
Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի 5-րդ փորձը
Նոյեմբերի 13-ին Իջեւանում տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: 1999 թվականից քաղաքը ղեկավարող Վարուժան Ներսիսյանի համար սա քաղաքապետ ընտրվելու թվով հինգերորդ փորձն է:
Վարուժան Ներսիսյանը խորհրդային իշխանության վերջին տարիներին Իջեւանի ՀԼԿԵՄ առաջին քարտուղարն էր, ԽՄԿԿ անդամ: 1999 թվականին Վ. Ներսիսյանը քաղաքապետ ընտրվեց՝ որպես անկուսակցական: 12 տարի շարունակ նա անկուսակցական էր: Այս տարի Վ. Ներսիսյանն անդամագրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Սակայն Իջեւան համայնքի ղեկավարի առաջիկա ընտրություններում նա հանդես է եկել ոչ թե ՀՀԿ-ի առաջադրմամբ, այլ ինքնառաջադրմամբ:
Թեկնածու գրանցվելու համար Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ) անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել նաեւ ԲՀԿ անդամ, Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը, «Դավսեր» ՍՊԸ-ի փոխտնօրեն եւ «Ար-Նար» բարեգործական հիմնադրամի նախագահ , ՀՀԿ անդամ Արծրունի Ղալումյանը, անկուսակցական, ներկայումս չաշխատող Աշոտ Բեգինյանը եւ Իջեւանի քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը:
Ընդ որում՝ Կարեն Օթարյանը թեկնածու գրանցվելու համար Իջեւան քաղաքում գտնվող թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել թեկնածուներից ամենավերջինը՝ հոկտեմբերի 14-ին:
Կարեն Օթարյանի կողմից գրանցման համար հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելուց հետո, հոկտեմբերի 14-ին՝ արդեն ժամը 18:00-ից հետո, իր թեկնածությունը չգրանցելու համար հանձնաժողովին դիմում է գրել Աշոտ Բեգինյանը:
36-ամյա Աշոտ Բեգինյանի մասին Իջեւան քաղաքում շատերին էի հացուփորձ արել, սակայն նրան ոչ ոք չէր ճանաչում: Թիվ 41 ԸԸՀ-ից տեղեկացա, որ նա նախկինում Իջեւանին հարակից Գանձաքար գյուղի բնակիչ էր, Իջեւան քաղաքում գրանցվել է այս տարվա մարտի 5-ին:
Հանձնաժողովում Աշոտ Բեգինյանն իր թեկնածությունը չգրանցելու դիմումի մեջ «չգրանցել» բառը գրել էր առանց «ր»-ի` «չգանցել»: Թիվ 41 ԸԸՀ անդամ Սոնա Մեհրաբյանն ասաց, որ նման դիմումը կարող է հետո այլ կերպ մեկնաբանվել, եւ Բեգինյանից պահանջել են «հրաժարականի» նոր դիմում գրել:
Քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղալումյանն Իջեւանի ավագանու այն 8 անդամներից է, ովքեր 2009թ. հոկտեմբերին անվստահություն էին հայտնել քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Դրանից հետո քաղաքապետ Ներսիսյանը ավագանու նիստերին անհարգելի բացակայության պատճառաբանությամբ դադարեցրեց այդ 8 անդամներից 5-ի (այդ թվում` Վարդան Ղալումյանի) լիազորությունները: Վերջիններս քաղաքապետի որոշումը բողոքարկեցին դատարան, սակայն դատական երկար գործընթացներից հետո քաղաքապետի որոշումը մնաց ուժի մեջ:
Վարդան Ղալումյանն այս տարվա մայիսի 31-ին կրկին ընտրվեց Իջեւան համայնքի ավագանու անդամ: Վարդան եւ Արծրունի Ղալումյանները հեռավոր բարեկամներ են: Արծրունի Ղալումյանը ՀՀԿ Իջեւանի քաղաքային կառույցի ղեկավարն է: Կարող է թվալ, թե քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանի առաջադրումը նրա եւ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ինչ-ինչ հակասությունների հետեւանք է: Սակայն իրականում նման բան չկա: Հավանաբար, պատահական չէր, որ Կարեն Օթարյանի կողմից թիվ 41 ԸԸՀ հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելուց հետո Աշոտ Բեգինյանը նույն հանձնաժողովին դիմեց «խաղից իր դուրս գալու մասին»:
Դժվար թե որեւէ մեկը հավատա, որ Աշոտ Բեգինյանը կարող էր քաղաքապետ ընտրվել: Ըստ երեւույթին, երկու թեկնածուով հանդես գալը քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին մանրեւելու ինչ-ինչ հնարավորություններ է տալիս, եւ համար պահին քաղաքապետից կամ նրա տեղակալից որեւէ մեկը հրաժարվելու է քաղաքապետի աթոռի համար հետագա պայքարից: Մեր կարծիքով` քաղաքապետ ընտրվելու համար իրական պայքարը ծավալվելու է Արծրունի Ղալումյանի եւ Վարուժան Ներսիսյանի միջեւ:
Արծրունի Ղալումյանը ղեկավարում է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն, որը մեծ աշխատակազմ ունի եւ տարեկան մի քանի հարյուր միլիոն հարկ է մուծում պետական բյուջե: Մինչ քաղաքապետի հերթական ընտրություններ դեռ բավական ժամանակ կա, եւ սպասվում են նոր զարգացումներ:
Հոկտեմբերի 14-19-ը տեղի կունենա թեկնածուների գրանցումը, նախընտրական քարոզարշավը կտեւի հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 11-ի կեսգիշեր: Վարուժան Ներսիսյանը 5-րդ անգամ է փորձում քաղաքապետ ընտրվել:
Նախորդ ընտրություններից հետո, ի նշան ընտրություններում տեղ գտած խախտումների, Իջեւանում բողոքի ցույցեր էին կազմակերպվել, նաեւ ընտրակեղծիքների առնչությամբ թեկնածուների կողմից դատական հայցեր էին հարուցվել :
Իջեւանի ավագանու 2011թ. մայիսի 31-ի ընտրություններն անցան մեծ մրցակցության պայմանններում, սակայն առանց ընտրական խախտումների եւ բողոքների: Դա հույս է ներշնչում, որ նոյեմբերի 13-ի ընտրություններն էլ կկայանան առանց ընտրախախտումների:
Մեկնաբանել