HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեղրի» Ջրօգտագործողների ընկերության արձագանքը «Հետքի» հրապարակմանը

Հարգելի պարոն Բաղդասարյան,

Ձեր կայքում 14.05.14թ. հրապարակվել է «Մեղրիում ջրամատակարարումից թերեւս դժգոհ չէ միայն ջրօգտագործողների միության գործադիր տնօրենը» վերնագրով համակարգի արդիականացման ծրագրերի մի մասը անաչառ ներկայացնելուց հետո իրականությանը չհամապատասխանող տվյալներ են ներկայացվել «Մեղրի» ՋՕԸ գործունեության մասին: Եթե հեղինակը մինչև լրատվությունը հրապարակելը լսեր նաև ընկերության տնօրինությանը, տեղամասային աշխատակիցներին, ինչպես նաև տվյալ այգետիրոջ հարևան այգետերերին, ապա միանշանակ այլ տպավորություն կստանար:

Ի դեպ, եթե «Մեղրի» ՋՕԸ գործադիր տնօրենը ինչ-որ պահի անհասանելի էր, չի նշանակում, թե դա «մշտական» է: Պարզապես մեր աշխատանքը զուտ գրասենյակային չէ և ոչ միայն գործադիր տնօրենը, այլև մյուս աշխատակիցները հաճախ են լինում տեղամասերում և ամենուրեք չէ, որ հեռախոսակապը կատարյալ է:

Վերադառնալով այգետերերից Սաքո (Սարգիս) Քառյանին, նշենք, որ նրա այգու հարևանությամբ նմանատիպ շուրջ 5 հա այլ այգիներ կան և նրանց տերերը ոռոգման խնդիրներ չունեն:

Միանշանակ պնդում ենք, որ բարձրացված հարցը զրպարտություն է մեր հասցեին`ստում են և Սարգիս Քառյանը, և Վրեժ Սևումյանը: Այդ տարածքում ոչ չորացված այգիներ կան և ոչ էլ տնկիներ: Հակառակն եմ պնդում, Ս. Քառյանը ամենուր հպարտանում է, որ իր այգին «ցուցադրական» է, մեկ ծառից հավաքում է 100-150կգ նռան բերք, 700-800 գրամ քաշով և վաճառում է 1կգ-ը 1000-1800 դրամով:

Այդ ինչպես եղավ, որ այգին չի ջրվում, չորանում է, բայց մարդը ապրանքային լավ տեսքով խոշորածավալ, մեծաքանակ բերք է ունենում: Ներկայացնում եմ 2013 թվականին Ս.Քառյանի պատվիրած և օգտագործած ջրի ժամաքանակները, որի համար անձամբ վճարել է` հուլիսի 1-ին` 2 ժամ, հուլիսի 11-ին` 5 ժամ, հուլիսի 28-ին` 4.5 ժամ, օգոստոսի 9-ին` 4.5 ժամ, օգոստոսի 18-ին` 5 ժամ, օգոստոսի 31-ին` 5.5 ժամ, սեպտեմբերի 6-ին` 5 ժամ, սեպտեմբերի 19-ին` 4 ժամ, հոկտեմբերի 12-ին` 5 ժամ, հոկտեմբերի 24-ին` 6 ժամ:

Այդ ընթացքում Քառյանը ստացել է ընդհանուր շուրջ 10 000 խ/մ ջուր, որը գերազանցում է 1 հա-ի համար նախատեսված 8000 խ/մ-ն: Այս տվյալները ջրբաշխի մատյանից են և ցանկության դեպքում կարելի է ծանոթանալ մյուս բոլոր ջրօգտագործողների տվյալներին, համեմատել ու հասկանալ, որ Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցները ջրամատակարարման հարցում առաջնորդվում են միմիայն ներկայացված հայտերով և սահմանված չափանիշներով և ոչ` անձնական մոտեցումներով, ինչը չենք կարող ասել այս ջրօգտագործողի մասին:

Խնդրեմ` հիմնավորումը. Ս. Քառյանը ունի 0.75 հա այգի. այս տարվա մայիսի 12-ին խնդրել է, որ իրեն մեխանիկական եղանակով ջուր մատակարարվի այգին ոռոգելու համար: Իմ այն հարցին, թե ինքնահոս ջրամատակարարումը դեռ գործում է, ինչու է անպայման ցանկանում պոմպով ոռոգել, չէ որ դրա համար չի վճարում, ջրօգտագործողը պնդել է, որ իրեն ջուր հատկացնեն պոմպով. երևի ստուգում էր` պոմպակայաններն աշխատում են, թե` ոչ: Հաջորդ օրը նա 7 ժամ անխափան ջուր է ստացել պոմպակայանից: Պոմպակայանների նորոգումը միշտ կատարվում է ոռոգման շրջանից դուրս և երբեք չի խոչընդոտում ջրամատակարարմանը: Իսկ ըստ անհրաժեշտության ծագած օպերատիվ միջամտությունը կատարվում է հնարավորինս արագ` ջրամատակարարումը սեզոնին անխափան ապահովելու համար:

Քառյանը ժամանակին պահանջել է նաև, որ ոռոգման շրջանից դուրս իրեն ոռոգման ջրով ապահովեն, այդ հարցում իմ կողմից միանշանակ մերժվել է: Ինչ մնում է իմ սեփական այգու ոռոգման համակարգին` այգին 1 տարեկան է, նորատունկ, 0.5 հա, ոռոգում եմ 20-25 րոպեում` նույնատիպ պոմպով: Իդեպ, նշեմ, որ իհարկե մեր աշխատանքում կան թերություններ, բացթողումներ, նույնիսկ` ջրամատակարարման խափանումներ, սակայն բացառվում է, որ կանխամտածված որևէ մեկին ջուր չմատակարարվի, որպեսզի նրա այգու բերքատվությունը ցածր լինի, ծառերը չորանան, կամ զրկվի եկամտից:

Կրկնում եմ, բացառվում է և նման կարծիք հայտնելը պարզապես զրպարտություն է ընկերության և անձամբ իմ հասցեին:

Հարգանքով`  «Մեղրի» ՋՕԸ Գործադիր տնօրեն Դավիթ Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter