական բեռն իր ուսերին վերցնելու որևէ պատճառ չունի: Ավելին. Աստանայում չափազանց դժգոհ են ոչ միայն Մաքսային միության շրջանակում հաստատված մաքսային ռեժիմներից, որից որևէ օգուտ երկիրը չունի, այլ նաև Ուկրաինայում Մոսկվայի վարած քաղաքականությունից:

Ղազախստանը, ինչպես ցանկացած նորմալ պետություն, այդ քաղաքականության ներքո տեսնում է հարևան պետության ինքնիշխանությունը սահմանափակելու ակնհայտ միտում: Երևույթ, որը ռուսական փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների կողմից արդեն ստացել է «սահմանափակ ինքնիշխանության ռեժիմի հաստատում» անվանումը : Չժամանելով Մոսկվա, չմասնակցելով նման քննարկումների` Նազարբաևը շատ պարզ ու բովանդակալից հասկացնում է, որ պատրաստ չէ հանուն Մոսկվայի շահերի, փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ:

Սա այն դիրքորոշումն է, որը ըստ տրամաբանության, բխում է նաև Հայաստանի շահերից: Պարզ է, որ վերջինս Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական տնտեսաքաղաքական նոր ձևաչափերի մեջ ներգրավվում է հարկադրաբար, ուղղակի այն պատճառով, որ առայսօր վարած իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ սպառել է դրան հակադրվելու բոլոր հնարավորությունները: Ղազախստանի և Հայաստանի շահերը հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման, Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամացկության հարցերում: Բայց ինքնիշխանության պաշտպանության սկզբունքային հարցում Աստանան ակամա ստանձնել է նաև Հայաստանի փաստաբանի գործառույթը: Մինչդեռ փոխանակ օգտվելու Աստանայի տված այդ հնարավորություններից ու մանևրելու դրանց վրա, Երևանը լավագույն դեպքում փորձում է Մոսկվայի հետ առևտուր անելու հույսեր է փայփայել:

Ինքնիշխանության աճուրդը

ՀԱՊԿ-ի մոսկովյան խորհրդաժողովում Հայաստանի նախագահը հանդես եկավ մի ելույթով, որը զարմացրեց ու շփոթեցրեց շատերին: Սերժ Սարգսյանը, Ռուսասատանի հետ հարաբերություններում վերջին երկու տարիներին վարվող վասալային ուղեգծին հակառակ, հանկարծ հայտարարեց, թե Հայաստանը հանուն Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ երկկողմ,  բազմակողմ հարաբերությունների և ընդհանուր շահերի, հաճախ ընդունում է իր իսկ շահերին հակասող որոշումներ: Նա բերեց մասնավորապես թե 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո աբխազական և հարավօսեթական հարցերում պրոռուսական դիրքորոշման որդեգրման օրինակը` անտեսելով հայ-վրացական` կենսական նշանակության փոխհարաբերությունները վտանգելու հնարավորությունը, թե հայ-ուկրաինական հարաբերությունների զոհաբերման հանգեցրած` Ղրիմի հանրաքվեն ճանաչելուն ուղղված քվեարկությունը ՄԱԿ-ում: Սակայն այս ամենի դիմաց, ըստ Սերժ Սարգսյանի ելույթի տրամաբանության, Երևանը ոչինչ չի ստանում:

Դժվար է ասել`ռուսական շովինիզմի հատկապես որ դրսևորումից էր նեղսրտել ՀՀ նախագահը: Բայց փաստն այն է, որ Հայաստանը բարձրացնում է իր ինքնիշխանությունը Ռուսաստանին հանձնելու դիմաց ինչ-որ բան ստանալու պահանջը, այսինքն փորձում է ռուսական աճուրդում բարձրացնել իր ինքնիշխանության գինը:

Սա չի նշանակում, թե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է օգնել Ռուսաստանին: Հայաստանի ներկայիս իշխանությունը նման բան անելու ոչ կամք ունի, ու ոչ էլ ցանկություն: Եվ դա հասկանում են թե Մոսկվայում, թե Մինսկում և թե Աստանայում: Դրա համար էլ Հայաստանում ՌԴ դեսպանն իրեն թույլ է վերապահում Հայաստանին սովորեցնել, թե հասարակական որ շրջանակներն են նրա «լավը չուզղողները», որոնց պետք է չեզոքացնել` հանուն հայ-ռուսական բարեկամության: Հայաստանի ինքնիշխանությունը կամ դրա թմբկահարումը նրանց համար գրոշի արժեք չունի: Համոզված կարելի է պնդել, որ ինչպես ՀԱՊԿ շրջանակում դիրքորոշումներն ու գործողությունները համաձայնեցնելու անհրաժեշտության մասին նախորդ ավելի մեղմ շեշտադրումները, Հայաստանի նախագահի նաև այս ելույթում հնչած ուղերձները նրանցից ոչ մեկը բանի տեղ չի դնելու: Սերժ Սարգսյանը իր համեմատաբար կոշտ պահանջներով գուցե մի փոքր կզարմացնի Հայաստանի հասարակությանը` ցույց տալով դիմադրողականության որոշակի կարողականություն: Բայց գոնե այս պահին տեսանելի չէ, թե ինչ լծակներով է Երևանը հակադրվելու` ՀԱՊԿ անդամ երկրներին իր հետ տնտեսական սանկցիաների դաժան հետևանքները կիսելու Ռուսաստանի նոր նախաձեռնությանը: Բելառուսը և Ռուսաստանը սկսել են Հայաստանին, Ղրղզստանին, Ղազախստանին, Տաջիկստանին դեպի միջազգային մեկուսակցման մի նոր շատ ավելի վտանգավոր հարթություն քաշելու ինչ-որ խաղ, որի հանգուցալուծումը կարող էլինել  երկաթե վարագույրների մի նոր, ժամանակակից շրջափուլում հայտնվելը:

Հայկական բոլշևիկյան երազը

Հարցն այն է` իրականում այս հեռանկարը որքանո՞վ է վախեցնում կամ զգուշավոր դարձնում Հայաստանի իշխանություններին: Այն գործողությունները, որոնք կատարվում են Հայաստանում, խոսում են բոլորովին հակառակ տրամադրությունների մասին: ԱԺ փոխխոսնակի մակարդակով հայտարարվում է, թե իշխանությունը  ՀՀԿ-ի համար  գործնականում հավերժ է: Շարունակական տապալումների պայմաններում միակուսակցական հավերժ իշխանական ռեժիմ հնարավոր է պատկերացնել ներքին ու արտաքին ուժային մեթոդների կիրառման ազդեցությամբ: Իսկ թե Ռուսաստանը և թե ՀԱՊԿ-ն` իր արագ արձագանքման հավաքական ուժերի միջոցով, տալիս են դրա լիակատար հնարավորությունը: Կարող է Հայաստանի ինքնիշխանության վերջին պատառիկները Ռուսաստանին զիջել, այդ երկրի հետ նրա տնտեսական դժվարությունները ժողովրդին կիսել ստիպելըկարող է դառնալ իշխանությունը հավերժ պահելու և անընդհատ վերարտադրվելու փոխհատուցումը:

Բայց ուժային գործոնն առանձին վերցրած միշտ չէ, որ արդյունավետ է, հատկապես ներկայիս տեղեկատվական դարաշրջանում: Ուստի շատ բնական է, որ փորձ է արվում այն զուգորդել` շատ ավելի արդյունավետ`գաղափարախոսական գործոնի ներդրմամբ: Հենց դա է դանդաղ, բայց անշեղորեն իրականացվում է Հայաստանում` վերակենդանացնելով ու արդիականացնելով բոլշևիզմի նոր կերպարը: Սկզբում մայրաքաղաքային իշխանությունը որոշեց Երևանում տեղադրել բոլշևիզմի սիմվոլներից մեկը հանդիսացող, ԽՄԿԿ պոլիտբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանի արձանը: Դրա  պատվերը, ինչպես պարզվեց, եկել է Ռուսաստանից: Հետո, սեփական նախաձեռնությամբ, հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերությունների խորհրդանիշ ունենալու անվան տակ որոշվեց Երևանի Մաշտոցի պուրակը անվանակոչել ֆրանսիահայ կոմունիստ Միսակ Մանուշյանի անունով: Կարծես քիչ էր նույն նպատակով Երևանի կենտրոնական հրապարակներից մեկը Ֆրանսիայի անունով անվանակոչելը և Ռոդենի քանդակներից մեկն այնտեղ տեղադրելը: Այսպես իշխանությունը կերտում է մերօրյա նոր հերոսի կերպարը, ցույց տալիս, թե որոնք են մեր եվրաիսկան կամ մաքսային իդեալները: Դժվար է հավատալ, որ նման ներքին գաղափարախոսական վերարժևորումների ձեռնամուխ եղած, արագ տեմպերով ինքնադրսևորման բոլշևիկյան ավանդույթները յուրացնող համակարգը ի զորու է մտածել  երկրի ինքնիշխանության մասին:

Սակայն երբ այս ամենը հատկապես մտավորական շրջանակներից սկսում են շատ նորմալ ու բանական համարել, պարզ է դառնում, որ  խնդիրը միայն իշխանությունների մեջ չէ: Այլ նրա մեջ, որ ապրում ենք, գիտակցված կերպով, հպարտ քայլերով, ինքնակամ դեպի մտավոր և հոգևոր ստրկության գնալու տրանսֆորմացիոն մի ժամանակաշրջան: Իսկ նման տրանսֆորմացիան շատ ավելի վտանգավոր է, որովհետև ընկալվում է որպես բնական, օրինաչափ, այլընտրանքներ մերժող ընթացք: Համոզմունքը, որ ինքնուրույնությունից հրաժարումը դրսից պարտադրվող երևույթ է, միշտ ծնում է ստեղծված վիճակից ելքեր փնտրելու առողջ հարցադրումներ ու ներհասարակական դիսկուրս: Ներկայիս տրանսֆորմացիան հենց այդ դիսկուրսը բացառելուն է ուղղված: 

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Հարգելի Արմեն, դառը փաստն այն է որ հիմա առավել քան երբեւե ստիպված ենք որեւե հզորի տաք տեղը մտնել: Իսկ եթե փորձենք ելնել կամ նոր տեղ փնտրել - ապա աստվածն էլ չի փրկի հետեւանքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր