Ինչ ենթատեքստ ունեն մայենդորֆյան հռչակագրի «միջազգային նորմերը»
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայենդորֆյան հռչակագիրը վտանգավոր համարեց առաջին հերթին այն պատճառով, որ ըստ այդ հռչակագրի` կողմերը պարտավորվել են խնդիրը կարգավորել առկա միջազգային իրավական ակտերի հիման վրա։
Եվ ադրբեջանական կողմը, իբրեւ այդպիսիք, առաջին հերթին հղում է կատարելու Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ 1993 թ. ընդունված ՄԱԿ-ի 4 հայտնի բանաձեւերին, որոնցով Անվտանգության խորհուրդն ուղղակիորեն սատարում է «Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը», ինչպես նաեւ «միջազգային սահմանների անխախտելիությունը եւ տարածքների ձեռքբերման համար ուժի կիրառման անհանդուրժելիությունը»։
Հենց նույն պատճառով Մոսկվայում ստորագրված այդ հռչակագիրը խոցելի համարեց նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով դեռ մի քանի ամիս առաջ, ներգրավված լինելով բանակցային գործընթացում, պաշտոնապես հայտարարում էր, թե Հայաստանը պատրաստ է բանակցությունները շարունակել մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որն ընկած է մայենդորֆյան հռչակագրի հիմքում։
Ադրբեջանական կողմը, պաշտոնական թե ոչ պաշտոնական մակարդակներով, այդ ընթացքում փորձում էր համոզել, թե քանի որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ի սկզբանե ընթանում է ԵԱՀԿ շրջանակներում, ապա պետք է հաշվի առնվեն միայն այդ կազմակերպության կողմից ընդունված իրավական ակտերը։ Եվ իբրեւ այդպիսին վկայակոչվում են 1975 թ. Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդի կողմից ընդունված հիմնարար «Եզրափակիչ ակտով» սահմանված նորմերը, որոնք միանշանակորեն երաշխավորում են տարածքների եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ առաջիկայում քննարկումների, բանավեճերի եւ ընդհանրապես քարոզչական պատերազմների հիմնական թեման լինելու է այն հարցը, թե ո՞ր իրավական ակտերն են հաշվի առնվելու կարգավորման գործընթացում, որքանո՞վ են դրանք բխում այս կամ այն կողմի շահերից։
Ակնհայտ է, որ իսկապես, Ղարաբաղյան կարգավորման համար հաշվի են առնվելու ԵԱՀԿ, ՄԱԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված միջազգային իրավական ակտերն այն պարզ պատճառով, որ անդամակցելով այդ կազմակերպություններին` թե' Հայաստանը, եւ թե' Ադրբեջանը, փաստորեն, ստորագրել են դրանց տակ, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թ. ընդունված վերոնշյալ 4 բանաձեւերը, որոնք չնայած զուտ խորհրդապահական նշանակություն ունեն, սակայն տրված ձեւակերպումների, մոտեցումների իմաստով լինելու են բոլորի ուշադրության կենտրոնում։ Սակայն պնդել, որ այդ բանաձեւերը միանշանակորեն բխում են Ադրբեջանի շահերից, ուղղակի մոլորություն կլիներ, եւ ահա թե ինչու։
Իսկապես, այդ բանաձեւերը միանշանակորեն պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքիշխանությունը, մյուս կողմից` Լեռնային Ղարաբաղը նշվում է իբրեւ Ադրբեջանի մաս. «կոնֆլիկտ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում»։
Սակայն, այդ բանաձեւերում չի նշվում, թե ով է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ավելին, իբրեւ այդպիսի կողմ, նշվում է միայն անորոշ «օկուպացիոն ուժերի» ամբողջական եւ անվերապահ դուրսբերման մասին։ Ավելին` ՄԱԿ-ի ԱԽ-ի 1993 թ. վերջին՝ նոյեմբերի 12-ին ընդունված բանաձեւում նշվում է, թե ԱԽ-ն «կոչ է անում Հայաստանի կառավարությանն օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերը պահպանեն ԱԽ կողմից ընդունված բանաձեւերի պահանջների կատարումը եւ ապահովի, որպեսզի ռազմական գործողությունները շարունակելու համար ներգրավված ուժերին միջոցներ չտրամադրվեն»։ Այլ կերպ ասած՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիտը հենց ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից մեկնաբանվել եւ մատուցվել է որպես Ադրբեջանի ներքին, այսինքն` էթնիկ միավորի ինքնորոշման խնդիր, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե հակամարտության կողմ, այլ ընդամենը «Ղարաբաղի հայերի վրա ճնշում գործադրելու» պոտենցիալ ունեցող երկիր, ինչը, անշուշտ, նաեւ հայկական կողմին մանեւրելու հնարավորություններ է տալիս։
Հետեւաբար, սա ոչ թե հայ-ադրբեջնական կոնֆլիկտ է, ինչպես, վերցնելով ադրբեջանցիներից, թյուրիմացաբար կրկնում են նույնիսկ հայ փորձագետները, այլ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտ։ Ահա այս հանգամանքի վրա շեշտադրումները կատարելիս հայկական կողմը ոչ միայն կարող է նույն ՄԱԿ-ի բանաձեւերի վրա հղում կատարելով պնդել, որպեսզի ԼՂ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ, այլեւ բանակցություններից դուրս գալու սպառնալիք ներկայացնի անհրաժեշտ պահին։
Երբ կոնֆլիկտը դիտարկվում է որպես էթնիկ միավորի ինքնորոշման խնդիր, ապա գոյություն չունի որեւէ միջազգային իրավական ակտ, որը տարածքային ամբողջականության սկզբունքին հեգեմոնության կարգավիճակ տա։ Դա հիանալի հասկանում են նաեւ Ադրբեջանում, եւ հենց դա է պատճառը, որ նրանք ամեն ջանք գործադրում են, որպեսզի հակամարտությունը ներկայացվի ոչ թե որպես ներքին, ղարաբաղցիների ինքնորոշման խնդիր, այլեւ հատկապես հայաստանա-ադրբեջանական կոնֆլիկտ Ղարաբաղի տարածքի համար, որտեղ պարզից էլ պարզ է, որ Հայաստանը, ուզի թե չուզի, հանդես է գալու իբրեւ ագրեսոր, որը Ղարաբաղի տարածքին տիրանալու համար խախտել է սուվերեն երկրի միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքը եւ օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը։
Հետեւաբար, ըստ Ադրբեջանի, խնդիրը ոչ թե Ղարաբաղի, այլ հենց Հայաստանի հետ է։ Իսկ այդ դեպքում Հայաստանը դառնում է ԵԱՀԿ 1975 թ. «Եզրափակիչ ակտ»-ով սահմանված առաջին («Ինքնավարության իրավահավասարություն, ինքնիշխանությանը հատուկ իրավունքների հարգում»), երկրորդ («Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում») եւ երրորդ («Սահմանների անխախտելիություն. մասնակից պետությունները միմյանց եւ Եվրոպայի բոլոր երկրների սահմանները ճանաչում են որպես անխախտելի եւ դրա համար նրանք հիմա եւ ապագայում ձեռնպահ կմնան այդ սահմանների նկատմամբ ցանկացած նկրտումներից») եւ չորրորդ՝ («Պետության տարածքային ամբողջականություն...անդամ-պետությունները կհարգեն յուրաքանչյուր անդամ պետության տարածքային ամբողջականությունը») սկզբունքները։
Հենց դրանց է հղում կատարում ադրբեջանական կողմը, երբ պնդում է, թե մայենդորֆյան հռչակագիրը ենթադրում է առաջին հերթին ԵԱՀԿ «Եզրափակիչ ակտով» սահմանված նորմերի կատարում։ Մինչդեռ նույն, ունիվերսալ այս փաստաթուղթը շատ կոնկրետ խոսում է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքից, որի մասին, չգիտես ինչու, բոլորը լռում են։ Դրանք սահմանված են «Եզրափակիչ ակտի» յոթերորդ՝ («Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգում՝ ներառյալ մտքի, խղճի, կրոնի եւ համոզմունքների ազատությունը. անդամ պետությունները, որոնց տարածքում կան ազգային փոքրամասություններ, նրանց կտրամադրեն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կիրառման լիարժեք իրավունք եւ այդ կերպ կպաշտպանեն նրանց օրինական շահերն այդ ոլորտում»), եւ ութերորդ («Սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովուրների իրավունքը եւ իրավահավասարությունը...բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիարժեք ազատության պայմաններում երբ եւ ինչպես որոշելու՝ իրենց ներքին եւ արտաքին քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության»)։
Ճիշտ է՝ այնտեղ նշվում է նաեւ, որ պետք է հաշվի առնվի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն պետք է ըմբռնել, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին կայացած հանրաքվեն հենց այդ սկզբունքի հարգման եւ կիրառման արդյունք էր՝ անկախ նրանից՝ պաշտոնական Բաքուն ճանաչու՞մ է դրանց արդյունքները, թե՞ ոչ։ Եվ հիմա հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լինի այդ հանրաքվեի արդյունքների միջազգայնորեն լեգիտիմացումը, ինչը հնարավոր է միմիայն ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացում ներգրավվելու միջոցով։
Բոլոր դեպքերում չափազանց անլուրջ է նաեւ Ադրբեջանի այն պնդումը, թե բանակցությունները պետք է հիմնված լինեն միայն ԵԱՀԿ շրջանակներում ընդունված նորմերի հիման վրա, որովհետեւ միջազգայնորեն ընդունված սկզբունքները ունիվերսալ են եւ այս կամ այն ձեւակերպմամբ ընկած են գրեթե բոլոր հիմնարար միջազգային պայմանագրերի, պակտերի հիմքում։ Նույն ԵԱՀԿ «Եզրափակիչ ակտ»-ում բազմիցս հղում է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ հատկապես «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտին», որոնք եւս այդ սկզբունքներից որեւէ մեկին առավելություն չեն տալիս։
ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին հոդվածը շեշտում է. «Բարիդրացիական հարաբերություններ հաստատել ազգերի միջեւ՝ հիմնված իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա..»։ Իսկ 4-րդ կետի տակ նշվող պայմանը՝ «ՄԱԿ-ի անդամներն իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից ինչպես տարածքային անձեռնմխելիության կամ ցանկացած երկրի քաղաքական անկախության դեմ», ոչ թե ներքին խնդիրների կարգավորմանն է վերաբերում, այլ երկրների, պետությունների միջեւ հարաբերություններին եւ ոչ մի կապ չի կարող ունենալ ԼՂ հիմնահարցի հետ։
Իսկ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը» առավել քան պարզ հռչակում է. «Բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը։ ...Այս պակտին մասնակից բոլոր պետությունները, ներառյալ նրանք, որոնք պատասխանատվություն են կրում ոչ ինքնավար եւ ենթակա տարածքների համար, պետք է ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան ընդլայնեն ինքնորոշման իրավունքի իրացումը եւ հարգեն այդ իրավունքը»։
Հետեւաբար, մայենդորֆյան հռչակագրում հակամարտությունը միջազգային նորմերին համապատասխան քաղաքական բանակցությունների միջոցով լուծելու մասին հիշատակումը, բացի վտանգներ պարունակելուց, նաեւ հայկական կողմին բանակցություններում մանեւրելու, կռվաններ գտնելու եւ կորցրած դիրքերը վերադարձնելու հնարավորություններ է տալիս։ Խոսքն առաջին հերթին ԼՂՀ-ի՝ բանակցություններում անպայմանորեն, որպես լիարժեք անդամ ներգրավվելու մասին է։ Դժվար է ասել՝ արդյոք վերոնշյալ իրողությունների հիման վրա հայկական դիվանագիտության ճնշման արդյու՞նք էր Մինսկի խմբի համանախագահների աննախադեպ երկարատեւ այցը Ստեփանակերտ։ Սակայն դա լուրջ նախադրյալ է եւ կարող է նոր հեռանկարներ բացել բանակցություններում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել