
«Գրում եմ, որովհետև անհնար է այլևս լռել»
«Հետքին» ուղղված նամակով Գյումրիի բնակչուհի Մանյա Հովսեփյանը արդարադատության նախարարության ու ՄԻՊ- ի գրասենյակի ուշադրությունն է հրավիրում որդու՝ ԼՂ բանակում ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած, 13 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ ցմահ դատապարտյալ Արման Իսկանդարյանի ճակատագրին: Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Գրում եմ, որովհետև անհնար է այլևս լռել: Որդիս՝ Արման Իսկանդարյանը զինադադարի կնքումից հետո ծանր շրջանում ծառայել է ԼՂ բանակում: Ծառայության ժամանակ Աղդամի դիրքերում ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ, տղաս վիրավորվել է՝ ստանալով բազում վերքեր, կորցնելով ձախ ոտքը ծնկից ներքև՝ սրունքը թաթի հետ: Այդ ընթացքում ստացել է նաև կանտուզիա: Մեկ ամիս Ղարաբաղում հիվանդանոցում պառկելուց և ոտքը ամպուտացվելուց հետո, տեղափոխվել է Երևան: Որոշ բուժում ստանալուց հետո տեղափոխվել է Գյումրի և բուժումը շարունակել Գյումրիում: 2-րդ կարգի հաշմանդամ է: 2001 թ-ից գտնվում է ցմահ դատապարտյալի կարգավիճակում: Ինչքան չբացահայտված գործ կար քանդեցին նրա վրա, քանի որ ո՛չ փող ունեինք, ո՛չ ծանոթ: 72 ժամ ձերբակալված պահելու փոխարեն, նրան 192 ժամ պահել էին ոստիկանությունում, կտտանքների ենթարկելով՝ կորզել ցուցմունքներ: Այդպես տեղափոխել են «Նուբարաշենի» մեկուսարան: Իսկ երբ դատավարության ժամանակ, Արմանը բողոքում էր, թե չի կարողանում դատերին նստել, ո՛չ հոգեբանական, ո՛չ բժշկական ստուգում չանցկացրեցին:
Ինչևէ, անցել է 13 տարի: Հիմա առավել շատ ինձ մտահոգում է Արմանի առողջական վիճակը, որը անհնար է պահպանել բանտային պայմաններում: Իսկ հաշմանդամի համար մի քանի անգամ ավելի դժվար է գոյատևել այնտեղ:
Իմ տղան գտնվում է անմարդկային վիճակում, քանի որ լինելով հաշմված՝ չի կարողանում իր կարիքները լիարժեք հոգալ, նրան օգնում են խցի տղաները: Ոտքի պրոթեզավորումը կատարվել է պետական պատվերով: Բայց պրոթեզը խնդիր ունի, դրա տակ արյուն է հավաքվում, Արմանը չի կարողանում այն հագնել, իսկ բերդի բժիշկները ուշադրություն չեն դարձնում: Նրան չեն տեղափոխում բերդի բուժ. մաս կամ դատապարտյալների հիվանդանոց, որ հետազոտեն ու բուժում ստանա: Մի ձեռնափայտ էին տվել, այն էլ տղաս ընկել է, ու ձեռափայտը կոտրվել է: Իսկ բժիշկներն ասում են, թե դիտավորյալ է Արմանն այն կոտրել: Երբ տղաս նամակներ է գրում իր առողջական վիճակի մասին ՄԻ պաշտպանին, արդարադատության նախարարին, բանտից այդ նամակները դուրս չեն գալիս, որ իրենց բացերը ջրի երես դուրս չգան: Արմանը 13 տարվա մեջ մի խախտում չունի, իսկ հիմա հունից հանում են նրան:
Մենք արդեն ծեր թոշակառուներ ենք, Արմանի խնամքին կա անչափահաս երեխա: Խնդրում ենք համապատասխան մարմինների ուշադրությունը դատապարտյալի առողջական խնդիրներին: Ակնկալում ենք մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ու արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի արձագանքը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել