Գյումրիում երկու օր կաթվածահար էր քաղաքային տրանսպորտը
Մարիամ Խալաթյան
«Հա, ի՞նչ էնենք` 45 րոպե սպասել եք, գծի մեջ գազել չկա: Հարկայինը ռեյդ կէնե, սաղ կվախենան քշեն: Չորս գազելով ըսքան էլ օր կհասցնենք, ուրախ էղեք»,- ուղեւորի հարցին, թե ինչո՞ւ եք այսքան ուշ-ուշ աշխատում, հակադարձեց 14 համարի երթուղու երիտասարդ վարորդը: Ապա ավելացրեց. «Բողոքելուց ըդքան լավ եք, գնացեք քաղաքապետարան բողոքեք, թող ճամփեքը սարքեն, օր մենք էլ նորմալ քշենք»:
Երկու օր քաղաքային տրանսպորտը Գյումրիում կիսամեռ վիճակում էր: Մարդիկ 15-45 րոպե կանգառներում սպասում էին երթուղայինի (սովորաբար ընդմիջումը, ըստ քաղաքապետարանի տվյալների, կազմում է 7-10 րոպե` կախված երթուղուց): Երբ վերջապես տրասնպորտը ժամանում էր, ուղեւորները շտապում էին առանց իրար հերթ տալու տեղավորվել` մեքենայի դուռը չփակվելու աստիճան, մի մասն էլի մնում էր կանգառում կանգնած:
Երթուղայինի վարորդը, ով չցանկացավ ներկայանալ` հետագայում խնդիրներից խուսափելու համար, ասաց, թե հարկայինը կանգնեցնում է մեքենաները, ստուգում, հետո մի պատճառ է գտնում ու 25 հազար դրամ տուգանում: Վերջինիս խոսքով` շատ վարորդներ խուսափում են գիծ դուրս գալ: «Մարդիկ հազիվ օրվա վիրուչկեն կհանեն, որ մի հատ էլ հարկայինը տուգանի, էլ տունն ի՞նչ տանեն»,- շարունակում է վարորդը: Հետաքրքրվում եմ` ինչու՞ է երթուղայինների վարորդներին տուգանում, ակտում ի՞նչ է գրված: Ասում է. «Ես ի՞նչ իմանամ, այ քուրս, իրանց ասել են` գնացեք բյուջեն փող բերեք, եկել են: Ինձ դեռ չեն տուգանել, ակտը չեմ տեսել, որ իմանամ` ինչի համար են տուգանում: Ըդիկ էլ ըսեմ` մեր հարկայինը չէ, Էրեվնից են էկել»:
Ի՞նչ է պատահում քաղաքային տրանսպորտին, ինչո՞ւ են Երեւանից գալիս Գյումրիում հարկային ստուգումներ կատարում, եւ, ի վերջո, ով է պատասխան տալու ուղեւորներին անհարկի սպասեցնելու համար. այս հարցերի շուրջ փորձեցինք զրուցել Գյումրու քաղաքապետարանի տրասնպորտի բաժնի ներկայացուցիչների հետ: Երկօրյա փորձից հետո մեզ հաջողվեց հանդիպել բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Եղոյանին:
Վերջինիս վրդովեցրեց մեր հարցը: «Մեր քաղաքի տրանսպորտը նորմալ աշխատում է բոլոր նորմալ մարդկանց համար, իսկ նրանք, ովքեր ի ծնե չոփը գերան սարքելու հատկություն ունեն, ես ի՞նչ ասեմ»,- պատասխանեց Արամ Եղոյանը: Նրա ասելով` այն երթուղիները, որոնք մրցույթով շահել են, դրանց աշխատանքի վերաբերյալ խնդիրներ չեն եղել. «Ես վարորդի խոսքերը չեմ կարող մեկնաբանել: Այդ օրերին եղել է ուրիշ խնդիր, եւ մեր մամուլի քարտուղարի միջոցով դրա մասին ասվել է»: Արամ Եղոյանը նկատի ուներ, որ որոշ մեքենաների սեփականատերերի հանձնարարվել է բերել գազաբալոնների լաբորատոր ստուգման ակտերը: «Հնարավոր է` այդ պատճառով մի երկու մեքենա այդ օրը երթուղի դուրս չի եկել եւ 5-10 րոպե ավել եք սպասել»,- ասաց Ա. Եղոյանը:
Տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն ավելացրեց, որ հարկայինի «ռեյդերի» մասին ինքն իմացել է մամուլից ու չի հետաքրքվել, թե ինչ են ստուգում, քանի որ դա իրենց գործը չէ: «Իմ իմանալով` ավելի շատ ստուգել են ինչ-որ բեռնափոխադրումներ իրականացնող կամ առաքող մեքենաները: Դեռ որեւէ երթուղայինի վարորդից որեւէ բողոք կամ ինֆորմացիա չեմ ստացել, որ երթուղային տաքսի են կանգնեցրել եւ ինչ-որ բան են ստուգել»,- ավելացրեց նա:
Տրանսպորտի բաժնի պետի պաշտոնակատարին նաեւ տեղեկացնում ենք, որ մի քանի օր 18 համարի երթուղին չի շահագործվել, ուսերն է թոթվում` ի՞նչ անեմ: Փոխանցում է, որ հիշյալ երթուղին մրցույթը չի անցել, եւ քաղաքապետարանը որեւէ լծակ չունի` նրանց վրա ազդելու: Մեր հարցին ի պատասխան, թե կան լուրեր, որ վարորդներն այս օրերին խուսափել են երթուղի դուրս գալ նաեւ այն պատճառով, որ շատերը երիտասարդ տղաներ են եւ չունեն համապատասխան վարորդական իրավունք, Արամ Եղոյանը մեջբերում է մրցույթի կետերը: Մրցութային փաթեթի մեջ լրացվում են` մեքենայի տեխնիկական տվյալները, ներկայացվում է տեխանձնագիրը, վարորդի անձնագիրը, D կարգի վարորդական իրավունքը եւ աշխատանքային գրքույկը: Վերջինը` նրա համար, որ վարորդն անպայման աշխատանքային փորձ ունենա:
Ի դեպ, մի շարք երթուղիներում` 18, 20, 33, 9, 10, հայտարարվել է մրցույթ, որը տեղի է ունենալու մայիսի 20-ին, սակայն, ինչպես փոխանցեց քաղաքապետարանի պաշտոնյան, դեռեւս ոչ մի հայտ չի ստացվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել