Աստղագետ Ալեքս Լազարյանի աշխատանքը հրապարակվել է աշխարհի ամենահեղինակավոր «Nature» ամսագրում
Միջաստղային նյութի խելահեղ շարժումների ընթացքի ուսումնասիրությունը
Գիտնականների միջազգային մի խումբ կատարել է միջաստղային միջավայրում տաք իոնացված գազի տուրբուլենտության ժամանակագրություն: Այս չափումները Ծիր Կաթինի բաղադրության և ձևաբանության կազմավորման համար պատասխանատու պրոցեսի մասին ավելի խորը պատկերացումներ են տալիս: Աշխատանքը վերջերս ընդունվել է աշխարհի ամենահեղինակավոր «Nature» ամսագրում:
Ծիր Կաթինում և այլ գալակտիկաներում աստղերի միջև տարածությունը լցված է գազով և փոշով, այն հումքով, որից կազմված են աստղերն ու մոլորակները: Բայց այդ, նյութի կողմից ստեղծված տեսարանները, ինչպիսիք են Հաբլի տիեզերական դիտակով ստացված գազափոշային աշտարակները, դեռևս շարունակում են առեղծված մնալ:
Խմբի անդամ, Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի հայազգի պրոֆեսոր Ալեքս Լազարյանի խոսքով` միջաստղային միջավայրը բազմափուլ համակարգ է, որտեղ մոլեկուլային ամպերի, տարբեր ջերմաստիճաններ ու խտություններ ունեցող դիֆուզ գազի միջև կան բարդ փոխազդեցություններ, ինչպես նաև մագնիսական դաշտերը թափանցում և զգալիորեն ազդում են բոլոր փուլերի վրա:
Միջաստղային միջավայրի դինամիկան հասկանալը շատ կարևոր է, որովհետև այն պատասխանատու է գալակտիկաներում ընթացող հիմնական պրոցեսներից մեկի` աստղառաջացման համար: Կատարված նոր ուսումնասիրություններն օգնեցին ստեղծել միջաստղային միջավայրի նոր պատկեր՝ բացահայտելով գերձայնային արագություններով ծայրահեղ անկանոն շարժվող գազի և փոշու հատկությունները:
Nature, Vol. 478, p. 214-217 (2011), http://arxiv.org/abs/1110.2896
Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկներության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել