HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն անհանգստացած են, որ պաշտոնյաները փորձ են անում գաղտնի պահել թանկարժեք ծախսերը

ԱԺ-ում քննարկվում է ««Պետական գնումների մասին» և «Պետական և ծառայողական գատնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի մասին» նախագիծը: Այս առնչությամբ խորհրդարանում բուռն քննարկում ծավալվեց: Ըստ էության, նախագիծը ենթադրում է պետական ապարատում պաշտոնյաների կողմից կատարվող սպասարկման ծախսերը հրապարակային դարձնելու հնարավորությունը վերացնել ու դրանք գաղտնի դարձնել:

Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մեղադրեցին իշխող հանրապետական մեծամասնությանը իրենց իսկ ծախսերը գաղտնի պահելու մեջ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նախ դիմելով ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանին, ասաց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ նախագիծը նախորդ վարչապետի կողմից թույլ տված ծախսերի հետևանքով է առաջացել:

«Ես գնացի հետ, անգամ Ստալինի ժամանակներում չտեսա նման դեպք, երբ բարձրաստիճան անձանց ծախսերն արվեն գաղտնի: 21-րդ դարում մենք մեզ հռչակել ենք ժողովրդավար, սոցիալական, իրավական պետություն, և պաշտոնատար անձանց ծախսերը պիտի հանրությունը, հարկատուն չիմանա՝ իր հաշվին ինչ ծախսեր է անում պաշտոնյան»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Նա նշեց, թե օրենքը վերանայման խնդիր ունի, ապա շեշտեց, որ կառավարությունը նախագիծը պետք է հետ տանի: ՕԵԿ խմբակցությունից Հեղինե Բիշարյանն էլ իր զարմանքը հայտնեց, թե ինչ իմաստ ունի գաղտնի պահել պաշտոնյաների ծախսերը: «Հիմա որ ես իմանամ մեր վարչապետը ինչ է ուտում կամ ինչ ինքնաթիռով է գործուղման մեկնում, դա անվտանգությանը վնա՞ս է...»,- ասաց նա, ապա հավելեց, որ ծախսերը պետք է լինեն թափանցիկ: Ըստ նրա, Հայաստանի նման փոքր երկրում անընդունելի է սպասարկման ծախսերը թաքցնելը, և ըստ այդմ էլ հայտարարեց, թե ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու այս նախագծին։

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե գնումների բնագավառը խիստ կոռումպացված է Հայաստանում և, հղում կատարելով Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցին, ասաց, որ այնտեղ ուղղակի գրված է՝ խախտումները, վատնումները, չարաշահումները կրում են համակարգված բնույթ: «Մենք ունենք հստակ պահանջներ և մոտեցումներ այս բնագավառը կանոնակարգելու ուղղությամբ: Միայն ՎՊ-ի հաշվետվությունները չէին, որ մեր աչքերը բացեցին Հայաստանում կոռուպցիայի և պետական գնումների վերաբերյալ: Տիգրան Սարգսյանի այցելությունների վերաբերյալ բացահայտումներով այս օրենքի նախագիծը անմիջական ռեակցիա է այդ բացահայտումներին և դրա հետ էր անմիջականորեն կապված»,- ասաց Լ. Զուրաբյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ուղղակի ձևավորվում է մի քաղաքականություն, որ գաղտնիության շղարշի տակ անցկացվեն և տեղի ունենան կոռուպցիոն գործարքներ:

ԲՀԿ խմբակցությունից Ստեփան Մարգարյանն էլ իր հերթին հայտարարեց, թե իր կարծիքով կառավարության հրաժարականից հետո այս նախագիծը դուրս կգա օրակարգից, որովհետև այն ժամանակ, ըստ նրա, այս նախագծի հետևում կանգնած էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով սիրում էր թանկարժեք ճանապարհորդել։ «Ես չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը կա, որ կասկածում է, որ սա ծնվեց նրանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ճամփորդության համար Տիգրան Սարգսյանը ծախսում է հարյուր հազարավոր դոլարներ, բոլորն էլ համոզված են, և եկեք չասենք, թե սա պայմանավորված է անվտանգությամբ»,- ասաց նա։

Վերջում ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հեմինե Նաղդալյանը, պատասխանելով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, հավաստիացրեց, թե սին են այն բոլոր մտայնությունները, թե հնարավոր է ինչ-որ բան «գաղտնի պահել, շվաքի տակ, շղարշի տակ թաքցնել մեր երկրում»։ «Դա՝ ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը շատ փոքր է, և բոլորը բոլորի մասին ամեն ինչ, ոչ միայն այն պատճառով, որ հանրահայտ է հազարամյակներով, որ ոչ մի բան ի վերջո գաղտնի չի մնում, այլ այն, որ մենք, սիրելի կոլեգաներ, ունենք երդում և այս դահլիճում նստած՝ իրականացնում ենք հանրային վերահսկողություն»,- ասաց նա և նշեց, որ բյուջեն ընդունելու ժամանակ առանձին նիստ են ունենում, որի ժամանակ մանրամասնորեն քննարկում են բոլոր ծախսերը։ Ի դեպ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները օրենքի շուրջ դիրքորոշում չհայտնեցին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter