HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կդավաճանի՞ Հայաստանը ԼՂՀ-ին Մաքսային միությունում

Այսօր Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև կազմակերպված տեսակամուրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարել է. « Մաքսային միությանը կամ մեր որևէ միությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում: Սահմաններն անցնելու են Հայաստանի Հանրապետության ներկայումս ընդունված սահմաններով»: Այսպիսով կարծես թե վերջնականապես հստակեցվում է Մաքսային միության դիրքորոշումը եվրասիաինտեգրացիոն հետագա զարգացումներում ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ:
Իրականում Ազարովը, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չի խոսում, քանի առնվազն մեկ անգամ, այն էլ հրապարակային մակարդակով, ԼՂ խնդիրը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցի շրջանակում քննարկվել է: Դա տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 24-ին Մոսկվայում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն նիստում, որտեղ ընդունվեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»:

Հարցն այն ժամանակ բավականաչափ սուր և ուղղակի բարձրացրել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` հայտարարելով, որ նախ պետք է հստակեցնել, թե Հայաստանի և ԼՂՀ-ի հատվածում որտեղով են անցնելու ՄՄ-ի սահմանները և երկրորդ` չպետք է թույլ տալ այնպիսի երկրների անդամակցումը, որոնց հետ կապված հատուկ մաքսային ռեժիմներ սահմանելու անհրաժեշտություն է առաջանում: Այն հանգամանքը, որ Մաքսային միությանը, Եվրասիական տնտեսական միությանը և եվրասիական տնտեսական ընդհանուր տարածքին Հայաստանի միանալու հարցը շարունակում է մնալ անորոշությունների պայմաններում, մեծապես պայմանավորված է հենց ԼՂ հիմնահարցի գործոնով` անախ այն բանից` Ազարովն ուզու՞մ է խոստովանել այդ փաստը, թե՞ ոչ:

Բայց ինքնին ԼՂՀ-ի անդամակցության հարցը քննարկման առարկա չլինելու մասին միանշանակ պնդումը հուշում է, որ որոշումն այս մասով արդեն կայացվել է և որ ԼՂՀ-ն ընդամենը սահմանակցելու է ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին` կախված նրանից, թե Հայաստանը դրանցից որին անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրի կամ կստորագրի՞ առհասարակ, թե՞ ոչ: Հետևաբար հարցը մեխանիկորեն տեղափոխվում է այն հարթություն, թե արդյոք ԼՂՀ-ի հետ սահմանին մասակետեր կտեղադրվեն, թե ոչ և մաքսային ու տնտեսական ինչ ռեժիմներ կսահմանվեն այդ դեպքում ՄՄ-ԵՏՄ-ի անդամ հանդիսացող Հայաստանի և ԼՂՀ-ի միջև:

Հայկական կողմի համար լավագույն լուծումը կլիներ այն, որ եթե Հայաստանը երբևէ միանալու է ԵՏՄ-ին, ապա նրա հետ միասին դրանում ընդգրկվեր նաև Արցախը: Եթե ԼՂ-ն Հայաստանի վարչական մասը հանդիսանար, դրա հետ կապված բոլոր խնդիրները կվերանային մեխանիկորեն: Բայց Արցախն անկախ, սուվերեն պետություն է, ինչը ստեղծում է բոլորովին այլ, երկակի իրավիճակ: Եթե անգամ անտեսենք Ադրբեջանի հետ տնտեսական և քաղաքական սերտ հարաբերությունները չվնասելու առաջնահերթ նպատակադրմամբ պայմանավորված` Բելառուսի և Ղազախստանի կողմից ՄՄ-ին, ԵՏՄ-ին Ղարաբաղի անդամացկությանը դիմադրելու և մերժելու հանգամանքը, հնարավոր չէ շրջանցել Ռուսաստանի շահերը:

Իսկ վերջինիս համար այդ հեռանակարն այս պահին անընդունելի է` առնվազն 5 պատճառով: Առաջին` Բելառուսի և Ղազախստանի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր ու արժեքավոր են պուտինյան եվրասիական ինտեգրացիոն և կայսերապետական պլաննները կենսագործելու իմաստով, քան մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածքի միացումը:

Երկրորդ` ԼՂ հակամարտության ներկայիս վիճակը, հաստատված ստատուս քվոն խիստ ձեռնտու է Մոսկվային, որովհետև այն լրջագույն լծակ է թե Բաքվի և թե Երևանի վրա ներգործելու և ընդհնարապես Հարավային Կովկասում իր հեգեմոն, բացառիկ կարգավիճակը պահպանելու առումով: Ստատուս քվոյի ինչպիսի փոփոխություն էլ լինի (իսկ ԵՏՄ-ին ԼՂՀ-ի անդամակցումն այլ բան չէ, քան ստատուս քվոյի փոփոխություն), կողմերից որ մեկի օգտին էլ այդ փոփոխությունը տեղի ունենա, Մոսկվան կորցնելու է տարածաշրջանային իր հիմնական խաղաթուղթը: Երրորդ` մինչև Լեռնային Ղարաբաղը, գոյություն ունեն նաև Աբխազիան, Հր. Օսեթիան, Մերձդնեստրը, որոնք ուղղակի երազում են այդ ինտեգրացիոն պրոցեսներում ներգրավվելու մասին: Մոսկվան կամ պետք է առհասարակ որդեգրի չճանաչված կամ կիսաճանաչված սուբյեկտներին այս կամ այն կարգավիճակով ԵՏՄ-ին ինտեգրելու, միացնելու ընդհանրական քաղաքականություն, կամ պետք է ձեռնպահ մնա դրանից, քանի ոչ կարող բացատրել, թե ինչու է անդամակցումը հնարավոր ԼՂՀ-ի համար, իսկ մյուս չճանաչված սուբյեկտների համար` ոչ:

Չորրորդ` ԼՂՀ-ի ներքաշումը պուտինյան պրոյեկտներում հարուցելու է միջազգային հանրության դիմադրությունը և, կամա թե ակամա, Ուկրաինային զուգահեռ Ռուսաստանը ձեռք է բերելու Արևմուտքի հետ առճակատման մի նոր խոշոր օջախ Հարավային Կովկասում: Դա, գոնե այս շրջափուլում, բացարձակապես պետք չէ Ռուսաստանին:

Եվ վերջապես ամենակարևոր պատճառը` ԼՂ-ին ԵՏՄ-ում կամ ՄՄ-ում ներգրավվելը նշանակելու է ճանաչել նրա ինքնիշխանությունը, սուբյեկտայնությունը: Դրան Ռուսաստանը պատրաստ չէ ոչ միայն այն պատճառով, որ առաջացնելու է Բելառուսի, Ղազախստանի հակազդեցությունը և վտանգի տակ է դնելու բոլոր պլանները, այլև առաջին հերթին այն պատճառով, որ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, և իբրև միջնորդ` չի կարող իրեն թույլ տալ որևէ քայլ, որը հակասում է մյուս համանախագահների և բանակցող կողմերի հետ համաձայնեցված այսպես կոչված մադրիդյան սկզբունքներին:

Նման քայլի դիմելը հավասարազոր կլիներ այս հակամարտությունում հետագա դերակատարության իմաստով քաղաքական ինքնասպանության: Այնպես որ այն մոտեցումը, որը որդեգրել է Ռուսաստանը ՄՄ-ի և ԵՏՄ-ի հետ ԼՂՀ-ի հարաբերությունների մասով, խիստ պրագմատիկ հաշվարկների արդյունք է, որը լիովին տեղավորվում է Մոսկվայի տարածաշրջանային շահերի համատեքստում:

Հայաստանի անդամակցումը ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին Լեռնային Ղարաբաղի վրա կարող է վատ անդրադառնալ տնտեսական առումով, ավելի ճիշտ`այնքան վատ, որքան հենց Հայաստանի: Պարզ է, որ դրանից հետո Երևանը և Ստեփանակերտը փորձելու են իրենց մաքսային ռեժիմները համապատասխանեցնել ՄՄ-ի կամ ԵՏՄ-ի ռեժիմներին: Բայց ներմուծվող ապրանքների մեծ մասի թանկացման հեռանկարից խուսափել չի հաջողվելու` դրանից բխող հետևանքներով:

Բացի դրանից, անդամակցումը խիստ սահմանափակելու է սուվերեն տնտեսական քաղաքականություն վարելու Երևանի իրավունքները և ստացվելու է, որ նաև ԼՂՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները հայտնվելու են եվրասիական կամ մաքսային վերազգային մարմիններից կոնկրետ կախվածության մեջ` դրանից բխող մտահոգիչ հետևանքներով:

Բայց երբ հարցը դիտարկում ենք քաղաքական հարթությունում, ապա ամեն ինչ այդքան էլ միանշանակ չի թվում: Խնդիրն այն է, որ եթե ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետեր են դրվում, ապա դրանք դրվում որքան Հայաստանի ու ԼՂՀ-ի, նույնքան էլ ՄՄ-ԵՏՄ-ի ու ԼՂՀ-ի միջև, ինչը նշանակում է բանակցություններ սկսել և պայմանագրեր ստորագրել Ստեփանակերտի հետ: Դա էլ իր հերթին նշանակում է ճանաչել ԼՂՀ-ի քաղաքական և տնտեսական սուվերենությունը: Դրա այլընտրանքն այն է, որ ԼՂ-ի սահմանին մաքսակետերի ու մաքսային ռեժիմների հետ կապված հարցերով ՄՄ-ն կամ ԵՏՄ-ն Երևանի քթի տակ բանակցություններ սկսեն Ադրբեջանի հետ, ինչն արդեն նշանակելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում` ԼՂ-ով ներառյալ: Բացի այն, որ դա բախվելու է Հայաստանի գործոնին, հարց է առաջանալու` իմաստ կա՞ համաձանությունների գալ Բաքվի հետ, եթե վերջինս չի վերահսկում այդ սահմանները և չի կարող ազդել ապրանքաշրջանառության վրա:

Միակ բանը, որ կարող է պահանջել Բաքուն այս դեպքում, Հայաստան-ԼՂՀ սահմանն առհասարակ փակելն է, իսկ սա ուղղակիորեն կապվում է արդեն ՄՄ-ում և ԵՏՄ-ում Հայաստանի դերակատարության հետ, այսինքն այն հարցի, թե արդյոք Երևանը համակերպվելու՞ է Բաքվի նման պահանջները կատարելու ՄՄ-ի կամ ԵՏՄ-ի հնարավոր որոշման հետ, թե՞ ոչ: Ուղղակի դժվար է հավատալ, որ Երևանն արդեն այն աստիճան է կորցրել ինքնիշխանությունն ու այնպիսի կցորդի կարգավիճակ է ձեռք բերել, որ կարող է թույլ տալ իր պետական ու ազգային շահերի այդ աստիճան անտեսում կամ ոտնահարում:

Պետք է ենթադրել, որ ԼՂՀ-ի հետ սահմանագծին մաքսակետեր դնելու այլընտրանքը կհամարվի Հայաստան-ԼՂՀ սահմանագծի անկառավարելիության նկատմամբ համակողմանի աչք փակելը, դա Հայաստանի և Ղարաբաղի ներքին հարաբերությունների դաշտում թողնելը: Այսինքն` եթե Հայաստանը, անուամենայնիվ, երբևէ միանա ՄՄ-ին և ԵՏՄ-ին, վերջիններս պարզապես կվարվեն այնպես, ինչպես Առևտրի միջազգային կազմակերպությունը վարվեց, երբ Հայաստանը միացավ իրեն: Ստատուս քվոն իր համար շահավետ պայմաններով պահելու խնդիրը Ռուսաստանին կդրդի հոգ տանել անորոշությունն այս հարցում պահպանելու մասին: Բայդ դա մյուս կողմից կնշանակի, որ ԼՂՀ-ն մի նոր օղակով կհայտնվի Մոսկվայի հայեցողությունից կախվածության մեջ:

Մեկնաբանություններ (1)

gevork
Badaskhan@: chi davachani! davachanelu vor liner, 1988in g'davachaner.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter