
Հրանտ Բագրատյան. «Ինչի՞ չանել քայլ, որը վերաբերում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին»
ԱԺ-ում քննարկվում է ««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի, նախատեսում է որոշակի թեթևացումներ բիզնեսի նկատմամբ: Միևնույն ժամանակ իր ելույթում Հրանտ Բագրատյանը նշեց, որ տնտեսագիտությունն այսպիսի կանոն ունի, որ եթե որևէ բան համալիր չես անում, ի վերջո տուժում ես:
«Գիտության մեջ կա էքսպերիմենտ հասկացությունը, ցանկացած մասնագետ գիտի, որ էքսպերիմենտը պետք է այնքան լայն լինի, որպեսզի օրինաչափություն ցույց տա»,- նշեց Հ. Բագրատյանը: Դիմելով ՊԵԿ-ին՝ ՀԱԿ պատգամավորը ասաց, որ նախագիծը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար: «Սա պետք է վերաբերի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, իսկ մենք հիմա թեթևացնում ենք միայն խոշորներին: Պարոն Այվազյան (դիմում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին), Դուք ասացիք, որ սա մեկ քայլ է առաջ, սակայն իրականում, իմ համոզմամբ, սա քայլ է դեպի հետ»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նա նշեց, որ ժամանակավոր նման լուծումները մտահոգիչ են, ապա հավելեց. «Ինչի՞ չանել քայլ, որը վերաբերում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Եթե այս ամեն ինչը տարածեք բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա, հիանալի է… Անընդհատ խոսում եք` փոքրը, փոքրը… Մեր հանրապետությունում, սիրելի բարեկամներ, 4 տոկոսն է զբաղվում ձեռնարկատիրությամբ, Լիտվայի նման պետությունում 12 տոկոսն է, Ֆրանսիայում` 40-ը, իհարկե, հանած գյուղացիական տնտեսությունները որպես տնտեսվարող սուբյեկտները»:
Հ. Բագրատյանի խոսքով՝ այս նախագծով ժամանակավոր թեթևանալու են խոշոր տնտեսվարող սուբյեկտների հարկային պայմանները:
Մեկնաբանել