
Հ. Հարությունյան. կանխորոշել, որ նոր կառավարությունը կարճ կյանք կունենա՝ կռկռոց է
«Հետքի» հարցերին է պատասխանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը
-Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց գործարարների հետ: Այս հանդիպումը կարո՞ղ է արդյունավետ լինել, կա՞ հեռանկար, որ ներդրումները կարող են ավելանալ վարչապետի հետ հանդիպումից հետո:
-Եթե Հովիկ Աբրահամյանը մի գործ նախաձեռնում է, անպայման մինչև վերջ անում է: Ես չեմ կարծում, որ Հ. Աբրահամյանը պատահական որևէ բան է անում, եթե մի բան նախաձեռնում է, ապա գործը մինչև վերջ հասցնում է: Այս պարագայում էլ կարծում եմ, որ անպայման գործարարները կընդառաջեն, ներդրումներ կանեն, ի՞նչ է եղել, հո վարչապետը չի՞ ասում՝ ձեր գումարները եկեք դրեք, ասում է՝ եկեք աշխատատեղ ստեղծենք, ընդլայնեք արտադրությունը, բա ոնց...
-Հավատո՞ւմ եք, որ ստվերը կկրճատվի, հարկերը կվճարեն, ու գործարարները ներդրումների թիվը կավելացնեն:
-Ստվերը վարչապետը չի կրճատում, կրճատում են ուրիշ օրգաններ, սա բարի ցանկություն է, բայց ես կարծում եմ, որ կավելացնեն ներդրումները: Ես հավատում եմ, որ գործարարները կգնան այդ քայլին, կընդլայնեն...
-Իսկ ինչո՞ւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ, ինչպես վերլուծեցին տնտեսագետները, բիզնես ոլորտում միայն հետընթաց գրանցվեց: Տիգրան Սարգսյանը չէ՞ր կարողանում համոզել գործարարներին հարկերը վճարել, ընդլայնել արտադրությունը:
-Տիգրան Սարգսյանը առանձին, Հովիկ Աբրահամյանը առանձին, Անդրանիկ Մարգարյանը առանձին… Ամեն վարչապետ ունի իր տնտեսական քաղաքականությունը: Եկեք իրար չհամեմատենք, իրար չհակադրենք, բայց Հովիկ Աբրահամյանը այլ ստիլի մարդ է, այլ կառավարման համակարգ է որդեգրել, դրա համար չի կարելի համեմատել: Հետո էլ, համեմատելու համար շուտ է, ուղղակի ես, ճանաչելով Հ. Աբրահամյանին, համոզված եմ՝ բավական մեծ բարեփոխումներ են սպասվում:
-Կարծիքներ են հնչում, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը կարճ կյանք ունի, նա երկար չի պաշտոնավարի, այդպե՞ս է:
-Ես հիշում եմ, որ Անդրանիկ Մարգարյանին երբ նշանակեցին վարչապետ, թերթերում նույն բաներն էին գրում, գրում էին ավելի շատ, քան հիմա գրում են Հ. Աբրահամյանի մասին, բայց Անդրանիկ Մարգարյանը դարձավ ամենաերկարակյաց վարչապետը: Դրա համար կանխորոշել, թե կարճ կյանք կունենա, երկար կյանք, կռկռոց է: Չուզողություն էլ չի, կառկառություն է, ինչի՞ չեք ուզում, որ հավատանք, պետք է հավատանք: Վարչապետն էլ մարդ է, ինչո՞ւ բացի քննադատությունից մի երկու լավ բառ էլ չեք ասում, նեցուկ կանգնում, ոգևորում…
-Գովերգեցիք Հովիկ Աբրահամյանին. նա կարո՞ղ է դառնալ ամենաերկարակյաց վարչապետը: Նման հեռանկար տեսնո՞ւմ եք:
-Չի բացառվում, էս քանի օր է՝ նշանակվել է, արդյունավետությունը զգում եմ, այնպես որ շատ հնարավոր է, որ ամենաերկարկյացը լինի: Ներքին հավատ, զգացողություն կա, ճանաչում եմ Հ. Աբրահամյանին ու այն կարծիքին եմ, որ նա այն մարդկանցից է, ով ապացուցում է՝ ինքը արժանի է այն պաշտոնին, որին նշանակվում է: Նա բացառիկ աշխատասեր է, մարդկանց հետ հարաբերվելու արվեստ ունի: Աբրահամյանի վարկանիշը բարձր է, շատ… Հ. Աբրահամյանի չուզողներն էլ ժողովրդի նման են, ժողովուրդը ոնց է՝ հարևանդ լավ է ապրում, նախանձում ես, փոխանակ ասես, որ ինքը լավ լինի, ես էլ լավ կլինեմ:
-Չե՞ք կարծում, որ կառավարությունում փոփոխություններ չեղան. պաշտոնի եկան համակարգում աշխատող մարդիկ:
-Մարդիկ կան, որ աշխատել են տարբեր պաշտոններում: Եթե մեղադրում եք, որ մարդիկ կառավարման փորձ ունեն, փորձառուներին են նշանակել, սխալ է: Մենք սիրում ենք անհայտ անձերին ծափահարություններով ընդունել, նրանց, ովքեր անհայտ կենսագրություն ունեն, մեկ էլ երեք ամիս հետո փոշմանել, ինձ թվում է, որ փորձառուները ավելի լավ կաշխատեն, քան սկսնակները:
-Անգամ եթե անհաջող կառավարման փորձ ունե՞ն:
-Հա, թեկուզ անհաջող, ես ի՞նչ է՝ մարգարե՞ եմ, որ բոլորին իմանամ, բայց որ ես հավատում եմ, որ նոր կառավարությունը լավ կաշխատի, հաստատ: Եթե սխալվեմ, կգաք, ես Ձեզնից ներողություն կխնդրեմ:
-Ազգային ժողովը տուժե՞ց, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակեցին:
-Իհարկե, տուժեց: Անհրաժեշտ էր, որ գնաց, բայց տուժեց: Ես այդքան ԱԺ նախագահների հետ եմ աշխատել, անկեղծ ասում եմ, նա ուրիշ էր. 131 հոգի պատգամավոր իր մաշկի վրա զգում է, անբացատրելի է, ուրիշ էր, ԱԺ-ն նրա ժամանակ այլ դեմք ուներ, տեսակարար կշիռը բարձրացավ... Քանի տարի է՝ աշխատում եմ Աբրահամյանի հետ ու զգացել եմ նրա կազմակերպչական, մարդկային հատկանիշները:
Լուս.՝ mediamax.am-ի
Մեկնաբանել