HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երիտասարդական խորհրդարանում էլ օլիգարխիկ կերպարներ կան

Մի քանի ամիս է, ինչ ձեւավորվել է Երիտասարդական խորհրդարանը, բայց արդեն նկատելի է, որ երիտասարդների մի մասն այնտեղ հայտնվել է կամ հայրերի հորդորներով, քանի որ վերջիններս պատգամավորներ են, կամ էլ «իմիջի»հարց են լուծում` հարթելով սեփական քաղաքական ուղին:

«Հետքի» զրուցակիցն է Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար Ազատուհի Սիմոնյանը:

Ինչու՞ որոշեցիք առաջադրվել Երիտասարդական խորհրդարանի (ԵԽ) կազմում: Քաղաքականությամբ զբաղվելու հավակնություննե՞ր ունեք:

Գաղափարն ինքնին ողջունելի է, որովհետեւ սա այն ամբիոններից մեկն է, որտեղ երիտասարդությունը կարող է իր ձայնը բարձրացնել: Շատ ավելի լավ է, որ Երիտասարդական խորհրդարանը քիչ-քիչ քաղաքական քննարկումների եւ մշակույթի ամբիոն է դառնում, որովհետեւ որպես քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդներ, լինեն կուսակցական, թե անկուսակցական, կարող են դրսեւորվել եւ ինչ-որ բան սովորելով` կարող են օգուտ տալ հասարակությանը, մասնավորապես` երիտասարդներին: Հենց այս գաղափարն ինձ շատ դուր եկավ, եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրվեցի: Հիմա փորձում ենք մեր նախաձեռնություններով հանդես գալ: Առաջիկայում էլ մի քանի շարժումներ ենք հիմնելու, փակագծերը դեռ չեմ ուզում բացել: Այդ մասին խոսելու, բարձրաձայնելու ամբիոններից մեկն էլ լինելու է Երիտասարդական խորհրդարանը:

Արդյոք ԵԽ-ն արտացոլու՞մ է երիտասարդության  իրական վիճակը: Տպավորությունն այնպիսին է, որ Երիտասարդական խորհրդարանը պարզապես Ազգային ժողովին կից մի մարմին է:

Միայն այն հանգամանքը, որ Երիտասարդական խորհրդարանի որոշումները որեւէ իրավական հետեւանք չեն թողնում, օրենքի ուժ չունեն եւ խորհրդատվական բնույթ ունեն Ազգայի ժողովի համար, որոշ չափով, իրոք, դրան տալիս է ձեւական բնույթ: Մյուս կողմից` այստեղ ներկայացված են իշխող կուսակցությունների երիտասարդական թեւերը, ուսխորհրդի ներկայացուցիչներ, անկուսակցականներ եւ այլն: Ինձ թվում է` այս ամենի ձեւական եւ ոչ ձեւականը կերեւա Երիտասարդական խորհրդարանի լիազորությունների ավարտին:

Քանի որ ՀՅԴ խմբակցության կողմից եք առաջադրվել, Դուք ԵԽ-ում Ձեզ ընդդիմադիր համարու՞մ եք:

Երիտասարդական խորհրդարանում չկա նման ձեւակերպում, քանի որ մեր կանոնակարգում ներառված չէ ընդդիմության մասին որեւէ բաժին, իսկ կանոնակարգային հարցերում կան որոշակի բացեր, որոնք փորձում ենք շտկել: Միայն ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցություններն են ձեւավորվել, մյուսներն ազատ են աշխատում: Բայց մեզանից ոչ մեկի մոտ չկա այն տրամադրությունը, որ եթե իշխանական կուսակցության ներկայացուցիչը առաջարկություն կամ օրենքի նախագիծ է բերում խորհրդարան, պիտի պարտադիր դեմ արտահայտվենք: Գործում ենք կառուցողական դաշտում, թերությունները շտկելով էլ առաջ ենք գնում, քանի որ այստեղ դրված է Երիտասարդական խորհրդարանի հեղինակության հարցը:

Կոնկրետ մեր խմբակցությունը գտնում է, որ Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը շարունակական պետք է լինի եւ 2012 թ. մայիսի ընտրություններից հետո նորից պիտի կյանքի կոչվի եւ դառնա քաղաքական մշակույթ: Այս առումով կարեւոր է մեր աշխատանքային մթնոլորտը: Օրինակ` վերջերս մեր նիստի ժամանակ պարզ դարձավ, որ իշխող կուսակցության ներկայացուցչի ներկայացրած նախագծին դեմ էին արտահայտվում նույնիսկ նրա կուսակից ընկերները: Ինչ-որ չափով ժպիտ է առաջացնում, ինչ-որ չափով աբսուրդի է նման, բայց սա վկայում է այն մասին, որ երիտասարդներն ինքնուրույն են մտածում, եւ եթե տեսնում են թերացում, բարձրաձայնում են: Քվեարկություններն ինքնանպատակ չեն անցնում:

Ի՞նչ որակական տարբերություններ եք նկատել Ազգային ժողովի պատգամավորների եւ Երիտասարդական խորհրդարանի անդամների միջեւ:

Ինձ թվում է` տարբերություններ կան, եւ դա նորմալ է: Նախ` փորձի խնդիրն է, քանի որ մեզանից ոչ մեկը փորձ չունի: Բացի այդ, Երիտասարդական խորհրդարանը դեռ կայացած չէ: Դժվարանում եմ այլ տարբերություններ նշել:

Երիտասարդական խորհրդարանում օլիգարխներ կա՞ն:

Օլիգարխներ չկան, բայց օլիգարխի պահվածքով երիտասարդներ կան: Օրինակ` մեր վերջին նիստի ժամանակ, երբ օրակարգի վերջին կետերն էինք քննարկում, դահլիճը կիսով չափ դատարկ էր, մարդ չկար: Սա ցույց է տալիս, որ կան մարդիկ, որոնց չի հետաքրքրում այս աշխատանքը եւ լուրջ չեն վերաբերվում: Ես պարզապես չեմ հասկանում, եթե որեւէ երիտասարդ եկել է այստեղ, ուրեմն ինչ-որ բանով ծառայելու, օգուտ տալու նպատակ ունի, չգիտեմ, միգուցե անձնական շահ էլ կա: Կարծում եմ` երիտասարդներն իրենց պահվածքով պետք է ցույց տան, որ լավագույնս աշխատում են: Նիստի կեսից նրանց հեռանալը վիրավորանք էր Երիտասարդական խորհրդարանին ընդհանրապես: Այս առումով պետք չէ դասեր քաղել Ազգային ժողովի որոշ պատգամավորներից, որոնք կանոնավոր կերպով բացակայում են եւ չեն մասնակցում քվեարկություններին: Մենք պետք է հակառակը ցույց տանք, եւ մեզանից նրանք օրինակ վերցնեն: Բայց այս առումով հակառակը եղավ` Ազգային ժողովի պատգամավորներն են օրինակ ծառայել Երիտասարդական խորհրդարանի որոշ անդամների համար:

Այդ դեպքում ինչու՞ են ընդգրկվել ԵԽ-ի կազմում:

Այդ հարցը պետք է տանք այն կազմակեպություններին, որոնք նրանց ընդգրկել են խորհրդարանում: Մեր խմբակցությունն իր ողջ կազմով` 5 հոգով, սկզբից մինչեւ վերջ մասնակցել է աշխատանքներին:

Հնարավո՞ր է ընտրություններից առաջ Երիտասարդական խորհրդարանը քարոզչական գործիք դառնա ԱԺ պատգամավորների համար:

Ինձ թվում է` հնարավոր է խմբակցությունների կողմից, հայտարարությունների ժամին քաղաքական հայտարություններ անեն, բայց ես դա չեմ ողջունի: Կցանկանայի, որ Երիտասարդական խորհրդարանը չկուսակցականացվեր, եւ այստեղ չբերենք այլ մթնոլորտ: Հենց առաջին օրը իմ գործընկերներին խնդրանքով դիմեցի, որ կուսակցական նշանները փակցրած չգան նիստերին, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ հիմնական մասը կուսակցական է, բայց պարտադիր չէ դա ցույց տալ: Կարելի է հանրապետության զինանշանը փակցնել կամ դրոշը: Նույնիսկ արդեն հումոր են անում, որ կուսակցականներն իրար չեն ճանաչում եւ կրծքանշանով են տարբերում` իրենց կուսակցությունի՞ց է, թե՞ ոչ: Փորձենք նորարարություն անել: Երիտասարդական բառն արդեն հուշում է, որ նորույթ է պետք, եւ ամբողջովին կրկնօրինակելը ճիշտ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter