HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգիճի գետի հունը կերտել է բնությունը, ոչ ոք այն չի՛ փոխի

Ահազանգում է Գավառի Օրհուս կենտրոնը

Մայիսի 13-ին Արգիճի գետից սնվող փհէկի խողովակները կրկին պայթել են ու ողողել շուրջբոլորը: Պայթած խողովակների պատճառով քաոսային վիճակ է ստեղծվել տարածքում: Ջուրը ոչ միայն ողողել է գյուղացիների ցանքատարածքներն, այլև հսկայական փոսեր են առաջացել, հոսքը հասել է մինչև տեղակայանքներ:

Այս մասին մայիսի 14-ին Գավառի Օրհուս կենտրոն է ահազանգել քաղաքացի Վ. Գալստյանը, ում ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարների և սիրողական տեսախցիկով նկարահանված տեսանյութի միջոցով կարելի է տեսնել ստեղծված իրավիճակի պատկերը: 

Տեղեկացնենք, որ այս՝ «Արգիճի» հէկի կառուցմանը հանրությունը դեմ էր արտահայտվել, բնապահպաններն ու գյուղացիները պահանջել էին, որ նոր ՇՄԱԳ նախագիծ մշակվի, քանի որ հինը հէկի կառուցման ժամանակ վաղուց արդեն հնացած էր: Հէկը կառուցվել է՝ չունենալով նաև ջրօգտագործման թույլտվություն (նախկինում տրված ջրօգտագործման թույլտվությունը հէկի կառուցման ու շահագործման պահին արդեն ուժը կորցրած էր, քանի որ սահմանված ժամկետներն անցել էին): Գավառի Օրհուս կենտրոնը հէկի կառուցման նպատակով հողահատկացման ու շինթույլտվության վերաբերյալ հարցումներ էր հղել այն երեք համայնքների ղեկավարներին, որոնց տարածքով անցնում են հէկի խողովակները, սակայն պատասխան ստացվել էր միայն Վերին Գետաշենից, Մադինայի ու Ներքին Գետաշենի գյուղապետերը չէին արձագանքել անգամ կենտրոնի կրկնակի հարցումներին:  

Հիշեցնենք, որ հէկի գործունեության ու անբարեխիղճ կառավարման արդյունքում նմանատիպ իրավիճակ ստեղծվել է 4 անգամ. անցած տարի՝ հուլիսին, խողովակները, չդիմանալով ջրի բարձր ճնշմանը, պայթել էին և ողողել գյուղացիների ցանքատարածքները: Անելանելի վիճակում հայտնված գյուղացիները ջանացել էին հանդիպել հէկի ղեկավարությանն ու հայտնել իրենց մտավախությունները, որ նման պայթյունները հետո էլ կարող են կրկնվել, այն էլ՝ բնակելի հատվածներում: Գյուղացիների կրած վնասները մասամբ փոխհատուցվել էին, սակայն դրանով խնդրին արմատական լուծում չէր տրվել:

Մարի Չաքրյան

Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու

Մեկնաբանություններ (1)

Բաբո
Գյա, գոացեք ավիրեք, ինչ ունեք մտածելու: Էդ բրակ տրուբեքը էդ ջրի խմար չեն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter