HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծված փաստաթղթեր. մեղադրյալ դեռեւս չկա

Երևանի Րաֆֆու փողոցի 19 շենքին հարող կանաչապատ հողատարածքների սեփականաշնորհման փաստի առթիվ հարուցված քրեական գործով դեռևս մեղադրյալ չկա: Հիշեցնենք, որ հողամասերը օտարվել էին նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանի` 2009թ., Գագիկ Բեգլարյանի` 2010թ. որոշումներով:

«Հետքի» հարցմանն ի պատասխան` ոստիկանությունը տեղեկացնում է. «ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող հիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»: Արդեն մոտ հինգ ամիս է, ինչ ընթանում է այս գործով նախաքննությունը:

Սեփականաշնորհված կանաչապատ հողատարածքները գտնվում են 19 շենքի դիմաց՝ 5-7 մետր հեռավորությամբ: Այդ տարածքները` երկու առանձին հողակտորներ, օտարվել են ոմն Դմիտրի Անդրիասյանի:

Շենքի բնակիչները չեն ճանաչում Դմիտրի Անդրիասյանին: Նա այդ շենքի բնակիչ չէ: Դեռ երկու տարի առաջ բնակիչները դիմում էին ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ փաստարկելով, որ իրենց պուրակի սեփականաշնորհումն անօրինական է, և խնդրել էին հարուցել քրեական գործ:

Բնակիչների հաղորդումը դատախազությունից քննարկման էր ուղարկվել ոստիկանություն, սակայն քննչական գլխավոր վարչության՝ Երևանի ՔՎ կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Գայանե Երիցյանը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժել` առանց հարցաքննելու տարածքները սեփականաշնորհած Դմիտրի Անդրիասյանին:

Բնակիչները քննիչի որոշումը բողոքարկել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատավորը 2013թ. նոյեմբերի 12-ին բնակիչների հայցը բավարարել է, եւ դրա արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Սեփականաշնորհման փաստաթղթերը կեղծված են: Ինչպես արդեն գրել ենք, կանաչապատ տարածքները սեփականաշնորհած անձը, ըստ փաստաթղթերի, նույն տարածքում ինքնակամ շինություններ է կառուցել այն ժամանակ, երբ եղել է 8 տարեկան: Մանրամասն` այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter