HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտյան. «Զարմանալի է՝ ինչքան մեծ մագնիտիզմ ու ձգողականություն ունեմ ես»

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է ավելի լայն թափով, գումարները գանձվում են դպրոցներից ու բուհերից, ապա նշեց, որ իրենց խմբակցությանը նամակ է գրել Երևանի ճարտարագիտական համալսարանի դասախոսներից մեկն ու պատմել, որ գումարները շարունակվում են գանձվել:

«Հետքը» ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե արդյոք բուհերում շարունակո՞ւմ են գանձել քաղաքացիների գումարները՝ ի հակառակ նրանց ցանկության: Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասաց, թե ինքը կոմպետենտ չէ պատասխանել այդ հարցին, ապա նշեց. «Այս քննարկումը քանի՞ օր է տևում է: Արդեն երեք օր ԱԺ-ում քննարկվում է կուտակայինի նոր փաթեթը, օրենքը կմտնի ուժի մեջ, կլինեն նոր մոտեցումներ, ի՞նչ եք ուզում մեզնից, դուք եք այստեղ ամբողջ օրը, դուք պետք է ասեք: Այսօր օրենքը երկրորդ ընթերցմամբ քվեարկվել է, ուղարկվելու է նախագահի վավերացման, ապա մտնելու է ուժի մեջ, որից հետո նոր...»:

Մեր հարցին, թե չեք հերքում, որ գանձումներ են կատարվում, Ա. Աշոտյանը կրկնեց. «ԿԳ նախարարությունը գլխադասային չէ և իրականացնում է գլխադասային նախարարության կողմից ներկայացված, կառավարության կողմից հաստատված քաղաքականություն: Ուզում եք՝ երեսուն հատ ձու առեք՝ մեկ ա մեջը մազ չկա»: Նա հիշեցրեց, թե երեկ այս առնչությամբ Ճարտարագիտական համալսարանը հանդես է եկել հայտարարությամբ, ապա նշեց, թե ինքը բուհի պարզաբանմանն ավելացնելու բան չունի: «Ներբուհական խնդիր է, և հետո բուհի հայտարարությունը շատ սպառիչ էր ու ես ուրախ եմ, որ խմբակցությունները անմիջական կապի մեջ են, պատրաստ են ցանկացած նամակ ընթերցել»,- ասաց նա:

Դիմելով այն պատգամավորներին, ովքեր համարում են, թե ինքը կոմպետենտ է այս հարցում՝ ԿԳ նախարարը նշեց. «Եվ Արծվիկ Մինասյանը, և մնացած բոլորը ինձ շատ են սիրում: Մի մասն արտահայտվում է, որ ինձ սիրում է, մի մասը չի արտահայտվում: Զարմանալի է ուղղակի, ինչքան մեծմագնիտիզմ ու ձգողականություն ես ունեմ, որ թեպետ այս քաղաքականության մշակումն ինձ հետ կապ չունի, բայց այն վերագրում են ինձ: Շատ շնորհակալ եմ նման ուշադրության համար»:

Մեր հարցին, թե արդյոք նրանք, ովքեր չեն ցանկանում մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, չե՞ն հեռացվի բուհերից, դպրոցներից, Ա. Աշոտյանը այսպես արձագանքեց. «Վերոնիկան (Ճարտարագիտական համալսարանի դասախոսը) չի ազատվել իր ըմբոստ կեցվածքի համար: Իրեն առաջարկվել է այլ աշխատանք: Բացառում եմ, ու չեն եղել ճնշումներ իմ իմացությամբ: Եթե որևէ մեկը դեմ է կուտակայինին, բայց զուգահեռ ինչ-որ այլ խնդիրներում իրեն փորձում է ոչ ճիշտ դրսևորել… Եթե մի վարորդ հետիոտնին վրաերթի ենթարկի, բայց մեքենայի վրա փակցված լինի «Դեմ եմ» պիտակը, ապա իրեն չի՞ կարելի պատժել, կարելի է, չէ՞»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter