
Ջհանգիրյան. «Հիմնական մեղավորը մեր փառափանծ Սահմանադրական դատարանն է, որը ցանկացել է համ կույս մնալ, համ հաճույք ստանալ»
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ նախորդ քննարկման ժամանակ պատգամավորների կողմից հնչեցված բազմաթիվ հարցադրումներ այսօր արդեն ստացել են իրենց պատասխանը:
«Համատեղ կատարած աշխատանքի արդյունքում մենք այն հիմնական հարցադրումներին, որոնք առկա էին այս փուլում, լուծումներ ենք տվել, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշման երկու իրարամերժ մեկնաբանությունների խնդիրն ենք լուծել: Առաջարկված օրենքում նախատեսվում է, որ քաղաքացու համար կամարտահայտության իրավունքը կիրականացվի իրենց գործատուներին ներկայացվող դիմումի միջոցով»,- նշեց Ա. Ասատրյանը:
Նրա փոխանցմամբ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման համաձայն՝ օրենքի իրացումը հնարավորինս կարճ ժամկետում կլինի:
Հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանին պատգամավորները հարցեր չուղղեցին, հարակից զեկուցող ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ հրաժարվեց ելույթից, ապա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ելույթով հանդես եկավ և հայտնեց, որ ՀԱԿ խմբակցությանը քաղաքացու կողմից նամակ է ուղարկվել այն մասին, որ բուհում շարունակում են գանձումներ կատարել:
«Բուհերից մեկի աշխատողներից մեկը մեզ նամակ է ուղարկել, որ աշխատողները բողոքում են, որ պարտադիր իրենցից գանձում են կատարում, ստիպում են համաձայնել համակարգի հետ: Դեռ այս օրենքը չի վավերացվել, չի ընդունվել, բայց նույնիսկ ՍԴ որոշումից հետո խստիվ կիրառում են այն»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը:
Անդրադառնալով ՍԴ որոշմանը, որը տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ, Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ օրենքի մի շարք հոդվածներ ճանաչվել են Սահմանադրությանը թե հակասող, թե անվավեր: «Ես ուզում եմ, որ դուք այս նրբությունը հասկանաք: Եթե ճանաչում ենք միայն հակասող, ապա իրավունք ունենք տարաժամկետման ժամկետ սահմանել, բայց եթե ճանաչում ենք նաև անվավեր՝ գոյություն չունեցող, ապա դա չի կարող տարաժամկետվել, որովհետև չկա, գոյություն չունի: Բայց քանի որ 7-րդ կետում գրվել է որ տարաժամկետում է այս իրավիճակի համար, ինչքան էլ փորձենք տարբեր քաղաքական ուժերի, տարբեր մարմինների մեղադրել, հիմնական մեղավորը մեր փառափանծ Սահմանադրական դատարանն է, որը ցանկացել է համ կույս մնալ, համ հաճույք ստանալ»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
Նա հորդորեց քաղաքական թիմերին չտեսնել ՍԴ որոշման մեջ այն, ինչ ձեռնտու է սեփական թիմին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել