
Գալուստ Սահակյան. «Ես միջակ բանաստեղծ կդառնամ, իսկ ես միջակություն չեմ սիրում» (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ «Ելք երկրից» գրքի շնորհանդեսը: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, որտեղ պատգամավորը ներկայացրեց իր գիրքը, հավաքվել էին ոչ միայն գրականագետները, ժամանակակից գրողները, այլև՝ քաղաքական գործիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ:
Ներկա էր նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ինչպես ասում են՝ կրկին անգամ մաքրվեցինք: Տա Աստված, որ մի նոր ժամանակաշրջան գա, երբ մեր օրը անցնի երկունքներով ապահովված հանդիսությունների մեջ»,- նշեց Գ.Սահակյանը:
«Հետքի» հարցին, թե արդյոք մաքրվելու առիթներ շա՞տ ունեք, Գ. Սահակյանը պատասխանեց. «Բնականաբար, յուրաքանչյուր մարդ պետք է մաքրվի, ես մաքրվում եմ պոեզիայով»:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է ինքն էլ մի օր բանաստեղծություններ գրի, ԱԺ նախագահը անկեղծացավ.«Ճիշտն ասած ես փորձել եմ գրել, բայց ինձ զգուշացրին, որ միջակ բանաստեղծ կդառնամ, իսկ ես միջակություն չեմ սիրում: Այս պահին հիշեցի դա ու մտածեցի՝ ինչ լավ է, որ չգրեցի, թե չէ Աղվան Վարդանյանն ինձնից առաջ կանցներ»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել