HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սալուտ գյուղում ութամյա դպրոց ու բուժկետ են ուզում ունենալ

Երանուհի Սողոյան

Արսեն Վարդանյան

Աշոցքի նախկին տարածաշրջանի Ձորի գյուղեր կոչվող հատվածի 6 գյուղերի, այդ թվում նաեւ Սալուտի բնակիչներին մեկ ավտոբուս է սպասարկում, այն էլ` շաբաթվա 3 օրերին: Սալուտը մարզկենտրոնից հեռու է 30 կմ, իսկ Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհից՝ 5 կմ: Համայնքի ղեկավար Սանասար Սաղաթելյանը հավատացնում է, որ մեքենա չունեցող սալուտցիները շատ հաճախ ոտքով հասնում են մինչեւ Վարդաղբյուր գյուղի մոտ գտնվող խաչմերուկ, որտեղից էլ Աշոցքը սպասարկող տրանսպորտով կամ տաքսիներով մեկնում են Գյումրի:

Սալուտում հաշվառված է 17 ընտանիք, սակայն մշտապես բնակվում է 14-ը: Գյուղի տարրական դպրոցում սովորում է 5 երեխա: Առաջին եւ երկրորդ դասարանների դասապրոցեսը կազմակերպվում է միասին, երրորդ եւ չորրորդ դասարանները կոմպլեկտավորված են մի դասարանում: Ավելի բարձր տարիքի 17 երեխա հաճախում է հարեւան՝ Մուսայելյան գյուղի միջնակարգ դպրոց: Բացի Սալուտից, Մուսայելյան գյուղի դպրոց են հաճախում նաեւ Վարդաղբյուր եւ Հարթաշեն համայնքների երեխաները:  

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը մեքենա է տրամադրել գյուղերից երեխաներին տեղափոխելուն համար: Ավելի ցածր դասարանների աշակերտները ստիպված են լինում սպասել, մինչեւ բարձր դասարանցիներն ավարտեն դասերը, հետո միասին վերադառնան գյուղ: Սալուտցիների ցանկությունն է գյուղում ունենալ գոնե 8-ամյա դպրոց: Ի դեպ, հարեւան Բաշգյուղն ընդհանրապես դպրոց չունի, թեպետ բնակչության թվով ավելի մեծ է, քան Սալուտը:

Սալուտը վարչական շենք էլ չունի: «Տեղավորվել ենք դպրոցի մի սենյակում,- ասում է համայնքապետ Սանասար Սաղաթելյանն, ով համայնքը ղեկավարում է 1996թ.-ից,- ուզենան` դուրս կանեն, իրանց տարածքն է: Գյուղը չունի համայնքային կենտրոն, մշակույթի տուն, բուժկետ: Հատկապես բուժկետ ունենալը շատ եմ կարեւորում, որ փոխանակ մեր գյուղում դնեին, տարան Վարդաղբյուրում բացեցին»:

Բուժկետի բացակայության հարցը մտահոգում է նաեւ բազմանդամ ընտանիքի հայր Սուրեն Մինասյանին: 11 անձից բաղկացած նրա ընտանիքի 3 անդամները մինչեւ երեք տարեկան երեխաներ են: «Գյուղը շատ խնդիրներ ունի, բայց երեխաների առողջությունը մեզ համար ավելին է, քան մնացած հարցերը,- ասում է Սուրենը: Գյուղում բուժկետ չի գործում, այս պահին ստիպված ենք 4-5 կմ ճանապարհ կտրել, հասնել Վարդաղբյուր գյուղ, իսկ ձմռան ամիսներին խնդիրն ավելի է բարդանում ձյան եւ բքի պատճառով: Բուժկետ տանել, պատվաստելուց հետո երեխա է` հնարավոր ռեակցիայի դեպքում նորից ստիպված ենք լինում այս ճանապարհն անցնել: Մեծերի առողջական խնդիրներ ունենալու դեպքում 12 կմ պետք է հաղթահարենք՝ հասնենք Աշոցք: Բայց գյուղն ինչո՞ւ չունենար բուժկետ: Անցած տարի գյուղում եղել է բուժկետ, հարեւան գյուղից էր բուժքույրը գալիս, իսկ հիմա չկա»:

Սալուտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մինաս Խաչատրյանը 4 երեխայի հայր է եւ մտահոգված է երեխաների ճակատագրով: Գյուղի հետագա կյանքի, լավ ապագայի, նոր պայմաններ ստեղծելու մասին նույնիսկ չի էլ մտածում: Նրա կարծիքով` անհնար է ինչ-որ բան փոխել: Գյուղի դեմ-դիմաց փշատերեւ անտառն է: Բնակիչներն այստեղից վառելափայտ չեն հավաքում՝ տուգանքից են վախենում:

Մեկ-երկու անգամ փորձել են տարբեր ատյաններում բարձրաձայնել անտառում տիրող իրավիճակի մասին: Բքի, առատ ձյան եւ քամիների ժամանակ ծառերը տապալվում են գետնին, տարիներով մնում անտառի մեջ եւ, իրենց բնորոշմամբ, դառնում փտախտի պատճառ: Սալուտում տները հիմնականում աթարով են տաքացնում: Այստեղ ձմեռը շատ հաճախ գալիս է հոկտեմբեր ամսին եւ հեռանում միայն մայիսի վերջին:

Սեփական եկամուտների հավաքագրման հարցում եւս Սալուտը կաղում է: Պետությունից ստացած աջակցությունը 3 մլն դրամ է, սեփական եկամուտների հավաքագրումը մոտ 675 հազար դրամ է: Համայնքապետ Սանասար Սաղաթելյանի փոխանցմամբ` այդ գումարով հիմնականում համայնքապետարանի երեք աշխատակիցների աշխատավարձն են վճարում: Ծրագրեր գյուղում գրեթե չեն իրականացվում: Համայնքապետն ասում է՝ գումարը չի հերիքում: «Ինչ էլ որ մնում է տակը, գյուղի մեջ մանր-մունր բաներ կենենք»,- հավատացնում է 19 տարի համայնքը ղեկավարող համայնքապետը: Թե այդ մանր-մունրն ինչ ծրագրերի տեսքով է արտահայտվում, Ս. Սաղաթելյանը դժվարանում է բացատրել:

Սալուտում գիշերային լուսավորության ցանց չկա: Անգամ 3 կետ բնակավայրի տարածքում ունենալու ձգտում այս երկար ու ձիգ ղեկավարման տարիներին համայնքապետի մոտ չի առաջացել: Փորձում ենք ճշտել, թե տարվա կտրվածքով գոնե 600 հազար դրամ կարողանու՞մ են խնայել: Համայնքապետը դրական պատասխան է տալիս: «Այդ դեպքում ինչու՞ չեք լուծում լուսավորության հարցը»,- դիմում ենք համայնքապետին: «Դե, ուրեմն էս տարի կանենք»,- խոստանում է Ս. Սաղաթելյանը:

Սալուտում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: 630 գլուխ խոշոր եւ 500 գլուխ մանր եղջերավոր անասուն կա գյուղում, սակայն կաթի եւ մսի մթերումից ու վաճառքից ստացվող եկամուտը չի գոհացնում բնակիչներին: Կաթ մթերում են մինչեւ 170 դրամով, տավարի միսը` մինչեւ 1000-1200 դրամով, դեպքեր են լինում՝ այս գնից էլ ցածր: «Կով կա, մի քիչ նիհար է մնացել, մինչեւ 40.000 դրամով են գալիս տանում: Եզդին էս գնի ոչխար չէր տա»,- ասում է Մ. Խաչատրյանը:

Գյուղի 180 հա վարելահողերը չեն մշակվում, սալուտցիները դրանք վերածել են խոտհարքի: Գյուղի վարչական տարածքը կազմում է 555  հա, որից 53 հա-ը անտառ է, 129 հա-ը` այլ օգտագործման, 85 հա-ը` արոտավայր եւ 220 հա-ը սեփականաշնորհված հողերն են: Սեփականաշնորված հողակտորի մեկ ծխաբաժինը 6 հա է:

Սալուտ գյուղում նախորդ տարիներին զարգացման ծրագրեր չեն իրականացվել: Մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը եւս առաջարկներ է ներկայացրել մեղրի սպառման եւ վաճառքի վերաբերյալ, սակայն առաջարկվող գումարն ու պայմանները գոհացնող չեն եղել: Հիմա մեղրը կարողանում են վաճառել մինչեւ 4000 դրամով: Բնակիչներն ապրում են, իրենց բնորոշմամբ, պարտքերի «սեւ ցուցակներով»: Գյուղում խանութ չկա, հարեւան գյուղերի խանութներից են պարտք վերցնում: 

Միակ դրական բանը Սալուտում շուրջօրյա ջրամատակարարումն է: Միակ մեծ ծրագիրը, որ իրականացվել է այս գյուղում, 2012-ին խմելու ջրի ներքին ցանցի նորացումն  է: Համայնքապետի փոխանցմամբ՝ պետական աջակցությամբ եւ Ասիական բանկի ֆինանսավորմամբ 2 կմ խմելու նոր ջրագիծ է անցկացվել: Ցանցը շահագործում է «Հայջրմուղկոյուղին»: «Շատ էլ գոհ ենք, լավ էլ սպասարկում են, տներում ջրաչափեր կան դրած, ինչքան օգտագործում ենք, էդքան էլ վճարում ենք»,- ասում է համայնքապետը:

Անգամ բազմաթիվ «չկա-ների» առկայության պայմաններում համայնքների խոշորացման հարցը Սալուտի բնակիչների սրտով չէ: «Ես գիտեմ այդ ծրագիրը: Կուզեն էս վեց գյուղերը միավորեն, կենտրոնն էլ լինի Փոքր Սարիար գյուղը»,- ասում է համայնքապետը,- բայց դրանից մեր կյանքը դժվար թե բարելավվի: Որ խոշորացրին, Սալուտում դրանից հետո որեւէ նոր բան կկառուցե՞ն: Հետո էլ ամեն մի հարցի համար պիտի 12 կմ կտրենք, հասնենք Փոքր Սարիար: Չէ, մեզ էդ խոշորացումը ձեռք չի տա»:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter