20 մլն դրամ տուգանք ՀԷՑ-ի նկատմամբ` բնակիչներին էլէկտրամատակարարումից զրկելու համար
Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` տեղեկացնելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են դեռևս 4 տարի առաջ և շենքը հանձնվել է շահագործման: Սակայն, էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում: Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել: Բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը «ՀԷՑ»-ն է:
Այսօրվա նիստում ՏՄՊՊՀ-ն քննարկել է բնակիչների դիմումը եւ եզրակացրել, որ ՀԷՑ-ը իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: Հանձնաժողովի պահանջով «ՀԷՑ»-ը ներկայացրել է պարզաբանումներ խնդրի վերաբերյալ` նշելով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքը կառուցապատողի` «Միլլար» ՍՊԸ-ի հետ: Ըստ «ՀԷՑ»-ի, վերջինիս հետ արդեն իսկ կնքվել է պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով գործն ավարտին չի հասել: Մասնավորապես, «ՀԷՑ»-ի գրավոր պարզաբանման մեջ նշված է, որ կառուցապատողը իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ:
ՏՄՊՊՀ դիտարկմամբ` «ՀԷՑ»-ի գործողությունները և պահանջը անօրինական են: Ինչպես տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև կողմերի հետ կազմակերպված քննարկումների և լսումների արդյունքում, Հանձնաժողովը հանգեց այն եզրակացությանը, որ «ՀԷՑ»-ի գործողությունները չեն բխում օրենքից: Եթե անգամ, շենքը կառուցապատող ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա ոչ մի առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ. նման բան իրավական որևէ ակտով ամրագրված չէ: Հարկ է նաև նշել, որ 2010-ին «Միլլար» ՍՊԸ-ի և «ՀԷՑ»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, շենքի էլեկտրամատակարարումը պետք է ավարտվեր դեռևս 2011-ին, ինչը փաստացի չի կատարվել:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, «ՀԷՑ»-ը պարտավոր է 7 օրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր: Որոշման արդյունքում կկարգավորվի ոչ միայն այս խնդիրը, այլև կլուծվի ողջ շենքի ջրամատակարարման, ինչպես նաև վերելակների խնդիրը:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ ՀԷՑ»-ը հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում` միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում Հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել