
«Քարֆուրն» ու «Երևան սիթին»
Եւ այսպես՝ աշնանը Երևանում կբացվի «Քարֆուր» հիպերմարկետը: Արդեն իսկ կարծիքներ կան, որ այն էապես կազդի սպառողական շուկայում մրցակցության վրա, ու առաջին հերթին կհարվածի ագրեսիվ ընդլայնվող «Երևան սիթի» ցանցին:
«Քարֆուրը» 2012 թ. Թբիլիսի ծայրամասում բացեց իր առաջին հիպերմարկետը՝ քաղաքի կենտրոնի սուպերմարկետների համեմատ առաջարկեց ավելի էժան ապրանքներ, ինչն էլ նպաստեց ֆրանսիական ընկերության հեղինակության աճին: Հիմա «Քարֆուրը» Թբիլիսիում կառուցում է երկրորդ հիպերմարկետը, ու նպատակ ունի Վրաստանում դրանց թիվը հասցնել 7-ի: Հավանաբար դրանից էլ զգուշանում են տեղական ցանցերը՝ եթե «Քարֆուրը» ընդլայնվի նաև Հայաստանում, ապա մյուս ցանցերի համար շուկայում դիմանալը խնդրահարույց է:
Շատերին առաջին հերթին հետաքրքրում է, թե ի՞նչ գնային առաջարկով է «Քարֆուրը» մտնելու Հայաստան: «Քարֆուրի» պաշտոնական կայքում նշված է, որ ընկերությունը տարբեր երկրներում տարբեր գնային քաղաքականություն է վարում, ու առավել հաշվի է առնում իր հաճախորդների գնողունակությունը: Գումարած դրան կիրառում է բոնուսների ու զեղչերի բավական ճկուն համակարգ: Համենայնդեպս կատարենք մի քանի համեմատություն:
Կիպրոսի հիպերմարկետում կարելի է տավարի ոսկրոտ միս գնել 3.89 եվրոյով (2200 դրամ), պանիր՝ 5.99 եվրոյով (3400 դրամ), 1 կգ փաթեթավորված շաքարավազ՝ 0.89 եվրոյով (505 դրամ), կարմիր չոր գինի՝ 2.60 եվրոյով (1475 դրամ): Սոֆիայում կարտոֆիլն արժե 280 դրամին համարժեք, ձեթը՝ 1790 դրամ, 8 կգ «Արիել» լվացքի փոշին՝ 7800 դրամ: Համեմատությունները թողնում ենք ընթերցողին, սակայն նշենք, որ «Քարֆուրը» հայտնի է իր բավական մեծ զեղչերով:
Իհարկե՝ «Քարֆուրը» միայն գնային ճկունությամբ չէ, որ աչքի է ընկնում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում որակի վրա, ապրանքները վաճառում է իր ապրանքային նշանի ներքո: Սովորաբար պարենային ապրանքները գնում են փոքր արտադրողներից ու փաթեթավորում, իսկ ոչ պարենային ապրանքների վրա պարտադիր դրվում է «Քարֆուրի» ապրանքային նշանը՝ մանրազննին ստուգումներից հետո: Համարվում է, որ որակ/գին համադրության մեջ «Քարֆուրը» լավագույնն է աշխարհում: Առայժմ լիովին հստակություն չկա այն հարցում, թե «Քարֆուրը» ի՞նչ չափով կօգտվի տեղական արտադրողների ծառայություններից:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանում խոշոր առևտրային ցանցերը ագրեսիվ աճ են ունեցել, ու կարողացել են շուկայից դուրս մղել փոքր ու միջին խանութներին: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում ներկայումս կան 158 խոշոր խանութներ (31 աշխատողից ավելի), ու նրանց բաժին է ընկնում մանրածախ առևտրաշրջանառության 57%-ը՝ մոտ 650 մլրդ դրամ շրջանառությամբ (մոտ 1.5 մլրդ դոլար): Համեմատության համար՝ 2008 թ. նրանց առևտրաշրջանառությունը 285 մլրդ դրամ էր՝ շուկայում 47% մասնաբաժնով: Վերջին 5 տարում խոշոր ցանցերի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 2.5 անգամ:
Խոշոր ցանցերի ընդլայնումից հիմնականում տուժել են միջին խանութները (6-30 մարդ աշխատողով): 5 տարում փակվել են այդպիսի 125 խանութներ, իսկ առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 15 մլրդ դրամով (8%-ով):
Սակայն «Քարֆուրի» մուտքը մի փոքր փոխում է մրցակցության բնույթը: Առավել հավանական է, որ «Քարֆուրը» կտանի ոչ թե, կամ ոչ միայն միջին խանութների, այլև խոշոր ցանցերի գնորդներին: Այս առումով հիմնական տուժողը լինելու է «Երևան սիթին», քանի որ նրա գնային քաղաքականությունը, բոնուսների ու զեղչերի համակարգը առավել մոտ է «Քարֆուրի» գաղափարախոսությանը, իսկ ահա որակի հարցում «Երևան սիթին» ֆրանսիական բրենդի լուրջ մրցակիցը դժվար թե դառնա: Ստեղծվում է մի հետաքրքիր իրավիճակ՝ «Երևան սիթին» շուկայում ագրեսիվ ընդլայնվեց՝ նպատակասլաց կերպով շուկայից դուրս մղելով փոքր ու միջին խանութներին, իսկ հիմա կարող է ընկնել այն փոսը, որ սովորաբար փորում էր այլոց համար:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել