
Ռուստամ Գասպարյան. «Անվստահություն էինք հայտնում, որ բան փոխվի, բայց բան չփոխվեց»
«Հետք»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը
- Երեկ ԱԺ-ում քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» կառավարության ներկայացրած նոր օրինագիծը, որին ձեռնպահ քվեարկեց ԲՀԿ խմբակցությունը: Տեսակետներ հնչեցին, թե կուսակցությունը քվեարկելիս կաշկանդված է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամիական կապի հանգամանքով: Դուք կաշկանդված եղե՞լ եք:
- Ոչ մի կերպ չի ազդել դա իմ քվեարկության վրա: Մի քանի օրինագծեր են եղել, որոնք կառավարությունը ներկայացրել էր ու մենք դրանց դեմ ենք քվեարկել, այնպես որ խնամիական բարեկամական կապերը գործ չունեն քաղաքականության մեջ:
- Այդ դեպքում ինչո՞ւ ձեռնպահ քվեարկեցիք, երբ ամիսներ շարունակ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հետ միասին պայքարում էիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:
- Դե դա մի քայլ առաջ էր, բարեփոխում էր, ուստի մենք կառավարությանը տվեցինք հնարավորություն, որ կարողանան աշխատել. շանս ենք տվել, որ աշխատեն: Մեր կուսակցությունը առաջիկայում էլ թեժ գիծ կունենա, որ քաղաքացիները զանգեն, եթե նրանց պարտադրում են վճարել, և մենք կօգնենք նրանց: Ունենալու ենք թեժ գիծ, որ ահազանգեն, զանգեն, տեղեկացնեն, մենք էլ զբաղվենք այդ հարցով:
- Պարոն Գասպարյան, քանի որ քառյակի համագործակցության առանցքում կուտակային կենսաթոշակային հարցի դեմ պայքարն էր, հնչեցին կարծիքներ, որ քառյակը տապալվեց, պառակտվեց, որովհետև չորսից երկուսը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ձեռնպահ քվեարկեցին օրենքին:
- Չէ, ես նման բան չէի ասի: Բոլոր հարցերի հետ կապված մենք քառյակի հետ շարունակում ենք քննարկումներ տանել, շարունակում ենք համագործակցել:
- Կառավարության նոր ծրագրի շուրջ քառյակը միասնական դիրքորոշմամբ հանդես կգա՞:
- Հնարավոր է:
- Որպես ԲՀԿ-ական պատգամավոր` Դուք կողմ կլինե՞ք, որ նոր ծրագրի շուրջ չորս ուժերը մեկ դիրքորոշում հայտնեն:
- Եթե քառյակն այսօր համագործակցում է, ընդհանուր որոշման է հանգում, իհարկե կողմ եմ:
- Դուք անձամբ հակված եք կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկել կառավարության նոր ծրագրին:
- Կողմ, միանշանակ, չեմ քվեարկի:
- Դե՞մ եք քվեարկելու:
- Դե դա արդեն քննարկման խնդիր է:
- Ինչո՞ւ միանշանակ կողմ չեք քվեարկի:
- Յուրաքանչյուր կառավարության ծրագրի համար (դա լինի անցածը կամ հաջորդը, ինչքան որ ունեցել ենք) կարելի է կանգնել ու կես ժամ ծափահարել, բայց ինքներս տեսնում ենք, որ որևիցե ծրագիր չի իրականացվում: Հիմա այս ծրագիրն էլ (նկատի ունի Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացնելիք ծրագիրը- հեղինակ) ոչ մի բանով չի տարբերվի մնացածից: Պետք է լինի հնարավորություն, պայման, որ վարչապետը կարողանա իրականացնել այդ ծրագիրը:
- Ասացիք, թե Հ. Աբրահամյանի կառավարության ծրագիրը չի տարբերվի նախորդից: Այդ դեպքում ինչո՞ւ էր ԲՀԿ-ն կառավարությանն անվստություն հայտնում:
- Անվստահություն էինք հայտնում, որ բան փոխվի, բայց բան չփոխվեց:
- Ինչո՞ւ չի փոխվում: Ասում էիք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո շատ բան կփոխվի:
- Դե երկիրը պիտի գումար ունենա, պիտի միջոց ունենա, որ ինչ-որ խնդիրներ, հարցեր կարգավորի, բայց դա չկա: Հիմա շատ բան չի փոխվել, բայց նախկին կառավարությունը (նկատի ունի Տիգրան Սարգսյանի կառավարությունը- հեղինակ) ավելի վատ էր, կոռումպացված էր ավելի, դե հիմա հույս ունենք, որ Հ. Աբրահամյանը դրանք կվերացնի:
Մեկնաբանել