HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ն. Փաշինյանը Ա. Աշոտյանին հորդորեց կասեցնել հանրապետական ուսանողական բանդաների գործունեությունը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում երեկ տեղի ունեցած միջադեպին, հայտարարեց. «Ես լրատվամիջոցներում տեսա, որ նույն բուհը, որի կապակցությամբ մենք բուռն քննարկումներ ենք ունեցել (խոսքը Երևանի տնտեսագիտական համալսարանի մասին է), այդ բուհի Գյումրիի մասնաճյուղում փորձ է արվում նմանատիպ պրոցեսների, և հայտնի պատմությունների հերոսներից մեկն այժմ էլ գործուղվել է Գյումրի, որպեսզի հանրապետականացնի Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճուղի ուսանողական խորհուրդը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել մասնաճյուղում և, բարեբախտաբար, ընտրությունները ձախողվել են»:

Հիշեցնենք, որ  մայիսի 15-ին ՀՊՃՀ-ի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները ձախողել էին բուհի ուսխորհրդի նախահագի ընտրությունը` իբրեւ հակազդեցություն բուհի ուսանողական խորհուրդը հանրապետականացնելու քայլերին։ 

Նա նշեց, որ Երևանի տնտեսագիտական համալսարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած դեպքը կառավարության համար հետևությունների առիթ չի հանդիսացել: ՀԱԿ պատգամավորը նախազգուշացրեց, որ եթե առաջիկայում այդ հետևությունները չարվեն, ապա իրենք նման թեմաներին կրկին կանդրադառնան, չեն մոռանա: ԿԳ նախարարն էլ, պատասխանելով Ն. Փաշինյանի դիտարկումներին, ասաց, թե դրանք որևէ կերպ չեն առնչվում քննարկվող նախագծին, բայց, այնուամենայնիվ, պատասխանեց դրանց:

«Ես չունեմ հույսեր` կապված նրա հետ... Ես ուզում եմ շեշտել, որ իմ քաղաքական գործունեության մեջ ես իմ հույսը դնում եմ հակառակորդների ուժեղ կողմերի վրա, ընդդիմախոսների թույլ կողմերը չեն կարող մեզ համար առաջնորդող գործոն լինել, ուստի երկար ժամանակ, քանի դեռ դուք պատգամավոր եք, ու այնքամ ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ, ցանկացած հարց այս ամբիոնից կարող եմ ձեզ հետ միասին քննարկել: Գիտե՞ք՝ ինչն է զավեշտալի այս իրավիճակում, որ դուք ինձ մեղադրում եք հանապետականացումների մեջ, հետո մարդիկ խնդրում են խառնվել հանրապետականացումը կանխելու համար: Մի կողմից մեղադրում եք նրա մեջ, որ հանրապետականացնում ենք բուհերը, մյուս կողմից` խնդրում են դա կանխել. կողմնորոշվեք` ես ո՞ր դերակատարն եմ` ըստ ձեզ: Չեմ կարծում, որ ԿԳ նախարարը պետք է խառնվի պետական բուհերից մեկի մասնաճյուղի ուսխորհրդի ընտրությունների գործընթացին: Եթե ուսանողն ունի քաղաքական հայացքներ բուհից դուրս, ազատ կարող է այն իրացնել, իսկ բուհի ներսում ՀՀԿ-ականներն էլ, ՕԵԿ-ականներն էլ, ՀԱԿ-ականներն էլ կարող են առաջադրվել ցանկացած պաշտոնում: Եթե հավատամ նրան, ինչ դուք ասում եք, կստացվի, որ դիսկրիմինացիոն տեսակետներ ունեք, ուզում եք մարդուն դիսկրիմինացիայի ենթարկել քաղաքական հայացքների համար, որ ինչ է ՀՀԿ-ական է, ուրեմն պիտի իրավունք չունենա՞ մասնակցել գործընթացին»,- շեշտեց նա:

Ա. Աշոտյանի խոսքով՝ սա ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների սահմանափակում քաղաքական հայացքների համար: Նա հավաստիացրեց, որ ինքը չի խառնվել, չի խառնվելու ու չի թողնելու, որ որևէ մեկը խառնվի բուհի ներքին կյանքին: Նա նշեց, թե մարդիկ տարբեր քաղաքական հայացքներ ունեն և իրենք պետք է որոշեն` ում են ընտրելու. «Ես չեմ խառնվելու ու միաժամանակ թույլ չեմ տալու, որ որևէ մեկը համակարգից դուրս խառնվի ուսումնական հաստատության ստորաբաժանումներից մեկի բնականոն գործունեությանը: Ում կընտրեն` ՀՀԿ-ականի, ԲՀԿ-ականի կամ դեռևս անհայտ քաղաքական ուժի, թող ընտրեն իրենք»:

ՀԱԿ պատգամավորը նախ հեգնեց՝ ասելով. «Կփորձեմ մի րոպեում արձագանքել Ձեր կես ժամանոց ճառին», ապա հակադարձեց, թե նախարարը սխալ հասկացավ իր դիտարկումները: «Ես ձեզնից ու ձեր կառավարությունից որևէ բան խնդրելու ցանկություն չունեմ: Ձեզ` որպես ԿԳ նախարարի, որպես Տնտեսագիտականի խորհրդի անդամի, ասում եմ՝ կասեցրեք ձեր հանրապետական ուսանողական բանդաներին, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիներն իրենք կանեն իրենց հասու մեթոդներով: Ես ձեզ չեմ խնդրում, ես զգուշացնում եմ, հետո չասեք, թե չենք զգուշացրել»:

Ա. Աշոտյանն էլ ասաց, թե պատգամավորի նախազգուշացումների կարիքը չունի եւ թույլ չի տա, որ ԱԺ դահլիճում կառավարության ներկայացուցչի հետ որևէ մեկը խոսի քողարկված սպառնալիքների լեզվով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter