HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության նոր ծրագրի շուրջ քառյակը «բավական մոտ» տեսակետներ ունի

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօր համատեղ դռնփակ նիստում քննարկել են կառավարության նոր ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու հարցը: Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ բավական բովանդակալից քննարկում է անցկացվել ու արդյունքում պարզվել է՝ չորս խմբակցությունները կառավարության ծրագրի շուրջ «բավական մոտ տեսակետներ» ունեն:

«Ուստի մենք հույս ունենք, որ քվեարկության օրը կունենանք միասնական դիրքորոշում»,-նշեց Լ..Զուրաբյանը :

«Հետք»-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում ունենալ «բավական մոտ տեսակետներ», երբ քառյակի ուժերից երկուսը կառավարության ծրագրի շուրջ առաջարկներով են հանդես եկել, երկուսը՝ ոչ, ինչն արդեն խոսում է տարաձայնությունների մասին, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում շատ խորանալ այդ հարցի մեջ, որովհետև հանրությանը մենք չենք ներկայացնում մեր հակասությունները, ներկայացնում ենք համաձայնությունները: Տարաձայնություններ, բնականաբար, լինում են, բայց երբ հասնում ենք միասնական դիրքորոշման, այդ մասին ասում ենք: Ես չեմ ուզում ասել, թե որ խմբակցությունը ինչ դիրքորոշում ունի, ես կարող եմ խոսել միայն Կոնգրեսի անունից»:

Հարցին, թե արդյոք քառյակը քննարկո՞ւմ է կառավարության այլընտրանքային ծրագիր ներկայացնելու հարցը, ՀԱԿ խմբակցության ղեկավարը բացասական պատասխան տվեց. «Ոչ, նման առաջարկ քառյակը չի քննարկել, ոչ մեկի կողմից առաջարկ՝ միասնական ծրագիր ստեղծելու մասին, չի եղել: Չկա նաև այս պահին նշմարվող քաղաքական հեռանկար, որ դրա անհրաժեշտությունը լինի»:

Նա նաև փոխանցեց, որ ոչ իշխանական չորս ուժերը քննարկել են միասնական քաղաքական օրակարգի ձևավորումն ու հանրային միջոցառումների անցկացումը: Այս առնչությամբ, Զուրաբյանի խոսքով, իրենք որոշել են ձևավորել համատեղ պահանջների ցանկ և այն ուղարկել իշխանությանը: «Կձևավորվի օրակարգ, պահանջների ցանկ, ինչի համար մենք նախատեսել ենք մեկ շաբաթ: Այս ընթացքում չորս քաղաքական ուժերը պետք է ձևավորեն ընդհանուր պահանջների ցանկ, իսկ հետո քառյակը կսկսի միջոցառումների շարք»,- նշեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ քառյակը որոշել է ժողովրդին մասնակից դարձնել քաղաքական ողջ գործընթացին, մասնավորապես՝ քաղաքական այս օրակարգի հաստատման փուլին, ուստի, Լևոն Զուրաբյանի խոսքով, իրենք կառաջնորդեն ժողովրդին քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում՝ կանցկացնեն հանրահավաք:

«Մենք որոշել ենք անցկացնել համատեղ հանրահավաք, որի նպատակը պետք է լինի հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը: Թե ե՞րբ կլինի այս հանրահավաքը, շարունակում է մնալ մեր քննարկումների առարկան, բայց այն, որ հանրահավաք կլինի, միասնական դիրքորոշում է: Ես վստահ եմ, որ երբ քառյակը Ազատության հրապարակում կանցկացնի հանրահավաք, ողջ ժողովուրդը կգա ու այդ օրվանից սկսկած Հայաստանում քաղաքական իրավիճակն արմատապես կփոխվի»:

Ի դեպ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր ոչ իշխանական չորս խմբակցությունների քառյակը որակել էր «դավաճան քառյակ», ինչի առնչությամբ Լ. Զուրաբյանը հեգնեց. «Քանի որ Պ. Հայրիկյանն աշխարհի ամենախելոք մարդն է, ես իր ասելիքները չեմ մեկնաբանում: Ինքը այդպե՞ս է չէ՞ կարծում...»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter